Արցախում գրանցվել է վերին շնչուղիների սուր վարակի հիվանդությունների աճ. մասնագետ
Արցախի Հանրապետությունում ընթացիկ տարվա մարտի 5-ի դրությամբ վերին շնչուղիների սուր վարակի (ՎՇՍՎ) հիվանդությունների պատճառով հիվանդանոցների ստացիոնար բաժանմունքում գրանցվել է 67 հիվանդ, որից 48-ը երեխաներ են:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Օֆելյա Հարությունյանը՝ նշելով, որ ամբուլատոր դիմելիությունը հանրապետությունում կազմել է 235, որից 210-ը՝ երեխաներ:
Ըստ մեր զրուցակցի՝ ստացիոնար բաժանմունքում գրանցված հիվանդներից 18-ի մոտ հայտնաբերվել է թոքաբորբ, որից 10-ը երեխաներ են:
«Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետությունում հիվանդությունների թիվը երկու անգամ աճել է. այն պայմանավորված է սեզոնային գրիպի և սուր-շնչառական վարակների ներկայիս սեզոնային օրինաչափությամբ:Ընդհանուր առմամբ, վիճակը վերահսկելի է: Այն կանխարգելելու համար անհրաժեշտ է իրականացնել համապատասխան պատվաստում, որը հանրապետության բոլոր հիվանդանոցներում տրամադրվում է անվճար՝ պետպատվերի շրջանակներում: Պատմաստումն կատարվում է 6 ամսականից բարձր երեխաներին և ռիսկային խմբի խրոնիկ հիվադներին»,-նշել է ոլորտի պատասխանատուն:
Նա հորդորել է բոլորին, որ վերին շնչուղիների սուր վարակների առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի և ստանալ համապատասխան խորհրդատվություն, հագնվել տաք և օգտագործել շատ հեղուկ: