«Արցախի միջազգային ճանաչումը չպետք է հակադրվի բանակցային գործընթացին». Սուրեն Սարգսյան
Ապրիլյան պատերազմից հետո խոսակցություններ էին շրջանառվում, որ միջազգային հանրության կողմից Ադրբեջանի դատապարտումը բարենպաստ միջավայր է ստեղծում Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար: Այն ժամանակ ԱՄՆ մի քանի նահանգ ճանաչեց Արցախը: Սակայն հետագայում խոսակցությունները լռեցին, ոգևորությունը նվազեց:
Այսօր տեսակետներ են հնչում, որ, եթե Ադրբեջանը կտրականապես դեմ է արտահայտվում բանակցային սեղանի շուրջ Արցախի վերադարձին, ապա դրա լավագույն պատասխանը կլինի աշխարհի պետությունների կողմից Արցախի ճանաչումը: Եվ արդեն ժամկետանց են պնդումները, թե այս փուլում դա կխանգարեր բանակցային գործընթացին: Ընդ որում՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումը կարող է լինել նոր ադրբեջանական ագրեսիայի հնարավորության բացառման գործուն լծակներից մեկը:
Ի՞նչ է անհրաժեշտ դրա համար: 168.am-ի այս հարցին ի պատասխան՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը համոզմունք հայտնեց, որ Արցախի միջազգային ճանաչումը չպետք է հակադրվի բանակցային գործընթացին:
«Արցախի ճանաչման գործընթացի համար մեր ակտիվ աշխատանքն է անհրաժեշտ, պետք է ներկայացնել միջազգային հանրությանը, որ Արցախի անկախության ճանաչումը որևէ կերպ չի խանգարելու խաղաղ գործընթացին: Այսինքն՝ այդ ազդակը բոլորին պետք է ուղարկենք, որ Արցախի ճանաչումն այլընտրանք չունի, և գործընթացը որևէ ձևով չի խոչընդոտելու բանակցային գործընթացին, քանի որ Արցախը երբևէ չի կարող լինել Ադրբեջանի կազմում»,- ասաց Ս.Սարգսյանը:
Ըստ նրա՝ այս գործընթացում «առաջին ծիծեռնակները» կարող են լինել այն երկրները, որոնք մեր տարածաշրջանում առանձնապես հետաքրքրություններ չունեն, կարող են դիմակայել Ադրբեջանի և Թուրքիայի ճնշումներին և, իհարկե, որտեղ կա ուժեղ կազմակերպված հայ համայնք, որը քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունի.
«Այդ պետություններին ձեռք կտա նաև հայ համայնքի աջակցությունը ստանալու համար նման քայլի գնալ»:
Ըստ նրա՝ նման երկրների լավագույն օրինակ են Լատինական Ամերիկայի երկրները, օրինակ՝ Արգենտինա, Ուրուգվայ, Պարագվայ, Չիլի և այլն:
Դիտարկմանը, թե ժամանակին պնդում կար, որ դա բանակցային գործընթացին կարող է խանգարել, Ս.Սարգսյանը նշեց, որ ՀՀ-ն ունի նոր իշխանություններ, և ավելի հեշտ կկողմնորոշվեն՝ նման հնարավորություն կա՞, թե՞ ոչ: