Ի՞նչ է թաքնված պաշտոնանկությունների «շքերթի» տակ

Երեկ երեկոյան տեղեկացրել էինք, որ նույն օրվա ընթացքում անհասկանալի պաշտոնանկություններ են արվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում։ Նախ, ԶԼՄ-ների և քաղաքական շրջանակների համար, առաջին հերթին՝ աչքի զարնեց ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանի մոր՝ վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետ Մարգարիտա Ազարյանի պաշտոնանկությունը։ Վերջինս կադրերի վարչության պետ էր նշանակվել դեռևս 2011 թվականին։

Նիկոլ Փաշինյանի հրամանագրով աշխատանքից ազատվել էին նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Արթուր Սարգսյանը (այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից), արարողակարգի պատասխանատու Ալեքսանդր (Ալիկ) Մխիթարյանը։ 2011-2018 թվականներին Մխիթարյանն աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ էր, իսկ հեղափոխությունից հետո նշանակվել էր վարչապետի արարողակարգի պատասխանատու։

Ինչպես արդեն նշել էինք, 168.am-ի տեղեկություններով՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև կառավարության Իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանն ու Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանը, ով ևս երկար տարիներ զբաղեցնում էր այդ պաշտոնը:

Ի դեպ, կառավարության պաշտոնական կայքէջում Հայկ Մալխասյանի և Ամալյա Ենգոյանի պաշտոնանկության մասին տեղեկատվություն չկա։ Պատճառն այն է, որ կառավարությունը նրանց աշխատանքից ազատել է՝ դրա իրավունքը չունենալով։ Բանն այն  է, որ պաշտոնից ազատելու իրավունք կառավարությունը չունի, քանի որ վերջիններս քաղծառայող են և միայն սեփական դիմումի համաձայն կարող են աշխատանքից ազատվել։ Մալխասյանն ազատման դիմում դեռևս չի գրել, իսկ Ամալյա Ենգոյանն արձակուրդում է, և նրանց հրահանգվել է գալ և ազատման դիմումներ գրել։ Ի դեպ, Մարգարիտա Ազարյանը ևս քաղծառայող էր, սակայն, ըստ մեր աղբյուրների, նա ազատման դիմում է ներկայացրել։

Այս տարօրինակ պաշտոնանկությունների շուրջ տարբեր վարկածներ են շրջում։

Երեկ երեկոյան մեզ հասած տեղեկություններով՝ անհասկանալի այս ազատումների պատճառը երկու հանձնաժողովների նախագահների վերանշանակումների ձգձգումն է եղել: Նույն աղբյուրները, սակայն, չէին կարողանում հասկանալ, թե խնդիրը կարգավորելու փոխարեն՝ ինչո՞ւ է ընտրվել պաշտոններից հեռացումը, առավել ևս, երբ նշված պաշտոնյաներից ոմանց գործունեությունը միմյանց հետ անմիջապես փոխկապակցված չէ:

Factor.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են վարչապետի աշխատակազմի աշխատակիցներն ազատվում աշխատանքից, ասել է.

«Արարողակարգի աշխատակիցը տեղափոխվել է պետական արարողակարգի ծառայություն, իսկ մյուս երկուսի վերաբերյալ օրենքի սահմաններում, հղումներ անելով համապատասխան կարգավորումների վրա, որոշում է կայացվել»: Վլադիմիր Կարապետյանը, սակայն,  չի մեկնաբանել վարչապետի աշխատակազմի Իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանի ու Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանի  պաշտոնանկությունների մասին տեղեկատվությունը. «Ես չեմ կարող այս պահին մեկնաբանել նման տեղեկությունները»:

Բնականաբար, չէր մեկնաբանի, քանի որ Վ. Կարապետյանն էլ գիտի՝ նրանք քաղծառայող են, և ապօրինի են նրանց աշխատանքից ազատման որոշումները։ Նրանք կարող են ազատվել, ինչպես արդեն նշեցինք, միայն սեփական դիմումների համաձայն։

Ի դեպ, բոլորի մասին կառավարության նախկին և ներկա աշխատակիցներն ափսոսանքով են խոսում, ասում են՝ լուրջ պրոֆեսիոնալներ էին։

Արթուր Սարգսյանի և Ալեքսանդր Մխիթարյանի զբաղեցրած պաշտոնները հայեցողական էին։ Վերջինս վարչապետի աշխատակազմ գործուղված էր ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ)։ Որպես կանոն՝  արտաքին կապերի ու արարողակարգի ղեկավարները հիմնականում ԱԳՆ կադրերն են, որոնք գործուղվում են տվյալ կառույց, աշխատանքից ազատվելու դեպքում՝ վերադառնում են ԱԳՆ։

Այսօր արդեն նոր վարկածներ են շրջանառվում՝ թե ներքաղաքական շրջանակներում, թե սոցիալական ցանցերում։

