Հայկական կողմը որոշել է շտկել Փաշինյան-Ալիև օրակարգի հարցը

«Ղեկավարների մակարդակով առաջիկա հանդիպումից բեկում չեմ ակնկալում»,- մեզ հետ զրույցում ասաց բրիտանացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով առաջիկա բարձրաստիճան հանդիպման օրակարգին ու հանդիպումից ակնկալիքներին:

Հիշեցնենք, որ օրերս ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հայտարարություն էին տարածել՝ նշելով, որ Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահը համաձայնել են մոտ ապագայում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

«Տարածաշրջան կատարած մեր այցի ժամանակ առաջնորդները ներկայացրեցին հունվարին Դավոսում՝ Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում տեղի ունեցած կարճատև երկխոսության մանրամասները»,- հայտարարել են Մինսկի խմբի համանախագահները՝ հավելելով, որ տարածաշրջան այցի ժամանակ կողմերի հետ քննարկել են տեղում ստեղծված իրավիճակն ու հաջորդ քայլերի վերաբերյալ նրանց ակնկալիքները:

«Համանախագահները դրական են գնահատում շփման գծում կորուստների նվազումը և ողջունում տարածաշրջանի ժողովուրդներին խաղաղության պատրաստելու շուրջ քննարկումները: Երկու կողմերի առաջնորդներն ընդունեցին Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպում անցկացնելու՝ համանախագահների առաջարկը»,- ասված է հայտարարության մեջ:

Նշենք նաև, որ Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ համատեղ ասուլիսում՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումներին, ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ձևաչափի շուրջ քննարկումներին, նկատի ունենալով Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացում:

«Գիտեք, որ մեր շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ։ Ըստ էության, ԼՂ հարցի կարգավորման եղանակների և նրբությունների մասին ընդհանրապես չենք խոսել: Առաջիկա մեր հանդիպումը նվիրված է լինելու, այդ թվում, բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին: Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է հարցի կարգավորման համար, նախ և առաջ, արդյունավետ ֆորմատ ստեղծել, ապահովել, նախ և առաջ, Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը»,- ընդգծել էր ՀՀ վարչապետը:

Ավելի վաղ, սակայն, ՀՀ վարչապետը նաև ասել էր, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպումն օրակարգ չի ունենալու: Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարած այցի ժամանակ Եվրահանձնակատար Յոհաննես Հանն ասել էր. «Ինչ վերաբերում է մեր աջակցությանը, կարծում եմ, որ պետք է թողնենք ամեն ինչ գործող ֆորմատով, որտեղ քննարկումներ և բանակցություններ են ընթանում, նոր բան չստեղծենք: Մենք պետք է աջակցենք, բայց միայն կողմերի խնդրանքով և պահանջով, որովհետև կողմերը գիտեն՝ ինչ անել, ինչպես աշխատել միմյանց հետ, և մենք պետք է ուղղակի պատրաստ լինենք աջակցել, եթե կողմերը մեզ դրա մասին խնդրեն»:

ՀՀ իշխանությունները հերքել էին, թե հանձնակատարը նկատի ունի Արցախի մասնակցությունը բանակցություններում՝ որպես ձևաչափի փոփոխություն, պնդելով, թե հանձնակատարը նկատի ունի առկա ՄԽ համանախագահների ձևաչափը պահպանելու անհրաժեշտությունը: Սակայն Փաշինյանի հետ հանդիպմանը ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նշել էր, որ կողմ է արտահայտվել վարչապետ Փաշինյանի լիարժեք կերպով ներգրավվածությանը բանակցային գործընթացում՝ առանց նախապայմանների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Նեյլ Մաքֆարլեյնի խոսքով՝ վերջին անդրադարձներից երևում է, որ բարձրաստիճան հանդիպման օրակարգն իսկապես հստակ չէ: Ըստ նրա, եթե ՀՀ վարչապետը խոսում է այն մասին, որ առաջիկա հանդիպմանը քննարկվելու է Արցախի մասնակցության հարցը, ուրեմն այս հարցը պատրաստվում է բարձրացնել:

«Իհարկե, լավ չէ, երբ չկա օրակարգ, բայց հասկանալի է նաև, թե ինչու է այդ մասին ասվում՝ տեղեկատվական սադրանքներից խուսափելու համար: Ես չեմ կարծում, թե նախկին բոլոր բարձրաստիճան հանդիպումները հստակ օրակարգ են ունեցել: Համանախագահները ջանացել են, որպեսզի կողմերը հանդիպեն՝ թեկուզ առանց օրակարգի, որպեսզի շփման գծում լարում տեղի չունենա: Բայց, այնուամենայնիվ, այն, որ մինչ այս որևէ բանակցություն չի եղել, կարծես թե հաստատվում է, թեև շփոթություն է առաջացնում ԱՄՆ նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդի մեկնաբանությունն այն մասին, որ կողմերը քննարկում են հանրաքվեի անցկացման ժամկետները: Սակայն ես այն համոզմանն եմ, որ համանախագահ Հոգլանդը ներկայիս գործընթացից առանձնապես տեղյակ չէ: Ուստի կարծում եմ, որ իսկապես ճիշտ է պնդումը, որ չկա հստակ օրակարգ, որը, իհարկե, դրական չէ՝ գործընթացի հեռանկարների տեսանկյունից, քանի որ հանդիպումը հստակ օրակարգ պետք է ունենա:

Ըստ ամենայնի, հայկական կողմը որոշել է շտկել հարցը և ԼՂ կողմի բանակցային սեղանին ներգրավելու հարցը մտցնել օրակարգ, որով էլ հայկական կողմը զբաղվում է վերջին օրերին: Հստակ է նաև, որ Ադրբեջանը դեմ է սրան, և սա փակուղի է այդ հանդիպման համար:

Հենց այդ պատճառով նկատվում է աջակցություն ներկայիս՝ առանց Արցախի մասնակցության ձևաչափի պահպանության հարցում, քանի որ բոլորն են հասկանում, որ այս հարցի մուտքն օրակարգ, ամենայն հավանականությամբ, փակուղի կտանի հանդիպումը»,- ասաց բրիտանացի վերլուծաբանը:
Բայց, ըստ նրա, ՀՀ նոր իշխանությունները պետք է փորձեն շարժվել այս ճանապարհով, քանի որ չեն պատրաստվում Արցախի փոխարեն ստանձնել որևէ հարցի կարգավորում:

«Որքանով ինձ է հայտնի, նախկին դիվանագիտությունը ևս ուներ նման նպատակ, պարզապես այդ հարցը «քնեցված» էր՝ ադրբեջանական կողմի հնարավոր արձագանքը հաշվի առնելով: Այն ժամանակ մթնոլորտն այնպիսին չէր, որպեսզի հնարավոր լիներ այս հարցը բարձրացնել, ղեկավարները երկար ժամանակ նույնիսկ չէին հանդիպում, բանակցություններ տեղի չէին ունենում: Տեսնենք` ինչով կավարտվի ՀՀ նոր իշխանությունների այս փորձը: Ես, ինչպես նախկինում, այս անգամ ևս բեկումներ չեմ ակնկալում»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս