Բաժիններ՝

ՎԱՐԿՍ ԷՅ ԷՄ-ը արդեն կատարել է 30․000․000 դրամի ֆինանսավորում՝ Բարի Գործեր նախագծի շրջանակներում

Դեռևս 2018 թվականի հուլիսին Varks.am-ը նախաձեռնեց Barigortser.am սոցիալական նախագիծը, որն ուղղված է ՀՀ և ԼՂՀ բնակչության կենսամակարդակի բարելավման գաղափարներին։ Ընկերությունն աջակցում է հանրային նշանակության բոլոր այն նախագծերին, որոնք առնչվում են  կրթության, մշակույթի, սպորտի և շրջակա միջավայրի բարելավմանն ու զարգացմանը։

Գաղափարի առավելություններից է այն հանգամանքը, որ կազմակերպիչները չեն սահմանափակվել միայն Երևանով,  ֆինանսավորում ստացած նախագծերի 80 տոկոսը կատարվել են Հայաստանի տարբեր մարզերում, այդ թվում՝ սահմանամերձ գյուղերում։

«Նախագծի իրականացման ամբողջ ընթացքը պետք է տևի ոչ ավելի, քան 3 ամիս, բացի այդ, մենք մինչ նախագծի իրականացումը և դրա իրականացումից հետո, այց ենք կատարում ծրագրի իրականացման վայր և նկարահանում նախկին և ներկա վիճակը»,- ասում են կազմակերպիչները։

2018թ. հուլիսից մինչ օրս մի շարք կարևոր ծրագրեր են իրականացվել։

«Այս ամիսների ընթացքում կատարել ենք տարաբնույթ աշխատանքներ, վերանորոգել ենք դպրոցներ (Գեղարքունիք մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցն ապահովել ենք պատուհաններով), «ԱրՄաթ» լաբորատորիաներ ենք հիմնել մի շարք մարզերի դպրոցներում, ստեղծել ենք խաղահրապարակներ երեխաների համար, մշակութային օջախներին ապահովել ենք համապատասխան սարքավորումներով, «Բարի Տնակ» ներառական կենտրոնում ծրագրի շրջանակներում ստեղծվել է տեսասրահ, աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների համար համապատասխան գույք ենք գնել, Այգեձորի դպրոցում մշակույթի աջակցման նպատակով բացվել է երաժշտական դասասենյակ՝ լի բոլոր անհրաժեշտ գործիքներով՝ կիթառ, շվի, դուդուկ, քանոն և այլն։ Իսկ, օրինակ, սահմանամերձ Մովսես գյուղում ստեղծվել է կավագործության արհեստանոց՝ անհրաժեշտ բոլոր սարքավորումներով»,- իրականացված նախագծերի մասին պատմում են գաղափարի հեղինակները։

Ֆինանսավորված ծրագրերը շատ բազմազան են՝ «Հայկական ավանդական հարսանիք»  «Ապագա զինվոր» նախագծից մինչև ռոբոտաշինություն ու թվային տեխնոլոգիաներ:

Գաղափարի հեղինակները ֆինանսավորում են այն նախագծերը, որոնք մնայուն են սերունդների համար և կրթական, միջավայրաստեղծ, հանրային նշանակություն ունեն։

«Իրականում ներկայացված նախագծերի չափորոշիչները բավականին պարզ են։  Նախագծերը, որոնք մենք ֆինանսավորում ենք, պետք է ազատ լինեն հանրության համար, պետք է լինեն անվճար։ Օրինակ, եթե մենք այգիներում կառուցում ենք խաղահրապարակներ, ապա պարզ է, որ դրանք նախատեսված են բոլորի համար և փոխանցվելու են սերնդեսերունդ։ Կամ, երբ աջակցում ենք կրթության ոլորտին և բարենպաստ պայմաններ ենք ստեղծում դպրոցներում, այդ ամենը ևս տարիներ շարունակ ծառայելու է տարբեր աշակերտների»,- պարզաբանում են կազմակերպիչները։

Ովքե՞ր և ինչպիսի՞ նախագծերով կարող են դիմել ընկերությանը, ինչպիսի՞ն է դիմելու կարգը, ինչպե՞ս են ընտրվում մասնակիցները.

«Դիմելու կարգը բավականին հեշտ է. մուտք են գործում Barigortser.am կայք, սեղմում են «Ներկայացնել նախագիծ» կոճակը և լրացնում են համապատասխան դաշտերը, որոնք նույնպես պարզեցված են։ Պարտադիր ուղարկում են նախագծի կարճ նկարագրությունը և կցում են նախագծի նկարներն ու նախնական նախահաշիվ։ Յուրաքանչյուր հայտ անհատապես ուսումնասիրվում է, և, եթե չի հակասում կայքում ներկայացված մասնակցության կանոններին, ապա ինքնստիքյան ընդգրկվում է քվեարկության փուլ։ Երբ արդեն ընտրված են նախագծերը, հաջորդ քայլը դրանք կայքում տեղադրելն է, ինչին էլ հետևում է քվեարկության փուլը. «Քվեարկությունը ևս անցկացվում է barigortser.am կայքէջում՝ անվճար SMS հաղորդագրության միջոցով։ Մարդիկ հատուկ իվենթներ են բացում, հավաքվում, քվեարկում, տպում են նախագծերը և ամենուր բացատրում են քվեարկության կարգը։ Յուրաքանչյուր քվեարկության փուլ հիմնականում տևում է 30 օր»»,- պարզաբանում են Varks.am ընկերությունից։

Լրջորեն վերահսկվում է նաև առցանց քվեարկության ողջ ընթացքը, որպեսզի  համակարգչային, տեխնոլոգիական տարբեր միջամտությունների շնորհիվ, այսպես կոչված, «լցոնումներ», կեղծ «քվեարկություններ»  չլինեն:

«Նախ նշենք, որ մեր կայքը բավականին պաշտպանված է տարատեսակ լցոնումներից, սակայն չենք բացառում, որ նման դեպքեր կարող են լինել, այդ իսկ պատճառով ՏՏ ոլորտի զարգացման հետ մեկտեղ՝ մենք մշտապես աշխատանքներ ենք տանում, որպեսզի ամեն բան 100% արդար անցնի։ Յուրաքանչյուր քվեարկության փուլ հիմնականում տևում է 30 օր:  Ընկերության կողմից որդեգրված կարևորագույն նախապայմաններից մեկն է՝ ունենալ արդար քվեարկություն. ամեն քվեաշրջանի ավարտից հետո մեր ՏՏ բաժինն անցկացնում է ձայների ստուգման մանրակրկիտ ուսումնասիրություն։ Ցավոք, նման դեպք ունեցել ենք, երբ ձայների ուսումնասիրմամբ կեղծ քվեարկության դեպք է հայտնաբերվել, օգտագործվել են տեխնիկական մի շարք միջոցներ, և պարզ է, որ ֆինանսավորում ստացան հաջորդող, արդար կերպով առավելագույն ձայներ հավաքած 3 նախագծերը»,- մանրամասնում են նախաձեռնողները։

ԳԱՅԱՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս