
Ամերիկացիների մեծամասնությունը վստահ է, որ մյուս երկրների ղեկավարները չեն հարգում Թրամփին

Ամերիկացիների մեծամասնությունը կարծում է, որ աշխարհում իրենց երկրի նկատմամբ վերաբերմունքն ընդհանուր առմամբ բարյացակամ է, բայց ահա երկրի նախագահ Դոնալդ Թրամփը հարգանք չի վայելում մյուս պետությունների ղեկավարների շրջանում: Սրանք են հասարակական կարծիքի հարցման՝ փետրվարի 25-ին հրապարակված արդյունքները, որն անցկացվել է Gallup ծառայության կողմից։
Այս հետազոտության համաձայն, հարցման մասնակիցների 58 տոկոսը վստահ է, որ ԱՄՆ-ն զգալի չափով կամ ինչ-որ չափով դրականորեն Է ընկալվում մյուս երկրներում: Դա ամենաբարձր ցուցանիշն է 2003 թվականից ի վեր: Անցյալ տարի նույն այս կարծիքը պաշտպանում էր հարցվածների 55 տոկոսը:
«Լավատեսների» թվի ավելացումը, ըստ վերլուծաբանների գնահատումների, տեղի է ունեցել գլխավորապես այսպես կոչված անկախ ընտրողների կարծիքի փոխվելու հաշվին, որոնք իրենց չեն համարում երկրում առաջատար երկու քաղաքական կուսակցություններից որեւէ մեկի կողմնակիցներ:
Քաղաքացիների կեսից ավելին՝ 53 տոկոսը, կարծում է, որ աշխարհում ԱՄՆ-ի իմիջը պետք է բարելավել: 2017 թվականին իմիջից դժգոհները կազմում էին 67 տոկոս: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարին, ապա հարցման մասնակիցների 65 տոկոսից ավելին վստահություն Է հայտնել, որ նա չի վայելում արտասահմանցի իր պաշտոնակիցների հարգանքը: Հակառակի մասին հայտարարել է մասնակիցների 31 տոկոսը:
Հետազոտության հեղինակները նշել են, որ ամերիկացիները համանման կարծիք ունեին նաեւ Թրամփի նախորդի՝ Բարաք Օբամայի նկատմամբ՝ նրա երկրորդ նախագահական ժամկետի ավարտին: Իսկ նրա կառավարման սկզբում ԱՄՆ-ի քաղաքացիների 67 տոկոսից ավելին կարծում էր, որ Օբամային հարգում են աշխարհում: Փետրվարի 1-ից մինչեւ 10-ն անցկացված հեռախոսային հարցմանը մասնակցել են 1016 չափահաս ամերիկացիներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: