Դավիթ Տոնոյանի խիստ ուշագրավ հայտարարությունները

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պատասխանները «Ամերիկայի Ձայն»-ի հարցերին Նյու Յորքում անցած հարցազրույցի ընթացքում:

«Ես մի քանի անգամ անդրադարձել եմ այդ առաջարկությանը, այդ մտքին։ Զենքի առևտրի շուկան բաց է բոլորի համար։ Սպառազինություններ ու զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ որոշումները կայացվում են համապատասխան գնի, որակի… և այլն հնարավորությանը, եթե չկան որևիցե սահմանափակումներ տվյալ երկրից մատակարարումների համար։ Ես դեռևս երբևիցե չեմ լսել, որ Միացյալ Նահանգների կողմից լինեն ռազմական նշանակության արտադրանքի մատակարարումներ ուղիղ մեր, ոչ տարածաշրջան, բայց Հայաստան կամ Ադրբեջան։ Չի եղել այդպիսի օրինակ։ Եղել է, իհարկե, օրինակ երկակի նշանակության արտադրանքի մատակարարումների։ Այդ հայտարարությունից հետո ոչ մի բան առաջ չի գնացել»,- «Ամերիկայի ձայնի» եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը քննարկում է կամ ապագայում տեսնում է ամերիկյան զենք գնելու հնարավորությունը, ինչը  վերջերս Հայաստան իր այցի ընթացքում առաջարկել էր ԱՄՆ նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը։

Հարցին, թե իրեն՝ որպես պաշտպանության նախարարի, չի՞ խանգարում արդյոք Ամերիկայի հետ ռազմական համագործակցություն զարգացնել՝ Ռուսաստանի զորքերի առկայությունը Հայաստանում, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ ոչ մի ձևաչափով չի խանգարում, քանի որ ռազմական ոլորտում ցանկացած համագործակցություն Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է մեր ազգային շահերից, անվտանգության ապահովման տեսանկյունից՝ ազգային շահերի ապահովման հիման վրա։

Խոսելով այն դիտարկման մասին, թե Սիրիայում պատերազմն արդեն 4 տարուց ավելի սկսվել է, բայց Հայաստանն այնտեղ խաղաղապահներ չէր ուղարկում, բայց փաստորեն, ըստ փորձագետների, Հայաստանը դարձավ առաջին երկիրը, որը Սիրիա խաղաղապահներ ուղարկելու Ռուսաստանի կոչին արձագանքեց, Դավիթ Տոնոյանն ասաց.

«Ռուսաստանի կոչն էլ է առկա, առկա է նաև հայ համայնքի կոչը, առկա է նաև Սիրիայի ժողովրդի կոչը։ Պայմանները հասունացան, ստեղծվեց հնարավորություն, քանի որ Հայաստանի Հանրապետությունն ինքնուրույն տեղակայվելու հնարավորություն չուներ։ Մեզ այդ հարցում աջակցում է Ռուսաստանի Դաշնությունը, մասնավորապես՝ Պաշտպանության նախարարությունը, և մենք շատ ուրախ ենք, որ այդ հնարավորությունը մենք ունենք, քանի որ այլ երկիր այն վայրերում, որտեղ որ գտնվում են հայկական համայնքները, մեզ այդպիսի աջակցության կամ ձեռք մեկնելու առաջարկություն չի արել։ Դուք շատ լավ գիտեք այն երկրները, որոնք որ հիմա ներկա են Սիրիայում այն վայրերում, որտեղ որ շարունակում է արարել հայկական համայնքը։ Ցավոք սրտի, այն վայրերում, որտեղ այլ ուժեր են տեղակայված, հայկական համայնքն ուղղակի կամ բացակայում է, կամ լքել է այդ վայրերը։ Այդ առիթը և հնարավորությունը չօգտագործել մենք չէինք կարող, և ես շատ ուրախ եմ, որ ռուսական կողմն այդ հնարավորությունը տվեց»։

Հարցին, թե չէ՞ր ցանկանա արդյոք մանրամասնել կամ ավելի բացել իր արած աղմկահարույց արտահայտությունը, ՀՀ պաշտպանության նախարարը նշեց, որ չէր ցանկանա։

«Ես ինչ որ ասել եմ, ես ասել եմ, և անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության, հայկական բանակի, Արցախի հետ խոսել ուժի դիրքերից և հայ ժողովրդին վախեցնել հնարավոր պատերազմով։ Ես ինչ որ ասել եմ, ասել եմ՝ որպես պաշտպանության նախարար։ Նորից կրկնում եմ, Հայաստանի և հայ ժողովրդի հետ ուժի դիրքերից խոսել, առնվազն Զինված ուժերի ու պաշտպանության նախարարի հետ, առնվազն անընդունելի է»,- հավելեց ՀՀ ԶՈՒ ղեկավարը։

Իսկ այն հարցին, թե ինչո՞ւ Ադրբեջանն այդ հայտարարությունն ընկալեց՝ որպես ռազմատենչ և կոմպրոմիսների չգնալու հայտարարություն, Դավիթ Տոնոյանը պատասխանեց, որ չի կարող ասել՝ ինչու, բայց երևի թե իրենց հայտարարության պատասխանն ավելի ռազմատենչ էր, իրենց արտգործնախարարության պատասխանն ավելի ռազմատենչ էր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հայաստանում Ռուսաստանի զորքերի առկայությունը չի խանգարում ԱՄՆ-ի հետ ռազմական գործընկերություն զարգացնել՝ զրույց Դավիթ Տոնոյանի հետ

Հայաստանում Ռուսաստանի զորքերի առկայությունը չի խանգարում ԱՄՆ-ի հետ ռազմական գործընկերություն զարգացնել՝ զրույց Դավիթ Տոնոյանի հետՀայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի պատասխանները «Ամերիկայի Ձայն»-ի հարցերին Նյու Յորքում անցած հարցազրույցի ընթացքում:Originally published at – https://www.amerikayidzayn.com/a/4855858.html

Gepostet von Ամերիկայի Ձայն am Sonntag, 31. März 2019

Տեսանյութեր

Լրահոս