Ի դեպ, օրեր առաջ Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատեր Վահագ Աղաբեկյանի երկու գրառումներն այս օրերին բուռն քննարկումների առիթ են դարձել։ «Մեկը կարա՞ բացատրի, թե էդ ո՞նց ա ստացվում, որ Աննա Հակոբյանն ու Ալիևի կինը` Մեխրիբան Ալիևան Փարիզ-Նյու Յորք ինքնաթիռի 1-ին կարգում (էդ սալոնում 8 տեղ ա եղել, մնացած 6 տեղը դատարկ ա եղել) «պատահաբար» իրար կողք նստած են թռնում` 9.5 ժամ ու սաղ սալոնը դատարկ է, մենակ իրենք են: 1 ժամ առաջ է թռել ինքնաթիռը Փարիզ: Սենց պատահականություն չի լինում էլի: Ի՞նչ են բանակցում մադամները , ո՞ւմ անունից: Ո՞վ է կազմակերպել, էս ի՞նչ ճաշ ա եփվում»,- գրել էր օգտատերը՝ նշելով, որ իր փեսան լուսանկարել է, ինքնաթիռի մեջ այլ հայեր էլ են եղել, և շուտով կհրապարակի այդ լուսանկարը:

Սոցիալական ցանցում Աղաբեկյանի այդ գրառման տակ մարդիկ կասկածներ էին հայտնել տեղեկատվության իրական լինելու մեջ, ինչին ի պատասխան՝ նա լրացում էր կատարել. «Ինչ-որ մի Հովո անունով տղա ա գնացել փեսիս (փեսես ասում էր՝ երևի ախրաննիկն ա), բա լավով խնդրում եմ, բաց ջնջի էդ նկարը իմ ներկայությամբ: Ասել ա՝ քո անվտանգության համար եմ ասում», և ավելացրել, որ լուսանկարը չի ջնջվել, և անպայման կհրապարակի։

Այսօր արդեն նույն Վահագ Աղաբեկյանը մեկ այլ գրառում է կատարել՝ բաց նամակ ուղղելով Նիկոլ Փաշինյանին.

«Բաց նամակ Նիկոլ Փաշինյանին.

Նիկոլ, դու էսօր աշխատանքից հանել ես քո պրոտոկոլի ղեկավարին` Ալիկին: Քո աշխատակազմում շատերը գիտեն, որ Աննան Ամերիկայից զանգել ասել է, թե իբր Ալիկն է ինձ ինֆոն տվել, որ Աննան ու Ալիևի կինը իրար կողք նստած Փարիզից թռել են Նյու Յորք` լույս ապրիլի 1-ի գիշերը AF 0092 ռեյսով: Ալիկին ես դեմքով դաժե չգիտեմ, ինքը ոչ մի կապ չունի էս ինֆորմացիայի հետ: Սամալյոտում Աննային ու Մեհրիբանին իրար կողք նստած տեսել է փեսաս (ֆոտո էլ ունի): Ես գիտեմ, որ դու իմ էջը կարդում ես. էդ տղից իզուր վրեժ մի լուծի, ինքը կապ չունի, հետ տար իր գործին: Համ էլ հասկացի, որ դու ընտանիքով մանրադիտակի տակ եք` Շվեյցարիաներից սկսած… հասկացար՝ ինչ եմ ակնարկում: Սիրմաքեշը բացբերան մարդ ա…»։

Ինչևէ։ Տարօրինակ խմորումներ են տեղի ունենում կառավարման համակարգում։ Մի կողմից՝ հեղափոխությամբ իշխանության եկած ոչ փորձառու պաշտոնյաները միմյանց դեմ են պայքարում՝ ճամբարների բաժանվելով, մյուս կողմից՝ չեն հանդուրժում կառավարությունում տեղ զբաղեցրած այն պաշտոնյաներին, ովքեր աշխատել են նաև նախկին իշխանությունների օրոք և ունեն կառավարման կենսափորձ և մասնագիտական անցած լուրջ ճանապարհ։ Ինչպես բազմիցս նշվել է մամուլում՝ կա Նիկոլ Փաշինյանի թև, Արարատ Միրզոյանի, Ալեն Սիմոնյանի, Տիգրան Ավինյանի, Էդուարդ Աղաջանյանի, Մհեր Գրիգորյանի, որոնք առիթը բաց չեն թողնում միմյանց դեմ ընդհատակյա «բոչկաներ» գլորելու։ Վերջիններս պայքարում են իրենց «մարդկանց» տարբեր մեծ ու փոքր պաշտոններում նշանակելու՝ այդպիսով վերահսկելով ներիշխանական մուտիլովկաների հոսքը և ընդարձակելով իրենց ազդեցությունների դաշտը։

Մենք այլ առիթով անդրադարձել էինք Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի, Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանի և ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի նկատմամբ ունեցած «խանդի» դրսևորումներին։

Նա չի հանդուրժում հասարակության կողմից նրանց նկատմամբ օր օրի աճող դրական տրամադրությունները, բարձրացող վարկանիշը։

Առայժմ՝ այսքանը։ Պաշտոնանկությունների այս շքերթին և ներիշխանական պայքարի այս դրսևորումներին կանդրադառնանք առաջիկայում, որովհետև չի բացառվում, որ շուտով ականատես կլինենք աղմկահարույց որոշ հրաժարականների։

Տեսանյութեր

Լրահոս