Բաժիններ՝

ՀՀ մշտական ներկայացուցիչը մասնակցել է ԵԽ կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի նիստին

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) քարտուղարության հրավերով ԵԽ կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի (CDPPE) մարտի 19-ին տեղի ունեցած նիստին մտքերի փոխանակում է կայացել Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, ԵԽ նախարարների կոմիտեի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և շրջակա միջավայրի հարցերով աշխատանքային խմբի (GR-C) նախագահ Պարույր Հովհաննիսյանի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից։

«Դեսպան Հովհաննիսյանն իր խոսքում կարևորեց կրթության դերն անդամ պետություններում Եվրոպայի խորհրդի հիմնասյուների` մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավունքի գերակայության ամրապնդման գործում: Նշեց, որ քաղաքական և իրավական կառույցները և ինստիտուտները պետք է կառուցվեն այնպիսի մոտեցումների և վարքագծի վրա, որոնք շեշտը կդնեն երկխոսության, համագործակցության և հիմնահարցերի խաղաղ հանգուցալուծման վրա։ Հատուկ ընդգծեց կրթության կանխարգելիչ բաղադրիչը` շեշտելով. «Կրթությունը երկարաժամկետ ներդրում է` բռնի ծայրահեղականության, արմատականացման, մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման գործում»:

Մի շարք պետությունների ներկայացուցիչներ երախտագիտություն հայտնեցին դեսպան Հովհաննիսյանին՝ դրական ուղերձի համար, և փոխանցեցին ԵԽ բյուջեի շուրջ ստեղծված իրավիճակի արդյունքում ԵԽ աշխատակազմի, տարբեր կառուցվածքային, այդ թվում՝ կրթության ոլորտը համակարգող ստորաբաժանումների կրճատման հեռանկարի հետ կապված իրենց մտահոգությունը։ Տարակուսանք արտահայտվեց միջազգային միջկառավարական կազմակերպությունում միջկառավարական կոմիտեների վերացման վտանգի առնչությամբ։

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ կրթությունը ոչ թե ժողովրդավարության ածանցյալ է, այլ՝ նախապայման՝ ձևավորելու այն հասարակությունը, որին ձգտում ենք բոլորս։ Վերջինս վստահեցրեց, որ Նախարարների կոմիտեում ԵԽ բյուջեի քննարկումների ժամանակ հանդես կգա ԵԽ կրթության ոլորտը համակարգող ստորաբաժանումների և դրանցում իրականացվող ծրագրերի պաշտպանության դիրքերից, ինչպես նաև կոչ արեց CDPPE անդամներին զուգահեռ աշխատանք տանել մայրաքաղաքներում։

Ելույթով հանդես եկավ նաև Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրեն Սնեժանա Սամարջիչ-Մարկովիչը։

ՏԵՂԵԿԱՆՔ. Եվրոպայի խորհրդի կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեն (CDPPE) դիտարկում է կրթության ոլորտում ԵԽ ծրագրերը և կրթությանն առնչվող հարցերով խորհրդատվություն է տրամադրում Նախարարների կոմիտեին: CDPPE-ում ներկայացված են Եվրոպական մշակութային կոնվենցիայի մասնակից հիսուն պետությունների կառավարությունները` կրթության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով: Հայաստանից կոմիտեի անդամ է հանդիսանում ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս