Կանանց միամսյակին նվիրված ծեծկռտուք` ԱԻՆ-ում
Արտակարգ իրավիճակների նախարարության ենթակառուցվածքներից մեկն օրերս խնջույք է կազմակերպել՝ աշխատակազմի կանանց տոների միամսյակի առթիվ մեծարելու նպատակով: Կորպորատիվ երեկոն, սակայն, վերածվել է ծեծկռտուքի, միամսյակի երեկոն, մի ամիս է՝ խոսելու նյութ է դարձել:
Աշխատակազմից միջադեպի մանրամասները հումորով են պատմում՝ «30 տարվա հին ու ջերմ կոլեկտիվ ենք, ամեն տարի ավանդաբար կանանց մեծարելու մեծ ու ճոխ կորպորատիվներ ենք արել, բայց առաջին անգամ տղամարդկանցից մեկը որոշեց կանանց մոտ «արտակարգ դրսևորել իրեն», այն աստիճան, որ արտակարգ ձևով փչացրեց մեր տոնն էլ, տրամադրություններս էլ»:
Իսկ «արտակարգ կոլեկտիվը», ինչպես 168.am-ին հաջողվեց պարզել, իրականում Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ակադեմիայինն է եղել: Աշխատակազմը մարտի 8-ին Երևանի ռեստորաններից մեկում ավանդաբար նշել է կանանց միամսյակը։
Ակադեմիան, որտեղ պատրաստվում են փրկարարներ ու ոլորտի մասնագետներ, 30 տարեկան է արդեն, ու այդ ողջ տարիներին գրեթե անփոփոխ աշխատակազմով են գործն առաջ տանում:
Աշխատակազմից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ աշխատակիցները հիմնականում հնաբնակներ են, ամենաքիչը՝ 25 տարվա համատեղ աշխատանք ունեցող մասնագետներ: Ասում է՝ այս անգամ միջոցառումը տապալվել է, որովհետև կոլեկտիվում նորեկներ կան, որոնք հին ու կայուն թիմում իրենց այդքան էլ կոմֆորտ չեն զգում:
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ կռվի հրահրողը ակադեմիայի 3-4 տարվա փորձառություն ունեցողներից մեկն է եղել՝ Արտաշեսը, իսկ վերջինիս սադրանքներին չեն դիմացել հենց իր հետ կոլեկտիվ եկած մարդիկ, որոնց մեջ ինքը միշտ իրեն առաջնորդ է համարել:
Արտաշեսն իր բերած նորեկների հետ մի մի թաս խմելուց հետո հասկացել է՝ միջավայրում ամեն բան չէ, որ իր սրտով է, ու որոշել են խնջույքը կեսից դարձնել իրենց ճաշակով, պարտադրել են հաղորդավարին իրենց հրահանգին հետևել, հետո էլ դարձել են կոլեգաներին, թե՝ «ճիշտ քեֆ անել չգիտեք, հիմա մեր մեթոդով ենք տժժում»:
Կոլեկտիվի ավագ սերնդից մի քանի տղամարդիկ մոտեցել են՝ հասկացնելու, որ պարտադրել պետք չէ, հարկավոր է խաղաղ ուրախանալ ու խնջույքը չփչացնել, նորեկները վրդովվել են ավագ գործընկերների խրատներից ու բարձրաձայն հայհոյախառն արտահայտություներով խժդժոց են սկսել. իրար քաշքշելը րոպեներ անց սրահում, կանանց աչքի առաջ վերածվել է մի մեծ ծեծկռտուքի:
Միջոցառումն այդպես էլ չսկսված՝ ավարտվել է մեկ ու կես ժամ անց: Հաջորդ օրը ծեծված, ջարդված նորեկները հայտնվում են ակադեմիայում, հետագայում պարզ է դառնում, որ կանչվել են ակադեմիայի ղեկավարի աշխատասենյակ:
Ռեկտոր Համլետ Մաթևոսյանը նախօրեի միջադեպից ազդված՝ մեկ երկու խոսք է ասում «հերոսներին», իսկ հետո առանց երկար-բարակ պարզաբանումների՝ նրանցից մեկին տեղեկացնում է, որ միջադեպի պատճառով ազատված է աշխատանքից։ Իսկ մյուսներին մեղմ է վերաբերվում, սահմանափակվում է խիստ նախազգուշացմամբ՝ նկատողություն տալով:
«Արտաշեսը հայտնի միջադեպից հետո մի քանի անգամ երևացել է ակադեմիայում, բայց շուտով երևի կամովի ազատման դիմում կգրի»,- եզրակացնում են հնաբնակները: Ասում են՝ Արտակարգ իրավիճակների նախարարությունում մարդիկ ընտելացել են արտակարգ դեպքերին, բայց այս մեկն ակադեմիայի պատմության մեջ նախադեպ չի ունեցել: Դրա համար էլ ակադեմիայի բազմափորձ ռեկտորը, որ նաև երկար տարիների վաստակավոր մանկավարժ է եղել, հայտարարել է՝ «գուցե ավելի խիստ եմ գտնվել, քան օրենքը կպատժեր, բայց ներկա չլինելով միջոցառմանը՝ թույլ չեմ տա իմ կառույցի ներսում անհարկի պատճառներով վեճ ու ծեծկռտուք սարքեն, հետո էլ աշխատակազմի ներսում տրամադրություններ ստեղծեն»:
Ի դեպ, կռվարար տղաների մասին մեկ-երկու հարց ու փորձ արեցինք՝ պարզելու՝ ովքեր են նրանք, բնութագրեցին այսպես՝ «ոլորտից հեռու մարդիկ են, աշխատանքի են անցել վերջերս՝ խնամի-ծանոթ-բարեկամ կապերի միջոցով, դրա համար էլ չեն ադապտացվում»։
Սյուզի Բադոյան