«Կեղտոտ հակաքարոզչությունը երկար կյանք չի կարող ունենալ». Ռուդիկ Հյուսնունց (բացառիկ տեսանյութ)
Կեղտոտ հակաքարոզչությամբ որքան էլ փորձեն ստվեր նետել մարդու անցյալի վրա, եթե ասելիքը սուտ է, ապա երկար կյանք չի կարող ունենալ: Այս մասին ասել է Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության անդամ Ռուդիկ Հյուսնունցը՝ անդրադառնով օրերս սոցիալական ցանցերում 1992 թ.-ին Մարտակերտում տեղի ունեցած մի քննարկումից իր խոսքի առանձին հատվածներ կոնտեքստազուրկ կերպով շրջանառության մեջ դնելուն։
«Կադրերում 1992 թ.-ի հուլիսի 2-ին Մարտակերտ քաղաքում Վլադիմիր Բալայանի ջոկատի և մեր մի շարք այլ ազատամարտիկների հետ անցկացված դժվարին քննարկումից հատվածներ են։ Ինչպես գիտեք, ընդամենը 2 օր հետո Մարտակերտ քաղաքն ընկավ։ Ինքնապաշտպանական վերջին մարտին մասնակցել ենք շատ քիչ թվով ազատամարտիկներով։ Ճիշտ է՝ մեզ հաջողվել է թշնամուն թե՛ տեխնիկայի, և թե՛ մարդկային ուժի մեծ կորուստներ պատճառել, բայց քանի որ այդ օրերին աջակցություն գրեթե չունեինք, քանի որ վտանգված էր Ղարաբաղի ամեն կողմը և կաթվածահար՝ մատակարարումը, ստիպված նահանջել ենք՝ ապահովելով խաղաղ բնակչության անվտանգ տարհանումը։
Չլիներ այդ տարհանումը, Մարտակերտում կկրկնվեր Մարաղայի ոճրագործությունը։ Ըստ որում, կկոտորեին ոչ միայն անզեն մարդկանց, այլև շրջափակման մեջ հայտնված ազատամարտիկներին։ Տեսանյութում ես հենց դա եմ ակնարկում՝ խոսելով մարտավարական նահանջի անհրաժեշտության մասին։ Ինչ վերաբերում է «ես չեմ կռվի» չարաբաստիկ հատվածին, ապա դա երրորդ մարդկանց ասած ուրիշի ուղղակի խոսք է, որ մեջբերվում է իմ կողմից, և որը ճարպկորեն առանձնացրել են տեսանյութը շրջանառողները՝ ջանալով տպավորություն ստեղծել, թե ես դա առաջին դեմքից եմ ասում»,- ասել է Ռ․ Հյուսնունցը:
«Ինչ վերաբերում է «մոնտաժի աստվածների» կողմից սպարապետ Վազգեն Սարգսյանի խոսքը տեսանյութում ներդնելուն, ապա ի տարբերություն իրենց՝ չեմ ցանկանում անհարկի շահարկման առարկա դարձնել ազգային հերոսի կամ այդ օրերին գործած այլ անձանց հիշատակը։ Կբավարարվեմ միայն պնդելով, որ Վազգեն Սարգսյանը նկատի ուներ այն հրամատարներին, ովքեր այդ օրհասական պահին մեր հետ չէին, քանզի ես պատերազմի ամբողջ ընթացքում եղել եմ Արցախում»,- նշել է նախկին ազատամարտիկը։
ԱԺ պատգամավորը հիշեցրել է, որ ինքը երկու անգամ միայն մեծամասնական ընտրակարգով Մարտակերտից ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, ինչն անհնար կլիներ, եթե Մարտակերտի պես փոքր տեղանքում իրար ճանաչող ժողովրդի մեջ հարգանք չվայելեր:
«Ամեն դեպքում բարին եմ մաղթում կեղտոտ հակաքարոզչությամբ տարված այս անանուն «հեղինակներին»։ Չկա չարիք, առանց բարիք։ Գուցե թե նրանք չլինեին, ես երբևէ իմ մարտական ուղուն չանդրադառնայի էլ։ Այնուամենայնիվ, կոչ եմ անում քննադատելու դեպքում հանրային ասպարեզ իջնել, այլապես կեղծ էջերով ու ենթադրյալ թաքնված պատվիրատուներով գործողություններ ձեռնարկելը առնվազը բարոյական չէ»,- եզրափակել է Ռ․ Հյուսնունցը։