Մարդիկ ավելի մեծ բավականություն են ստանում մարդկանց, քան ռոբոտների հետ շփվելուց. գիտնականներ

Ռոբոտները եւ համակարգչային ալգորիթմները զարգանում են մեծ արագությամբ, բայց դրանք դեռեւս ի զորու չեն նույնչափ բավականություն պատճառել շփումից, ինչպես կենդանի մարդու հետ: Համենայն դեպս, երբ զրուցակիցը հասկանում է, թե ով է իր առջեւ: Այս եզրակացությանն են եկել Ֆրանսիայի գիտական հետազոտությունների ազգային կենտրոնի (CNRS) եւ էքս-Մարսելի համալսարանի մասնագետները:

«Առաջին անգամ (գիտնականները) ֆունկցոնալ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) օգնությամբ գրանցել են գիտափորձի մասնակիցների ուղեղային ակտիվությունը, որոնք երկխոսություն են վարել կենդանի զրուցակցի կամ ռոբոտի հետ»,-ասված է  CNRS-ի հաղորդագրության մեջ, որում նաեւ նշվում է, որ գիտափորձում ներգրավվել է 21 մարդ:

Կենդանի զրուցակցի հետ շփվելիս խոսակցությունն ընթանում էր ազատ ձեւով, իսկ ռոբոտի հետ զրույցի ժամանակ գիտնականները նկատել են որոշակի սահմանափակումներ: «Մարդու հետ փոխգործակցության արդյունքներն ակտիվության աճ են արձանագրել ուղեղի այն հատվածներում, որոնք պատասխանատու են հիշողության եւ սոցիալական մոտիվացիայի համար»,-ասված է այս գիտափորձին նվիրված գիտական հոդվածի եզրակացության մեջ:

CNRS-ն ընդգծում է, որ մարդու հետ շփվելիս գործի են դրվել այսպես կոչված «սոցիալական ակտիվության համար հատուցման կենտրոնները»: Հետազոտողները նշում են, որ նմանօրինակ էֆեկտի չի հաջողվել հասնել ռոբոտների հետ փորձի մասնակիցների շփվելու ընթացքում: Այս դեպքում ավելի շատ գործի են դրվել տեսողական կենտրոնները: Հոդվածի ամբողջական տարբերակը հրապարակված է Philosophical Transactions of the Royal Society of London հանդեսում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս