Ճապոնիայի նոր կայսեր կառավարման ժամանակաշրջանը կկոչվի Ռեյվա
Ճապոնիայի նոր կայսեր կառավարման ժամանակաշրջանն ստացել է Ռեյվա անվանումը: Ապրիլի 1-ին այս մասին հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։ Ուղիղ հեռուստաեթերում նա ցուցադրել է ցուցանակը՝ անվան երկու վայելչագիր հիերոգլիֆներով, որով այժմ կկոչվեն նոր միապետի գահակալման տարիները:«Ռեյվա» բառը պայմանականորեն կարելի է թարգմանել որպես «կարգ ու կանոն եւ ներդաշնակություն»:
Այդ բառն, ինչպես հայտարարել է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղարը, վերցված է ճապոնական պոեզիայի «Մանյոսյու» հնագույն անթոլոգիայից, որը ներառում է բանաստեղծություններ, որոնք գրվել են առավելապես 600 – 759 թվականներն ընկած ժամանակամիջոցում: Կայսեր կառավարման ժամանակաշրջանի անվանումն առաջին անգամ է վերցվում ճապոնական գրականությունից. ավելի վաղ այդ տերմինները սովորաբար փոխառվում էին չինական դասական ստեղծագործություններից: Ճապոնիայի ներկայիս 85-ամյա կայսր Ակիհիտոն գահից կհեռանա ապրիլի 30-ին՝ զառամյալ տարիքի պատճառով սեփական խնդրանքով:
Հաջորդ օրը նոր կայսր կհռչակվի նրա ավագ որդին՝ գահաժառանգ արքայազն Նարուհիտոն: Դա կնշանակի Ռեյվայի ժամանակաշրջանի առաջին տարվա սկիզբը: Ճապոնիայում գործում է թվականության երկու համակարգ՝ ընդհանուր միջազգային եւ սեփական՝ ըստ կայսրերի գահակալության տարիների: Դրան համապատասխան՝ այժմ երկրում միաժամանակ գործում են 2019 թվականը եւ «Հեյսեյ»-ի («Խաղաղության հաստատում») ժամանակաշրջանի 31-րդ տարին, ինչպես կոչվում է Ակիհիտո կայսեր կառավարման շրջանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: