Արսեն Թորոսյանը առողջապահական տեսանկյունից նախընտրելի է համարում ոչ թե գազավորված, այլ բարձր շաքարայնության ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելը
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն առաջարկում է ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելիս հիմք ընդունել ոչ թե պարզապես գազավորված լինելու հանգամանքը, այլ դրանում շաքարի պարունակությունը:
Թորոսյանը նման տեսակետ հայտնեց մարտի 7-ին՝ «Հանրային առողջապահության մարտահրավերները և լուծման ուղիները նոր Հայաստանում» թեմայով մասնագիտական քննարկմանն՝ անդրադառնալով Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծին: Նախագծով առաջարկվում է ակցիզային հարկով հարկել բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառությամբ հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների:
«Մենք ի սկզբանե առաջարկել էինք, որ 100 գրամ ծավալի մեջ 5 և ավելի գրամ շաքար պարունակող հյութերը հարկվեն: Հյութերը հեշտ է չափել ու վերահսկել: Բայց այս պահին իրավակարգավորումը փոխվել է ու չի արտահայտում մեր դիրքորոշումը»,-ասաց Թորոսյանը:
Նա շեշտեց՝ հարկային ֆիսկալ քաղաքականության հետ առողջապահության նախարարությունը գործ չունի: Իսկ առողջապահական տեսանկյունից նախարարը կարծում է, որ պետք է գա մի օր, որ շաքար պարունակող տարբեր տեսակի արտադրանքի սպառումը նվազեցնեն: Եվ իրենք փորձելու են կշռված, չափելի գործիքներով դա անել:
Թորոսյանն անդրադարձավ նաև մարդկանց այն դիտարկումներին, թե ինչու են սահմանափակում շաքար ուտելու իրավունքը: «Մենք ոչ մեկի իրավունքը չենք սահմանափակում:Սակայն նաև ունենք պարտականություն՝ ապահովելու ՀՀ բնակիչների առողջությունը: Եվ դրա ապահովման համար կան մեխանիզմներ: Դրանցից մեկն էլ վնասակար սննդամթերք օգտագործելը կանխարգելելն է: Թող զարմանալի չթվա, որ մենք որևէ վնասակար բանի օգտագործում պետք է նվազեցնենք»-շեշտեց նախարարը:
Նրա կարծիքով՝ պետք է սահմանափակել նաև աղի օգտագործումը, որով կարելի է նվազեցնել հիպերտոնիկ հիվանդություններով հիվանդացությունը:
ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծով առաջարկվում է ակցիզային հարկով հարկել բոլոր գազավորված ըմպելիքները՝ բացառության հանքային ջրերի և ալկոհոլային խմիչքների՝ անկախ շաքարայնությունից: Սակայն նախագծի ավելի վաղ ներկայացված տարբերակում առաջարկվել էր հարկել 100 գրամ ծավալում 5 գրամից ավելի շաքար պարունակող ըմպելիքները: Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում փոփոխությունը մեկնաբանել էր հետևյալ կերպ՝ դիտարկումները ցույց են տվել, որ շաքարայնության հիման վրա հարկային վարչարարություն իրականացնելը կարող է ուղեկցվել որոշակի բարդություններով այն առումով, որ ըմպելիքների պիտակների վրա հազվադեպ է մակնշվում շաքարի պարունակությունը, իսկ գազավորված լինելն ավելի տեսանելի, ավելի վերահսկելի հատկանիշ է և կարելի է ավելի արդյունավետ հարկային վարչարարություն իրականացնել: