«Վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում». Քաղտեխնոլոգ
«Մեր պարզագույն դիտարկումները ցույց են տալիս, որ վարչապետի ասածն իրականությանը չի համապատասխանում, այսօր հասարակությունը շատ ավելի քիչ է վստահում վարչապետին, հատկապես՝ նրա թիմակիցներին, քան՝ նախորդ տարվա մայիսին ու սեպտեմբերին, երբ տեղի ունեցան Երևանի ավագանու ընտրությունները։ Այսօր կառավարության և վարչապետի վարկանիշը շատ ավելի ցածր է»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեին այս տարի, ապա «Իմ քայլը» դաշինքն ավելի շատ ձայներ կհավաքեր՝ քան դեկտեմբերի 9-ին էր հավաքել։
Հիշեցնենք, որ մարտի 19-ին Մատենադարանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ այսօր ըստ էության իր ղեկավարած կառավարությունը որևէ ոլորտում չունի ձախողում, ավելին, եթե արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի ունենային այս տարի, ապա «Իմ քայլը» դաշինքն ավելի շատ ձայներ կհավաքեր՝ քան հավաքել էր դեկտեմբերի 9-ին։
Քաղտեխնոլոգի խոսքով՝ այն, որ վարչապետի վարկանիշն անկում է ապրում, ունի օբյեկտիվ պատճառներ, և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունը երկրի արտաքին կամ ներքին քաղաքական բնագավառում որևէ հաջողություն չի գրանցել։
Ինչ վերաբերում է ձախողումներին, քաղտեխնոլոգը նկատեց՝ ձախողումներ կան թե՛ ստրատեգիական, թե՛ տակտիկական։
«Ստրատեգիական ձախողումն այն է, որ մեր կառավարությունը չի ներկայացրել երկրի երկարաժամկետ զարգացման հայեցակարգը, պատկերացումները, թե ինչպես պետք է լինի Հայաստանը 5 կամ 10 տարի անց։ Այսինքն՝ չի ներկայացրել երկրի զարգացման իր տեսլականը, չի ներկայացրել այն ուղիները, որոնք կտանեն զարգացման, օրինակ՝ սահմանադրական բարեփոխումների, տնտեսական զարգացման հայեցակարգերը, վերջինս իր մեջ կարող էր ներառել գյուղատնտեսության, արդյունաբերության զարգացման հայեցակարգերը, չունենք կրթական ոլորտի զարգացման ու արտաքին քաղաքականության հայեցակարգեր, դատաիրավական համակարգի բարեփոխման հայեցակարգ նույնպես չկա:
Ընդամենը խոսում են անցումային արդարադատությունից, ապօրինի գույքի բռնագրավումից, սա նույնպես ձախողում է։ Տակտիկական ձախողումներից է, օրինակ՝ կառավարության կառուցվածքը, որն այս պահին դեռևս հստակ չէ: Կամ՝ գրավատների, գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող տնտեսվարողների հարկերի բարձրացումը. կառավարությունն այդ տնտեսվարողների հետ չի գնացել քննարկումների, առանց նրանց կարծիքը հաշվի առնելու՝ ներկայացրել է մի ծրագիր, որը հարուցել է նրանց բողոքը»,- շեշտեց Արմեն Բադալյանը։
Ըստ նրա, արտաքին քաղաքականության ոլորտում կառավարությունը ևս ձախողել է, քանի որ բացակայում է Հայաստան-Եվրամիություն քաղաքական օրակարգը, ամբողջովին բացակայում են նաև Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Հնդկաստան-Ճապոնիա-Չինաստան քաղաքական օրակարգերը։ Պատկերացում չկա նաև Հայաստանի ու Արաբական աշխարհի և այլ կենտրոնների հետ հարաբերությունների մասին։
«Եթե այս բնագավառները չեն ներկայացնում, ցույց չեն տալիս զարգացման հեռանկարները, և եղած հնարավորությունները չեն օգտագործում հարաբերությունները զարգացնելու համար, ապա դա կոչվում է ձախողում»,- նշեց Ա. Բադալյանը:
Ինչ վերաբերում է վարչապետի նշած ներդրումային հետաքրքրությունների ու հիպոթեքային վարկավորման ծրագրի աճին, քաղտեխնոլոգն ընդգծեց, որ ասուլիսին ներկա լրագրողներն այդ հարցում թերացել են, քանի որ վարչապետին չեն խնդրել մանրամասնել իր նշած ներդրումային ծրագրերը։
«Պետք է վարչապետին հարցնեին, որ, եթե նշում է 89 ներդրումային ծրագիր, կարո՞ղ է գոնե 10-ը թվարկել, թե կոնկրետ դրանք որ ոլորտներին են վերաբերում, որպեսզի լրագրողները հետագայում հետաքրքրվեին, թե ինչ եղան կոնկրետ այդ 10 ներդրումային ծրագրերը։ Հիմա վարչապետն անընդհատ կարող է ասել, որ այս կամ այն ծրագիրը գտնվում է դեռևս քննարկման փուլում, և չտալ կոնկրետություն։
Վարչապետն օգտվեց նրանից, որ լրագրողները չեն հետաքրքրվում, և անորոշ կերպով խոսեց 89 ներդրումային ծրագրից, և այս պահին որևէ մեկը չգիտի, թե դրանք ի՞նչ ծրագրեր են, իրականանալո՞ւ են, թե՞ ոչ։ Օրինակ՝ կարող են փոքր խանութ բացել, հիմա այդ խանութը մտնո՞ւմ է այդ 89 ծրագրերի մեջ»,- ասաց նա։
Նշենք, որ Ն. Փաշինյանն ասել էր, որ նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ հիպոթեքային վարկավորման ծավալն աճել է 100%-ով, կառավարության ծրագրերի շրջանակներում՝ 145%, և այսօր երկրում հիպոթեքային վարկավորման պորտֆելի ծավալն աճել է ընդհանուր 30%-ով։ Իսկ ներդրումային ծրագրերի մասով էլ տեղեկացրել էր, որ կառավարության հետ քննարկվում է 89 ներդրումային ծրագիր՝ 2.7 մլրդ դոլար ծավալով, որից 42-ը՝ 774 մլն ծավալով։
Հարցին՝ արդյո՞ք այլևս քաղաքական թեժ աշուններ ու գարուններ չեն լինի Հայաստանում, ինչպես նշել էր վարչապետը, Արմեն Բադալյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ոչինչ հնարավոր չէ կանխատեսել։
«Չպետք է մոռանանք, որ նախկինում, երկար ժամանակ հայտարարվում էր, որ Հայաստանում չի լինելու թեժ գարուն կամ աշուն, բայց մենք տեսանք 2018 թվականի ապրիլը։ Այդ պատճառով էլ որևէ մեկը չի կարող ասել, թե ինչպիսին կլինի աշունը կամ գարունը։ Եթե իշխանությունները հաշվի չնստեն հասարակության տարբեր խմբերի հետ և նրանց շահերը հաշվի առնելով չիրականացնեն որոշակի քաղաքականություն, ապա դժգոհությունների ալիքը կմեծանա, բայց կդժվարանամ ասել՝ այդ ալիքը կվերածվի՞ թեժ աշնան ու գարնան»,- ասաց Արմեն Բադալյանը։
Զվարթ Խաչատրյան