Արմեն Աշոտյանն առաջարկում է Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը հռչակել Արցախի փրկության օր
ՀՀ կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հռչակել Քաղաքացու օր և հայտարարել ոչ աշխատանքային։ Այս մասին տեղեկություն էր տարածել «Ժամանակ» թերթը։
Ըստ թերթի, Կառավարությունն առաջիկա նիստում կքննարկի այդ հարցը։
168.am-ը Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ կարծիք ունի՝ այս նախաձեռնության հետ կապված, և այդ օրն ի վերջո ո՞ր քաղաքացու օրն է լինելու։
ՀՀԿ փոխնախագահի խոսքով՝ իրեն հարգող յուրաքանչյուր հեղափոխություն փորձում է սահմանել սեփական հեղափոխության օրացույցը։
«Օրինակ՝ Ֆրանսիայում մեծ հեղափոխությունից հետո սահմանվեց նոր ֆրանսիական հեղափոխական օրացույց, որտեղ պատմությունը սկսվում էր 1792 թվականի, եթե չեմ սխալվում՝ սեպտեմբերի 22-ից։ Օրացույցում շաբաթները վերացվեցին և սահմանվեցին տասնօրյակներ, յուրաքանչյուր ամիս ստացավ հեղափոխական անուն։ Կար շատ հետաքրքիր ու կարևոր նրբություն, տարվա յուրաքանչյուր օր ուներ իր անունը, օրինակ՝ կովի, գազարի օր, կար նաև ոչխարի օր։ Չգիտեմ՝ բանանի օր կա՞ր, թե՞ չկար, ըստ ամենայնի՝ կար, որովհետև բանանը Եվրոպա սպառողական նպատակներով սկսեց ավելի ուշ ներմուծվել»,- ասաց Ա. Աշոտյանը։
Ըստ նրա՝ նման նախադեպ է եղել նաև Խորհրդային Միության սոցիալիստական հոկտեմբերյան հեղափոխությունից հետո, երբ ստեղծված նոր օրացույցում շաբաթը ոչ թե 7 օր էր, այլ՝ 5։
«Ֆրանսիական հեղափոխական օրացույցը վերացվեց, երբ Նապոլեոնը դարձավ կայսր, Խորհրդային Միության օրացույցը հենց Միության ժամանակ էլ վերացվեց։ Եթե գնանք այս տրամաբանությամբ, ապա օրինագծի հեղինակներին կառաջարկեմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականի օրը սահմանել՝ որպես Արցախի փրկության օր։ Եթե այդպես պետք է գնանք, գնանք այս ճանապարհով՝ Արցախի փրկության օր։ Իհարկե, այս ամենը ծիծաղելի կլիներ, եթե այդքան ողբերգական չլիներ։ Սա հերթական անգամ ցույց է տալիս հասարակական-քաղաքական, պետական մտքի այսօրվա սնանկությունը, երբ հանրային-քաղաքական դիսկուրսն իր նշաձողով իջել է «պլինտուսի» մակարդակի»,- շեշտեց Արմեն Աշոտյանը։
Հարցին՝ ինչո՞ւ ՀՀ վարչապետը մարտի 1-ին մարդկանց հրավիրեց երթի, ելույթ չունեցավ և նրանց թողնելով հրապարակում՝ գնաց սրճարան և այնտեղից հետևեց երթի ընթացքին, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ վերջին 10 օրվա ընթացքում վարչապետից ակնկալվում էր հանրային խոսք, գործողություն, բայց դա չեղավ։
«Ունեինք Արցախի անկախության օր՝ փետրվարի 20-ը, ի՞նչ արեց վարչապետը, կներեք արտահայտությանս համար՝ մի մեռելածին հայտարարություն, որն ավելի լավ է՝ չաներ, դրան հաջորդեց սումգայիթյան զոհերի հիշատակի օր, ի՞նչ արեց վարչապետը՝ «թվիթ» արեց, «ֆեյսբուք» չէ, այլ՝ «թվիթ»՝ առանց ուղերձի։ Ունենք մարտի 1, որը մեր պատմության ողբերգական էջերից մեկն է, վարչապետն ուղերձ հղեց, որպեսզի երթ անի, պետական ամբողջ ապարատն այն կազմակերպեց, հետո երթում մասնակիցների քանակից դժգոհ էր, որովհետև նա ցանկանում էր մարտի 1-ի սուգը վերածել ուժի ցուցադրության, բայց հայ հասարակությունը նրան թույլ չտվեց կազմակերպել ուժի ցուցադրություն ողբերգության ու մահվան օրը։ Սա շատ կարևոր, հանրային ուղերձ էր Նիկոլ Փաշինյանին»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան