Անհասկանալի պաշտոնանկություններ Կառավարությունում

Վարչապետի աշխատակազմում այսօր տեղի են ունեցել մի շարք պաշտոնանկություններ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արթուր Սարգսյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնից։ Հիշեցնենք, որ Սարգսյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից։

Նիկոլ Փաշինյանի մեկ այլ որոշմամբ՝ Մարգարիտ Ազարյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնից։ Վերջինս ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի մայրն է։

Վարչապետի արարողակարգի պատասխանատու Ալիկ Մխիթարյանը ևս ազատվել է աշխատանքից։ 2011-2018 թվականներին Մխիթարյանը աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ էր, իսկ հեղափոխությունից հետո նշանակվել էր վարչապետի արարողակարգի պատասխանատու։

168.am-ի տեղեկություններով՝ զբաղեցրած պաշտոններից ազատվել են նաև կառավարության իրավաբանական վարչության պետ Հայկ Մալխասյանն ու Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանը, ով երկար տարիներ զբաղեցնում էր այդ պաշտոնը: Տարբեր վարկածներ են հնչում, սակայն բուն պատճառը դեռևս հայտնի չէ:

Մեզ հասած տեղեկություններով՝ անհասկանալի այս ազատումների պատճառը՝ երկու հանձնաժողովների նախագահների վերանշանակումների ձգձգումն է եղել: Նույն աղբյուրները, սակայն, չեն կարողանում հասկանալ, թե խնդիրը կարգավորելու փոխարեն ինչու է ընտրվել պաշտոններից հեռացումը, առավել ևս, երբ նշված պաշտոնյաներից որոշների գործունեությունը միմյանց հետ անմիջապես փոխկապակցված չէ:

Տեսանյութեր

Լրահոս