Բաժիններ՝

«Կաթի փոշին սարքում են կաթ, տալիս են ժողովրդին, կաթն էլ ջրի գնով մթերում են». Հրաչ Բերբերյանը՝ կաթի մթերման գնի վերաբերյալ

Մամուլի հրապարակումների համաձայն՝ կաթ մթերող ընկերությունները, արդեն մի քանի օր է՝ իջեցրել են կաթի մթերման գինը: Եվ եթե նախկինում մթերում էին 130 դրամով, ապա այսօր մթերումը կատարվում է 120 դրամով։

«Ագրագյուղացիական միավորում» հ/կ նախագահ Հրաչ Բերբերյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կաթի գնի հետ կապված խնդրին, նկատեց՝ խնդիրը նոր չէ, այն ունի 4-5 տարվա պատմություն, երբ բոլոր գործարանները միմյանց հետ պայմանավորվել էին ու որոշել նվազեցնել կաթի գները։

«Մի ընկերություն կար, կոնկրետ անձ, որը ներկրում էր ուկրաինական կաթի փոշի, որն ավելի շատ աղբ էր, Հայաստան մեծ քանակությամբ կաթի փոշի էր ներկրել։ Մի քանի ներկրող էին, բայց կոնկրետ մեկի անունն էր շրջանառվում, այս պահին անունը տալ չեմ կարող։ Կառավարությունը սրա դեմ չպայքարեց, ոչինչ չարեց տեղական արտադրողին պաշտպանելու համար։ Կաթի փոշիով պատրաստված կաթը խանութներում հայտնվեց անարատ կաթի անվան տակ։ Քանի անգամներ է Սննդի անվտանգության ծառայությունն ահազանգել, որ կեղծիքներ կան։ Բայց Կառավարությունը դրա դեմ չպայքարեց»,- ասաց Հրաչ Բերբերյանը։

Նրա խոսքով՝ այս անտարբերությունն էլ հանգեցրեց նրան, որ մոտ 60 հազար գլուխ խոշոր եղջարավոր անասուն  2016-17 թվականներին անկում ապրեց, որից 30 հազար գլուխը կթու կովեր են եղել։

«Եթե Կառավարությունում մարդ կար նստած, որը գյուղատնտեսությունից ու անասնապահությունից հասկանում էր, պետք է հստակ բարձրաձայներ, որ այդքան գլուխ անասունի անկումը մեծ հարված է գյուղատնտեսությանը։ Դե թող հիմա էլ քայլեր անեն, որ գոնե 4-5 տարում կարողանան այդ գլխաքանակը վերականգնեն, ոչ թե գնան արտերկրից անասուն բերեն։ Այ մարդ, տեղականը թող կարողանան պահպանեն, նոր գնան դրսից անասուն բերեն։

Այսինքն՝ պարզ բան է տեղի ունենում. կաթի փոշին սարքում են կաթ, տալիս են ժողովրդին, կաթն էլ ջրի գնով մթերում են, այստեղ բարդ բան չկա, ու պարզ չէ՞, որ կաթ մթերողներին ձեռնտու է, որ էժան գնով մթերումն անեն։ Սա նույնն է, որ պահածոների գործարանին ֆինանսավորում են, բայց նույն գործարանը դրսից տոմատի մածուկ է բերում, փաթեթավորում ու ծախում ժողովրդի վրա։ Դրա համար էլ մեր տոմատի մածուկի արտադրությունը կանգնեց։ Այսինքն՝ Կառավարությունն այնպիսի քայլեր է անում, որ տեղական արտադրությունն աստիճանաբար զիջում է դրսի արտադրությանը: Չզարմանաք, եթե Հայաստանում հայտնվի թուրքական ծիրան»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։

Ըստ նրա՝ ՀՀ վարչապետը խոսում է գյուղատնտեսության զարգացումից, բայց մյուս կողմից էլ՝ կաթի գներն են նվազեցնում, ուստի այս պարագայում չպետք է սպասել, որ գյուղացին անասուն կպահի կամ կզբաղվի գյուղատնտեսությամբ։

«Այ մարդ, այդ ո՞ր «խելոքն» է այդ ծրագրերը մշակում, թող մեր ձեռքը տան, հարցերը կլուծենք, որովհետև անընդհատ ծրագրեր են ներկայացնում, բայց հեղինակին չգիտենք, միայն գիտենք, որ գյուղատնտեսության անվան տակ փողեր են լվանում։

Օրինակ՝ գյուղապահովագրության համակարգի ներդրումը, արդեն երրորդ անգամ են այդ ծրագիրը ձախողում, կամ անասնագլխաքանակի ներկրումը, մի կողմից՝ ներկրում են, մյուս կողմից՝ ոչնչացնում, գյուղացու անվան տակ գումար են մսխում, ձեռքերը տաքացնելու հեշտ ձևը գտել են»,- շեշտեց Հրաչ Բերբերյանը։

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, որ Երևանի կոնյակի գործարանը 10 դրամով ավելացնելու է խաղողի մթերման գինը, Հրաչ Բերբերյանն ասաց, որ այդ մասին խոսելը դեռ վաղ է՝ աշնանն ամեն ինչ կտեսնեն։

«Եթե ճիշտ աշխատեն, ոչ թե 10, այլ 50 դրամով կարող են ավելացնել։ Գործարանների հետ տնտեսական լծակները ճիշտ չեն կիրառում։ Բոլորս էլ գիտենք, որ գյուղացու խաղողի վրա գործարանը գերշահույթ է ստանում»,- եզրափակեց Հ. Բերբերյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս