«Բանակցային գործընթացում նոր տարրեր են հայտնվում, և դա առնվազն այս պահին մեծացնում է անորոշության աստիճանը». Ռուբեն Մեհրաբյան

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, որ երկու կողմերի առաջնորդները համաձայնել են հանդիպում անցկացնել, և դրա հետ կապված՝ արդեն պրակտիկ աշխատանք է տարվելու։ Փաշինյանն ասաց, որ դա լինելու է հանդիպում առանց օրակարգի, որի ընթացքում քննարկվելու է բանակցային ֆորմատը՝ որպես այդպիսին, և քանի չկա բանակցային ֆորմատի մասին պայմանավորվածություն, այդ շփումները հնարավոր չէ համարել բանակցություններ։ Իմ տպավորությամբ՝ բոլոր դեպքերում շփումներն ավելի լավ են, քան շփումների բացակայությունը։ Ինչպես տեսնում ենք, այդ շփումները տեղի են ունենում շփման գծի վրա՝ ռազմական իրավիճակի հանդարտության պայմաններում, և սա որպես դրական զարգացում է ընկալվում։ Ընդ որում՝ այդ դրական զարգացման մեջ նշվում է երկու կողմերի հավասարաչափ ներդրումը»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերով հայկական ինստիտուտի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությանը։

Ըստ նրա՝ մյուս կողմից՝ պետք է լավ հասկանալ, որ իրականությունը շատ ավելի բարդ է. «Ինչ-որ առումով բանակցային գործընթացում նոր տարրեր են հայտնվում, և դա առնվազն այս պահին մեծացնում է անորոշության աստիճանը։ Կարծում եմ՝ սա մի շրջափուլ է, որից հայկական կողմը պետք է «պլյուս»-ով դուրս գա։ Մնացածը՝ կապրենք՝ կտեսնենք»։

Հարցին՝ Փաշինյանն ի՞նքը պետք է գնա նման հանդիպումների, որտեղ բանակցային ֆորմատ է որոշվելու, թե՞ դա ԱԳՆ-ն պետք է անի, Ռ.Մեհրաբյանը պատասխանեց, որ ձևաչափի մասին որոշում երկրների ղեկավարներն են ընդունելու։

Նա նշեց, որ նախ՝ այսօր այլ ձևաչափ չկա, քան երկկողմ ձևաչափն է, երկրորդ՝ հայկական կողմը բարձրացնում է եռակողմ ձևաչափի վերականգնման հարցը, որը պետք է առայժմ լուծվի երկկողմ ձևաչափով։

Փաշինյանի առաջարկին Բաքվի մերժումը Ռ.Մեհրաբյանը անսպասելի չի համարում. «Բնականաբար, Բաքուն ներկայումս փորձում է իր դեմքը չկորցնել, որովհետև նա նաև ունի ներքին լսարան և ներքաղաքական խնդիրներ, հետևապես՝ ես կզարմանայի, եթե Բաքուն դրան նման ձևով չարձագանքեր։ Բայց դա դեռ ոչինչ չի նշանակում»։

Դիտարկմանը, որ Ստեփանակերտն ահազանգում է սահմանին ադրբեջանական ակտիվացման մասին, քաղաքագետը նշեց, որ Ադրբեջանը հնարավորությունը չի կորցնում իր դիրքերը բարելավելու համար, որ, եթե հիպոթետիկ սրացման փուլ մտնեն, ապա մտնեն ավելի ձեռնտու պայմաններով։ Նրա կարծիքով՝ հայկական կողմը ևս ձեռքերը ծալած չի նստում ռազմական առումով։

Թե ի՞նչ զարգացումներ են սպասվում, Ռ.Մեհրաբյանը պատասխանեց. «Պետք է մեկընդմիշտ ֆիքսել՝ երբ կոնֆլիկտը կոչվում է Ղարաբաղյան, և գնում է գործընթաց, որի վերջնարդյունքը պետք է լինի Ղարաբաղի ճակատագիրը, դա չի կարող ընթանալ առանց Ղարաբաղի։ Ի վերջո, մենք ուզո՞ւմ ենք կոնֆլիկտը լուծենք, թե՞ չենք ուզում լուծել։ Եթե ուզում ենք լուծել, ապա այդ հավասարումը լուծում չունի առանց Ղարաբաղի։ Իսկ մնացած թեմաներում ադրբեջանական լիրիկան իրերի այդ դասավորության վրա չի ազդում»։

Տեսանյութեր

Լրահոս