Գրավատների պետական տուրքը 60 անգամ բարձրացնելու դեպքում առաջանալու են գերիշխող խաղացողներ, տոկոսադրույքները բարձրանալու են
Պետական տուրքի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծով գրավատների պետական տուրքն ավելանում է 60 անգամ կամ 6000 տոկոսով՝ 100.000 դրամից դառնալով 6 միլիոն դրամ, փոխանակման կետերի դեպքում էլ 50.000-ը դառնում է 3 միլիոն դրամ:
«Լոմբարդ սթրիթ» ՍՊԸ տնօրեն, տնտեսական գիտությունների թեկնածու Մխիթար Ասլանյանը, ով ներկայացնում է գրավատների և փոխանակման կետերի շահերը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այստեղ չկա տնտեսական ոչ մի հիմնավորում, ոչ մի վերլուծական աշխատանք:
«Նման կարգի բարձրացումը պետք է ունենա հիմնավորում: Եթե հիմնավորում չկա, ու սա ուղղակի ինչ-որ մեկի քմահաճույքն է, մտադրությունը, որ շուկայում առաջանան գերիշխող խաղացողներ, դա նշանակում է, որ պարզապես գրավատները պետք է փակվեն: Ուղղակի թող ասեն՝ երկրի քաղաքականությունը հետևյալն է՝ պետք է ունենանք խոշոր բանկեր, կազմակերպություններ: Այսօր Տնտեսագիտական համալսարանի ուսանողը եթե բուհն ավարտի ու չցանկանա ինչ-որ մեկի ենթակայության տակ աշխատել ու ցանկանա սեփական բիզնեսը կառուցել, ճանապարհներից լավագույնը փոխանակման կետ, գրավատուն հիմնելն է, որը հետո վարկային կազմակերպության ու բանկի կարող է վերածվել, բայց մենք ասում ենք՝ չէ, շուկայում չես կարող 0-ից ինչ-որ բան ստեղծել, անպայման ինչ-որ մեկի ձեռքի տակ պետք է աշխատես:
Այսինքն, մարդկանց զրկում ենք ընտրության հնարավորությունից, ազատ կամքի դրսևորումից, սեփական ջանքերով ապագան կառուցելու հնարավորությունից»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մխիթար Ասլանյանը:
«Ֆինանսների փոխնախարարը հարցազրույցներից մեկում հայտարարեց, թե իրականացնում են հարկային բարեփոխումներ, շահութահարկը 20 տոկոսից իջեցնում են 18 տոկոսի, ֆինանսական ոլորտն այդ բարեփոխումների արդյունքում օգտվում է 6-6.5 միլիարդ դրամով, այսինքն, ավելի պակաս հարկ է վճարում բյուջե: Սակայն, քանի որ ֆինանսական ոլորտը չի հանդիսանում հարկային բարեփոխումների շահառու, որոշել ենք պակաս վճարած գումարը հետ բերել այլ ճանապարհներով՝ անուղղակի հարկերի միջոցով, որոնցից է լիցենզիայի տուրքը: Բայց հետաքրքիր բան է ստացվում: Երբ որ բանկերի միջին շահույթը տարեկան մոտ 6 միլիարդ է կազմում, շահութահարկի երկու տոկոս նվազման պարագայում օգտվում են. 12 միլիարդ շահույթ ունեցող բանկն օգտվում է 240 միլիոն դրամով, միջին բանկը՝ 120 միլիոն:
Իսկ տուրքի բարձրացման պարագայում բանկերն ավելի են վճարում ընդամենը 4 միլիոն, քանի որ այս նախագծով իրենց տուրքը 3 միլիոնից դառնում է 7 միլիոն: Սակայն գրավատներն ու փոխանակման կետերի տուրքը բարձրանում է 60 անգամ, և ստացվում է, որ բանկերը զգալիորեն օգտվում են, և սա՝ այն դեպքում, որ գրավատների տարեկան կտրվածքով միջին շահույթը կազմում է 13 միլիոն դրամ: Գրավատունն օգտվում է 260.000 դրամով՝ այս հարկային բարեփոխման արդյունքում, որի փոխարեն պետք է վճարի 5 միլիոն 900.000 դրամ ավելի, ինչը լուրջ բեռ է:
Արդյունքում՝ որոշ տնտեսվարողներ ուղղակի դուրս են գալու շուկայից, առաջանալու են գերիշխող խաղացողներ՝ բանկեր, վարկային կազմակերպություններ: Սրա հետևանքով տոկոսադրույքները բարձրանալու են»,- հավելեց նա:
Անի Կարապետյան