Հայաստանում ներդրումների ներգրավումն ունի իր տրամաբանական հերթականությունը

Հայաստանի զարգացման համար ներդրումների դերը դժվար է թերագնահատել: Տարիներ շարունակ ներդրումների կարևորության աքսիոմատիկ ճշմարտության մասին շատ է խոսվում, և թվում է, թե կա՞ արդյոք կարիք՝ կրկին անդրադառնալ հարցին: Վերջին օրերին կարծիք է առաջմղվում, որ երկիր միջոցներ ներգրավելու համար (դրանք հետագայում ներդրումներին ուղղելու ակնկալիքով) պետք է երկրի պարտքն ավելացնել, որը մեր դեպքում հիմնականում առաջարկվում է իրականացնել արտաքին պարտքի միջոցով:

Պարտքով ներդրում անել, իհարկե, կարելի է, օրինակ, եթե այն ապահովում է ենթակառուցվածքների զգալի բարելավում, ինչն իր հերթին՝ կնպաստի երկրի տնտեսության իրական ճյուղերի զարգացմանը: (Ենթադրվում է, որ գումարների ծախսման գծով կլինի խիստ հսկողություն): Ենթակառուցվածքների զարգացման հիմքում հստակ հաշվարկներ և հեռանկարային ծրագիր է պետք (10-40 տարվա հեռանկարով): Իսկ ուղղակի տնտեսական աճի ակնկալիքով պարտք վերցնելը ինքն իրենով տարակուսանք է առաջացնում` հաշվի առնելով այն, որ երկրից ներդրման համար առկա պոտենցիալ գումարներ անգամ արտահոսում են:

Մի քանի տասնյակ միլիոն դոլար պարտք վերցնելու համար մեծ ջանքեր են գործադրվում, այնինչ հաճախ հանգիստ է ընկալվում կամ հիմնավորվում, կամ անգամ անտեսվում երկրից ավելի մեծ ծավալով միջոցների զուտ արտահոսքի խնդիրը: Ի պաշտպանություն պարտքի ավելացման, բերվում է Սինգապուրի` որպես արագ զարգացած երկրի օրինակը, որտեղ հսկայական պետական պարտք մշտապես գոյություն ունի, սակայն չի նշվում, որ այդ պարտքը, շատ փոքր բացառությամբ, կուտակված պարտադիր կենսաթոշակային խնայողություններն են, որոնք ձևավորվում են տեղական բնակչության (քաղաքացիներ և մշտական բնակիչներ) ստացված եկամուտներից (համահարթ 20% դրույքաչափով) և, ըստ ժամանակացույցի, հետ են վերադարձվում խնայողության տերերին:

Ի՞նչ է անում բժիշկը, երբ հիվանդի մոտ նկատում է ցանկալի ցուցանիշներից շեղում: Նախ, փորձում է կատարել հիվանդության կամ վիճակի դիագնոստիկ (ախտորոշիչ) գործողություն` արդեն իսկ առաջացած դրության (հիվանդության) և դրա հետևանքների մասին անդադար խոսելու փոխարեն: Հայաստանում ներդրումների ծավալները ցածր են` ցանկալիից անհամեմատ ավելի ցածր:

Ներդրումների աղբյուրները մեր երկրի դեպքում երեքն են.

1) Հայաստանի աղբյուրներից (ներքին),

2) հայկական սփյուռքից (արտաքին) և

3) համաշխարհային (ծագումով ոչ հայկական) աղբյուրներից:

Այս վերջին` երրորդ խումբը մեր տնտեսության ներկա և անգամ հեռավոր ապագայի ծավալների համեմատ կարելի է համարել անսահման: Ոչ սփյուռքահայ ներդրողը, մեր տեսակի համաշխարհային դիասպորիկ (սփյուռքային) ազգի պարագայում, մի պարզ դատողություն է անում. «Ինչո՞ւ ներդրում կատարել, եթե այդ երկիրը` Հայաստանը, և նրա մշակույթը ավելի լավ ճանաչող հայկական սփյուռքը այդպես չի անում»:

Սփյուռքի ներդրողները (նշված երկրորդ խումբ), որոնց հավաքական կարողությունը Հայաստանի տնտեսության համար նույնքան աստղաբաշխական է` տարբեր գնահատականներով շուրջ 150-200 միլիարդ դոլարի սահմաններում (ինչը Հայաստանի ՀՆԱ-ի առնվազն տասնապատիկն է), նույն կերպ է մտածում. «Ինչո՞ւ ներդրում կատարել, եթե Հայաստանում ապրող պոտենցիալ ներդրողը, ով շատ ավելի լավ է երկիրն ու նրա գործարար միջավայրը ճանաչում, իր հնարավորության սահմաններում ներդրումներ չի կատարում, և ավելին, շատ դեպքերում այդ ներդվելիք գումարը երկրից դուրս է հանում»:

Եվ այստեղ է ուրեմն խնդրի սկզբնակետը: Հարցի հնարավոր լուծումներ գտնելու համար նպատակահարմար է ուսումնասիրել և պարզել գործոնների այն շրջանակը, որոնք խոչընդոտ են հանդիսանում երկրի ներքին ներդրումների համար: Վերացական քննարկումներից զերծ մնալու համար առաջարկվում է, նախ՝ ներգրավել Հայաստանում բնակվող (այդ թվում` սփյուռքից եկած) տնտեսության տարբեր բնագավառներ ներկայացնող գործող և պոտենցիալ (հետաքրքրվող) ներդրողների խումբ, որը ներքին ներդրումներին առնչվող իրավիճակի և հնարավոր կոնկրետ ինտեգրված լուծումների իր վերլուծությունն ու առաջարկները այնուհետև կքննարկի կառավարության հետ:

Այսպիսով, չթերագնահատելով արտաքին ներդրումների կարևորությունը` առաջարկվող առաջին քայլը նախ նպատակ է հետապնդում ներդրողների համար ստեղծել հնարավորություն իրականացնելու ներքին ներդրումային միջավայրի ախտորոշում: Մեր տեսակի համաշխարհային ազգի դեպքում, քանի դեռ ներքին միջոցներն արդյունավետ չեն օգտագործվում, արտաքին աղբյուրներից մեծածավալ ներհոսք ակնկալելը ինքնախաբեություն է:

ՎԱՀԱԳՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
(ք. Հոնկոնգ)

Հ.Գ. Նախաձեռնության հեղինակը ծնվել է Երևանում, ավարտել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանը, այնուհետև` Հայաստանի ամերիկյան համալսարանի և ԱՄՆ Միսսուրի նահանգի պետական համալսարանի մագիստրատուրան, շուրջ տասը տարի աշխատել է Հայաստանի բանկային համակարգում` ղեկավար տարբեր պաշտոններում, և 2005թ.-ից բնակվում է Ասիայում` Պեկինում, Սինգապուրում, և ներկայումս` Հոնկոնգում, որտեղ հանդիսանում է Չինական (Հան) ակադեմիայի փոխտնօրեն: Վահագն Վարդանյանը Սինգապուրի պետական համալսարանում (National University of Singapore) պաշտպանել է թեզ` ստանալով «Աշխարհաքաղաքականություն և քաղաքական աշխարհագրություն» մասնագիտության դոկտորի գիտական աստիճան: Ոուսումնասիրության բնագավառը պետական/ազգային ինքնությունն է:

Տեսանյութեր

Լրահոս