Կոռուպցիան՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք

Ընդհանրապես կոռուպցիան բավականին դժվար ապացուցվող հանցագործություն է, սակայն դրա գոյության մասին կարելի է հիմնավոր կասկածներ ունենալ իշխանությունների տարբեր ոչ տրամաբանական գործողություններից, որտեղ երևում է իշխանավորների ակնհայտ շահը։ Օրինակ, Նոր տարվա ավելի քան 70 միլիոն դրամանոց տոնածառի վերաբերյալ անգամ քննություն չի գնացել, սակայն շատերի մոտ կասկած կա, որ այն ձեռք է բերվել, օգտագործելով, այսպես կոչված «ատկատի» կոռուպցիոն մեխանիզմը։
Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը մեծապես պայմանավորված էր նրանով, որ շատ հիմնավոր կասկածներ կային նախկին իշխանությունների կոռուպցիոն գործելակերպի վերաբերյալ։ Միաժամանակ, գալով իշխանության, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չբացահայտեց կոռուպցիայի որևէ լուրջ դեպք, այլ բավարարվեց կոռուպցիայի մասին հնչեղ կինոներ նկարելով և Սիլվա Համբարձումյանի նման կոռուպցիոներին հայտնագործելով։ Վերջինս արդեն չափազանց անլուրջ է դարձնում կոռուպցիայի դեմ պայքարի՝ իշխանությունների քաղաքական կամքը։

Իշխանությունների քաղաքական կամքի բացակայության մասին է խոսում նաև այն հանգամանքը, որ անցած 10-11 ամիսների ընթացքում կառավարությունը չի ներկայացրել կոռուպցիոն սխեմաները քանդելուն ուղղված որևէ օրինագիծ։ Կարելի է հետևություն անել, որ հին կոռուպցիոն սխեմաները շարունակում են գործել, պարզապես հիմա գողացված ու բյուջեից խլված փողերի հոսքն ուղղվել է այլ հասցեներով:

Նոր իշխանությունների կոռումպացվածության հակվածության վարկածն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ նրանց օրոք Հայաստանում զարգացել են և սկսել են իրականացվել կոռուպցիայի այնպիսի մեթոդներ, որոնք նախկինում չկային։ Շաբաթներ առաջ մեծ աղմուկ հանած պարգևավճարները և հավելավճարները դրանցից մեկն են։ Ճիշտ է, իշխանությունները սկսեցին հայտարարել, թե իրենք նման իրավունք ունեին, և ամեն ինչ օրենքի սահմաններում է, սակայն իրավաբանները և ոլորտի մասնագետները պնդում են, որ կան օրենքի կոպիտ խախտումներ։ Ի դեպ, նախկին կոռուպցիոն սխեմաները նույնպես օրենքի շրջանակներում էին, և հենց դա է պատճառը, որ չի հաջողվում կոռուպցիոներներին քրեական մեղադրանքներ առաջադրել։ Օրենքներ էին հարմարեցվել կոռուպցիային, և այդ պատճառով է, որ որպես կոռուպցիայի դեմ պայքարի առաջնահերթություն՝ օրենսդրության փոփոխության պահանջ է դրվում, սակայն, կրկնենք, այդ ուղղությամբ որևէ քայլ չի արվում։ Կա նաև քաղաքական կամքի խնդիրը․ եթե նախորդ իշխանությունների ժամանակ օրենքները չէին արգելում նման հսկայական պարգևավճարներ, բայց նրանք չէին վերցնում այդ փողերը, ապա առավել քան զարմանալի են սոցիալական արդարության ջատագով հեղափոխական իշխանությունների ինքնապարգևատրումները։

Կոռուպցիայի մեջ լուրջ կասկածներ ծնեց նաև հեղափոխականների «Իմ քայլը» հիմնադրամի համար ֆինանսների հավաքագրումը։ Պատասխանատուները դժկամությամբ և կիսատ բացեցին այս հիմնադրամը ֆինանսավորողների անունները, և ինչպես սրա, այնպես էլ զուգահեռ ստեղծված “City of Smile” հիմնադրամի ուսումնասիրություններից մեկնաբանները հետևություն արեցին, թե «բարեգործները» ստացել են որոշակի ինդուլգենցիաներ այլ ոլորտներում։ Ավելին, վերլուծության հեղինակները պնդում են, որ որոշ անձանց և կազմակերպությունների կողմից ֆինանսավորմանը նախորդել էին ճնշումներ՝ որոշակի վարչական մեխանիզմների օգտագործմամբ, և գումարը հատկացնելուց հետո այս ճնշումները վերացել էին։ Դրամահավաքի նման մեխանիզմը ևս նորություն է Հայաստանի պատմության մեջ։

Մեծ աղմուկ հանեց Պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից բժշկական սարքերի տենդերին միջամտելու դեպքը, և առաջին անգամ Նոր Հայաստանի իշխանավորներն այս առիթով ձերբակալվեցին։ ՊՎԾ աշխատողների կողմից տենդերի ընթացքում տենդերային պայմանների փոփոխության մեխանիզմը ևս նորություն է Հայաստանի պատմության մեջ։ Նախկին կոռումպացված ռեժիմի ժամանակ, իհարկե, եղել են տենդերների մեջ իշխանության միջամտություններ, բայց գոնե մամուլով հայտնի չեն դեպքեր, երբ տենդերի պայմանները փոխվել են հենց տենդերի ընթացքում։

Ուշագրավ են նաև այն հրապարակումները, որտեղ խոսվում է, թե կոռուպցիոներներից առգրավված գումարները մուտք չեն արվում բյուջե, այլ ծախսվում են ուղղակիորեն, տարբեր ծրագրերով։ Բյուջետային վերահսկողության բացակայությունն ակնհայտ ռիսկ է ստեղծում, որ այդ փողերի մի մասը կարող են գրպանվել։

Այս պարզ թվարկումը ցույց է տալիս, որ նոր իշխանությունների օրոք կոռուպցիոն հին մեխանիզմները ոչ միայն չեն ջարդվել, այլև նորերն են ներմուծվել։ Ի վերջո, կոռուպցիայի աճի պարզ ապացույց է հենց բյուջեի վերլուծությունը, որտեղից երևում է, որ անցած տարի ստվերային տնտեսությունը Հայաստանում աճել է։

Ավելի մեծ մտահոգություն է առաջացնում սեփականության արտադատարանական բռնագրավման ինստիտուտի ներմուծումը։ Մի դիպուկ մեկնաբանմամբ, դա միջնադարյան ֆեոդալիզմի և ժամանակակից ռեկետի խառնուրդ է դառնում։ Չխոսելով քաղաքական հետապնդումների լայն հնարավորությունների մասին, այն նաև ծնում է եղածի հետ անչափելի կոռուպցիոն ռիսկեր։

Աղասի Ենոքյան

Տեսանյութեր

Լրահոս