«Հայաստանը պետք է պնդի այն, ինչ պնդել է առաջին օրից՝ Արցախը պետք է ինքն իրեն ներկայացնի բանակցություններում». Ստյոպա Սաֆարյան
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը վստահ է՝ Փաշինյան-Ալիև առաջիկա հանդիպման ժամանակ և հետագայում Հայաստանը պետք է պնդի այն, ինչ պնդել է առաջին օրից՝ Արցախը պետք է ինքն իրեն ներկայացնի բանակցություններում: 168.am-ի հետ զրույցում Ս.Սաֆարյանը նշեց, որ, եթե սրա անունը բանակցություններ են, ապա Արցախը պետք է մասնակից լինի:
«Ցավալի է, բայց ողբերգություն չի, եթե ՄԽ համանախագահներն այդպես են տեսնում, պետք է իրենց բացատրել, որովհետև իրենց խնդիրն է՝ ոչ թե բացատրել կողմերին, թե ինչպես բանակցել, այլ ֆասիլիտացիա անել, այսինքն՝ միջնորդություն անել, օգնել կողմերին: Իսկ կողմերը երեքն են: Եթե իրենք ֆասիլիտացիա են անելու ընդամենը Երևանի և Բաքվի միջև, հարց է ծագում՝ ինչպե՞ս են կոնֆլիկտը լուծելու, եթե Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարել է, որ ինքը չի բանակցելու Արցախի անունից: Այս առումով ես չեմ կարծում, թե մտածելու բան ունի Հայաստանը: Հայաստանը պետք է ներկայանա այն դիրքորոշումներով, ինչ մինչ օրս ներկայացել է: Մնացածն արդեն թող իրենք որոշեն: Խնդիրն իրենք են ստեղծել, իրենք պետք է լուծեն: Իրենք են թույլ տվել, որ Ռոբերտ Քոչարյանը աղավաղել է ֆորմատը, հիմա իրենք էլ պետք է բարի լինեն լուծել այդ խնդիրը: ՀՀ և, առավել ևս, Արցախի ներկայիս իշխանությունները դրա մեջ պատասխանատվության բաժին չունեն»,- ասաց Ս.Սաֆարյանը:
Մնացած առումներով, ըստ նրա, տեսանելի է, որ Մինսկի խումբը պրոցեսը հանում է ստվերային դաշտից, իսկ ստվերային դաշտը ռուսական միջնորդությունն էր, որ 2013-ից հետո ըստ էության կարգավորման մուտացիաներ էր արել. «Ակնհայտ է, որ ՄԽ-ն դրանք չի ճանաչում, և դրանք չեղյալ համարվեցին: Եվ շեշտը դնում են այն շրջանակի վրա, որը ձևավորված է եղել 2003-2012թթ.: Իհարկե, այստեղ էլ հայկական կողմն աշխատանք ունի անելու, որովհետև այնպես չէ, որ այդ շրջանակը ճիշտ է որոշվել: Բայց, համենայն դեպս, մենք գոնե վերադարձել ենք մի շրջան, երբ խնդիրը քննարկվել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների շրջանակում»:
Հարցին, թե համանախագահների կոչը՝ «…առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն…», վերաբերում է ՄԽ ձևաչափի՞ն, թե՞ Արցախի վերադարձին բանակցային սեղան, Ս.Սաֆարյանը պատասխանեց.
«Դա շատ հետաքրքիր է, այնպես չէ, որ այնտեղ Արցախի մասնակցության մասին է ասվում: Շատ երկիմաստ է այդ նախադասությունը, որովհետև այդ ձևաչափի փոփոխության խնդիր դրել է նաև Ադրբեջանը՝ ի դեմս ՄԽ համանախագահներին փոխելու: Եվ դա նոր պահանջ չի, բայց թե ե՞րբ է դրել, մենք այդ մասին տեղեկություն չունենք: Բայց այդպես չի, որ հայտարարությունը կարդալուց կարելի է եզրակացնել, որ խոսքն անպայման Արցախի մասնակցության մասին է: Դա Ադրբեջանն է այդպես կարդում և, ցավոք սրտի, Ալիևի հետ նույն ձև կարդում են ՀՀ նախկին իշխանությունները: Բայց տեսեք՝ ձևաչափի փոփոխությունը վերաբերում է Ռուսաստանին, որը սեպարատ բանակցություններ էր վարել 2013-ից հետո: Սա նույնպես ձևաչափի փոփոխություն է՝ 2 նախագահների հանդիպում ՌԴ նախագահի հովանու ներքո:
Ձևաչափի փոփոխության պահանջ է եղել նաև Ադրբեջանի կողմից, որը պնդում էր, որ Թուրքիան մասնակից դառնա: Եվ իրականում մենք դեռ չգիտենք՝ ՄԽ-ն ի՞նչ ի նկատի ունի այդ բազմանշանակ արտահայտության ներքո: Իսկ Արցախի վերադարձը որևէ կերպ չի կարող դիտվել ձևաչափի փոփոխություն: Ինչ-ինչ, բայց ՄԽ-ն չի կարող ասել, թե Արցախի մասնակցությունը ձևաչափի մեջ չի: Դա ձևաչափի փոփոխության ամենաանմեղ տարբերակն է, ամենավերջինը, որ կարելի է հասկանալ: Ամենաառաջինը հասկանում ես՝ ՌԴ սեպարատ բանակցություններ, զուգահեռ ֆորմատ, ինչն ունեցել ենք, և Ադրբեջանի կողմից ՄԽ համանախագահների ֆորմատը փոխելու բացահայտ ցանկություն»:
Թե հակամարտության կարգավորման ո՞ր ժամանակաշրջանն է արտացոլված համանախագահների այս հայտարարությունում, արդյո՞ք դա ամբողջ գործընթացին է վերաբերում, թե՞ Նիկոլ Փաշինյանի և Զոհրաբ Մնացականյանի հետ վերջին հանդիպումների արդյունքն է՝ հարցին, Ս.Սաֆարյանը պատասխանեց, որ չի կարելի ասել, թե այն կապ չունի վերջին շրջանի հանդիպումների հետ, բայց ակնհայտորեն, հաշվի առնելով, թե ինչ են հայտարարել կողմերն այդ հանդիպումներից հետո, կողմերը չեն քննարկել շրջանակ, այլ քննարկել են կարգավորման պատմություն, թե ինչ տարբերակներ են քննարկվել, և ով ինչը չի ընդունել: Հետևաբար, Ս.Սաֆարյանի կարծիքով, այս կտրվածքով ՄԽ-ն ուղղակի փորձում է սեղանին դնել շրջանակ. «Այլ բան է՝ կողմերը դա կընդունե՞ն, թե՞ ոչ»: