Բաժիններ՝

«ԵՄ-ն պատրաստ չէ 100%-ով ֆինանսավորել մեր ներկայացրած ծրագրերը». Նիկոլ Փաշինյան

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Բրյուսել կատարած իր այցին:

«ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում և այս առումով Բրյուսելում տեղի է ունեցել արձանագրում, որ ԵՄ-ն լիարժեք պատրաստ է մեզ աջակցել մեր բարեփոխումների օրակարգում և ընդհանրապես Հայաստանում զարգացման ծրագրեր իրականացնելու օրակարգում և այստեղ շատ կարևոր է արձանագրել, որ այս համագործակցության մեջ ԵՄ-ի և մեր կողմից չկա, այսպես ասած, աշխարհաքաղաքական որևէ օրակարգ, ինչը շատ կարևոր է տվյալ հանգամանքում, բայց այստեղ կա մի նրբություն, որ մենք պետք է առաջիկայում կարևոր որոշումներ կայացնենք»,- ասաց Ն. Փաշինյանը:

Ըստ նրա՝ ԵՄ-ի հետ մի քանի «մեգանախագծեր» են քննարկել, որոնց առաջին խումբը վերաբերում է ճանապարհներին և տրանսպորտային ենթակառուցվածքներին, և կառավարության նպատակադրումն է, որ ՀՀ-ում ավտոճանապարհները պետք է բերվեն եվրոպական ստանդարտների, ինչպես նաև Հյուսիս-Հարավի վերաբերյալ պետք է կարևոր որոշումներ կայացնել:

Վարչապետը նշեց, որ հաջորդ մեծ նախագիծը ջրամաբարաշինությունն է. «Ջրերի կառավարման նոր համակարգի ներդրման այս համատեքստում չափազանց կարևոր է Սևանա լճում և Հրազդան գետի երկայնքով մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ ստեղծելը»:

Հաջորդը, նրա խոսքով, դպրոցաշինություն իրականացնելն է, քանի որ Հայաստանը կարիք ունի լրջորեն ընդլայնել այդ ծրագրի շրջանակները, որ այդ դպրոցները սեյսմիկ բոլոր պահանջներին համապատասխանեն և համապատասխանեն ժամանակակից կրթական պահանջներին՝ գույքային և շենքային առումով:

«Լուրջ խնդիր ունենք իրականացնելու արդարադատության ոլորտում»,- ասաց Ն. Փաշինյանը՝ նշելով, որ եվրոպացի գործընկերներին ասել է, որ այն պայմաններում, որ պահվում են դատապարտյալները Հայաստանում, հարիր չեն ժողովդրավարական երկրներին, խաթարվում է արդարադատության բովանդակությունը:

«Մենք այս բոլոր ծրագրերի իրականացման գործում ստացանք մեր գործընկերների աջակցության պատրաստակամությունը: Բաց աստեղ կա մի խնդիր, որ պատրաստ լինելով աջակցել, ԵՄ-ն պատրաստ չէ 100%-ով ֆինանսավորել դրանք»,- ասաց Ն.Փաշինյանը՝ հավելելով, որ այստեղ լուրջ մասնակցություն պետք է ունենա ՀՀ-ն՝ պետական եկամուտների ավեալացման, արտաքին միջոցների ներգրավման միջոցով:

Վարչապետը նշեց, որ իր պատգամավորական ողջ գործունեության ընթացքում առանց բացառության բոլոր վարկային համաձայնագրերին քվեարկել է դեմ, և դա ունեցել է լուրջ քաղաքական հիմնավորում, քանի որ կառավարությանը համարել է կոռումպացված, որին չի կարելի վստահել վարկային միջոցների ծախսումը: Նրա կարծիքով՝ այս ընթացքում այդ դիրքորոշումը հիմնավորվել է առնվազն մի քանի խոշոր ծրագրերի առումով: Ն.Փաշինյանը հարցադրում արեց՝ արդյոք կարո՞ղ են այժմ երաշխիքներ ստեղծել, որ պետական և վարկային միջոցները ծախսվեն նպատակային, և ո՞րն է այն չափաբաժինը, որտեղ կարող են պետական պարտքի մակարդակը բարձրացնել և դարձնել կառավարելի, որը ՀՀ-ին օգուտներ կբերի, ոչ թե վնաս:

Վարչապետը նշեց, որ նախնական պայմանավորվածություն ունի, որ մեկ ամսում ՀՀ կենտրոնական բանկի հետ համատեղ քննարկեն, իսկ եզրակացության վերաբերյալ կլինեն քննարկումներ հանրային հատվածի հետ և ԱԺ-ում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս