«Արցախի հարցի վերաբերյալ ամեն տեսակի «մուտիլովկաները» պետք չէ լուրջ ընկալել». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի կարծիքով՝ այսօր Հայաստանն Արցախի հարցի շուրջ իրականացնում է ճշգրիտ քաղաքականություն և պատրաստակամություն է հայտնում մասնակցել ցանկացած ձևաչափի երկխոսության։

«Կարծիքներ են հնչում, որ, եթե Արցախի հարցի համար հանդիպումները հաճախակի են դարձել, նշանակում է՝ կողմերին ինչ-որ կարգավորման մոդել են առաջարկել, եթե նույնիսկ այդպես է, ապա դրանից չպետք է մտահոգվել։ Քանի որ, եթե այդ մոդելն այնպիսին է, որն ընդունելի չէ Հայաստանի համար, ուրեմն՝ չի ընդունվելու հայկական կողմից։

Մասնակցելով այդ երկխոսությանը՝ Հայաստանի քաղաքականության մեջ մեկ շատ կտրուկ փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն՝ անկախ նրանից, թե մենք ինչ ակնկալիքներ ունենք բանակցություններից, մենք կոնկրետ այսօրվա իրավիճակից ելնելով՝ անում ենք այն, ինչ անհրաժեշտ է Հայաստանի անվտանգությունն ապահովելու առումով։

Այստեղ տեսել ենք որոշակի որակական փոփոխություններ, երբ ՀՀ պաշտպանության նախարարը հայտարում է, որ Հայաստանը կարող է և′ հարձակվել, և′ դիմել որոշակի քայլերի»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Բորիս Նավասարդյանը։

Ըստ նրա՝ Արցախի հարցի վերաբերյալ ամեն տեսակի «մուտիլովկաները»՝ լրատվամիջոցների և քաղաքական շրջանակների կողմից, պետք չէ լուրջ ընկալել։

Ինչ վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը, Բորիս Նավասարդյանը նկատեց՝ այդ անդամակցությունը պետք է դիտարկել Ռուսաստանի հետ երկկողմանի հարաբերությունների համատեքստում։

Ըստ նրա, եթե Հայաստանը կարողանում է այդ հարաբերությունները պահել քիչ թե շատ նորմալ վիճակում, ապա չպետք է մտահոգի այն ամենը, ինչ կատարվում է ԵԱՏՄ-ում ու ՀԱՊԿ-ում։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս