«Ժառանգություն» կուսակցությունը վարչության նոր նախագահ է ն ընտրել

Ժառանգություն» կուսակցության վարչության նոր նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը, Նարինե Դիլբարյանն ընտրվել է փոխնախագահ, Վանիկ Ալեքսանյանը՝ քարտուղար: Ինչպես հայտնում են կուսակցության մամուլի ծառայությունից, ընտրությունները կայացել են  կուսակցության նոր վարչության անդրանիկ նիստում:

Մարտի 31-ին տեղի է ունեցել «Ժառանգության» հերթական՝ 12-րդ համագումարը, որին մասնակցել է 112 պատվիրակ:

Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլի կողմից համագումարի մասնակիցներին ուղղված ողջույնի ու բարեմաղթանքի տեսաուղերձի դիտումից հետո ցուցադրվել է «Ժառանգության» գործունեության մասին պատմող տեսահոլովակ:

Կուսակցության հիմնադիր, խորհրդի նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն իր ելույթում ընդգծել է հայաստանյան նոր իրողություններով պայմանավորված փոփոխությունները, դրանց ընձեռած քաղաքական, քաղաքացիական, ներկուսակցական և կազմակերպչական գործունեության հնարավորությունները, ինչպես նաև այն վտանգներն ու մարտահրավերները, որոնք դեռևս ծառացած են մեր երիտասարդ պետականության առջև:

Հովսեփ Խուրշուդյանը և Անդրանիկ Գրիգորյանը համագումարի դատին են ներկայացրել ծրագրային ու կանոնադրական փոփոխությունների նախագծերը, որոնք, ըստ զեկուցողների, պայմանավորված են ներքաղաքական ու արտաքին քաղաքական օրակարգերում տեղի ունեցած հասարակական-քաղաքական և իրավական փոփոխություններով (ԵԺԿ անդամակցություն, անցում խորհրդարանական կառավարման ձևին և այլն): Կուսակցության համագումարը հավանություն է տվել ներկայացրած ծրագրային ու կանոնադրական փոփոխությունների փաթեթին:

Նոր վարչության կազմում ընտրվել են տնտեսագետներ Գագիկ Մարգարյանը, Ռշտուն Մարտիրոսյանը, Տաթևիկ Գամաղելյանը, Ստեփան Վարդանյանը և Նուբար Հակոբյանը, մանկավարժներ Անդրանիկ Գրիգորյանը, Մարիաննա Ոսկանյանը, Հայկ Գասպարյանը, Մերի Մաթևոսյանը և Արեգ Մկրտչյանը, բանասեր-լեզվաբան Նարինե Դիլբարյանը, ճարտարապետ Աշոտ Սաժումյանը, մանկաբույժ Հասմիկ Ավետիսյանը, լրագրող Վանիկ Ալեքսանյանը և ճարտարագետ Արմենակ Ստեփանյանը:

Տեսանյութեր

Լրահոս