«Նախարարը պետք է զգույշ լինի այն մարդկանցից, որոնք նման խորհուրդներ են տալիս». Արմեն Մարտիրոսյան
Օրերս Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել՝ նշելով, որ դպրոցական պայուսակները կթեթևանան, քանի որ քննարկումներից հետո որոշել են դպրոցական դասագրքերը դարձնել երկհատոր. «Սա հնարավորություն կտա երեխաների համար երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները։ Մեր երեխաների առողջությունը մեզ համար կարևոր է»,- գրել է ԿԳ նախարարը և հավելել, որ այդ փոփոխությունը ծնողների համար լրացուցիչ ֆինանսական բեռ չի ստեղծի։
«Անտարես» հրատարակչական ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանն անդրադառնալով ԿԳ նախարարության այս նախաձեռնությանը՝ նկատեց՝ լավ է, որ այս հարցը բարձրացվում է, դրա պատճառը կա՝ դպրոցական երեխաների պայուսակը ծանր է, սակայն այստեղ հարց է՝ պայուսակը դասագրքերի՞ց է ծանր, թե՞ այլ բաներից։
«Գուցե պահանջում են դպրոց տանել այնպիսի պարագաներ, որոնք մինչև այդ նախատեսված չէին դպրոց կառուցելիս, ի՞նչ են տանում իրենց հետ, ինչո՞ւ հանկարծ ամենախոցելի վիճակում հայտնվեցին դասագրքերը, այլ ոչ թե, օրինակ՝ կոշիկը, որ իրենց հետ տանում են, մեկ շիշ ջուրը, ինչո՞ւ է այդ ամենը անհրաժեշտ, իսկ դասագիրքը՝ երկրորդական, և այն պետք է փոխեն։ Երբ մենք ասում ենք, որ երեխաները դժվարանում են այդ ծանր պայուսակով դպրոց գնալ, նշանակում է, որ խոսքը 10-րդ կամ 7-րդ դասարանի աշակերտի մասին չէ, չէ՞, երևի ավելի փոքրերի մասին է, մինչև 4-րդ դասարան։ Եթե այդ դժգոհությունը մինչև 4-րդ դասարանի երեխաների ծնողների կողմից է, ապա ինչո՞ւ են 7, 8, 9-րդ դասարանի դասագրքերը կիսվում, ինչո՞ւ առանձնացված չէ մոտեցումը։
Արդյո՞ք դասացուցակները ստուգվել են, և չկա, օրինակ՝ երկուշաբթի՝ երաժշտություն, ֆիզկուլտուրա, նկարչություն, իսկ մյուս օրերը՝ կենսաբանություն, հանրահաշիվ, ֆիզիկա, քիմիա և այլն։ Գուցե նայեն, որ մեր դասացուցակներն այդքան էլ հաջող չեն կազմվում, գուցե պետք է դասացուցակներ կազմելու մասին ֆիլմեր ստեղծվեն և տարածվեն բոլոր ուսմասվարների շրջանում»,- ասաց Ա. Մարտիրոսյանը։
Նրա խոսքով՝ դասագիրքը մեկ ամբողջություն է, որտեղ ցանկացած հաջորդ բաժնում կա անդրադարձ նախկինի ունեցած գիտելիքներին, քանի որ ֆիզիկան, քիմիան, մաթեմատիկան սիստեմային գիտություններ են, նույնը վերաբերում է նաև հումանիտար առարկաներին։
«Օրինակ, երկրաչափության դասագրքում կա, որ խնդիրը գտնվում է երկրորդ հատվածում, բայց խնդրի թեորեմը կամ աքսիոմը գտնվում է գրքի առաջին մասում: Ի՞նչ, պետք է այս օրը երեխային ասեն՝ երկրորդ գիրքը նո՞ւյնպես բերեք։ Ենթադրենք՝ մեկ դասագիրքը բաժանեցինք երկու մասի, ստացվում է, որ օրգանիզմը կիսում են երկու մասի՝ գլուխը, երկու ձեռքը և մեկ ոտքը դնում են մեկ հատվածում, իսկ իրանն ու մեկ ոտքը՝ մյուս հատվածի մեջ։
Ինչպե՞ս կլինի, այսինքն՝ գործնականում դրանք չեն աշխատելու, սա օրգանիզմ է, որը չի կարելի կիսել։ Օրինակ՝ ֆրանսերենի դասագրքում կա բառարան, բովանդակության ցանկ, ասում են՝ այդ ամենը դրեք նաև գրքի առաջին հատվածի վերջում։ Եթե դա դնում ենք առաջին մասի վերջում, կես դասագրքի կշիռը ստացվում է նույնչափ, ինչ ամբողջ դասագիրքն է, կիսելու իմաստը ո՞րն է։ Լավ, ժողովուրդ, ԿԳ նախարարն ունի բուհական աշխատանքի փորձ և հանրակրթության մեջ համեմատաբար նոր մարդ է։ Կարելի՞ էր այդ մարդուն նորմալ տվյալներ տալ ամբողջ աշխարհի փորձից, չէ՞ որ մեզանից ավելի փոքրամարմին ժողովուրդներ կան, ի՞նչ է, իրենք բոլորը դասագրքերը կիսե՞լ են»,- նկատեց Արմեն Մարտիրոսյանը։
Նրա դիտարկմամբ, այսպես թե այնպես, դպրոցական դասագրքերը պետք է փոփոխվեն, լինեն նոր չափորոշիչներ, որի հիման վրա էլ ստեղծվեն նոր տիպի դասագրքեր։
Նա համոզված է, որ ինչպես՝ Հայաստանում, այնպես էլ՝ հարևան պետություններում դպրոցական դասագրքերը նախագծվել ու մշակվել են մինչև «Google»-ի դարը, «Google»-ը և որոնողական մյուս համակարգերը մեծ հեղափոխություն են, որոնք հնարավոր չէ հաշվի չառնել կրթության մեջ։
««Google»-ի դարում դասագրքում մեծ տեղեկատվության կուտակման կարիք չկա, դասագիրքը պետք է սովորեցնի տեղեկատվությունը կիրառել, որոշում կայացնել, կապեր հաստատել, կոմպլեքս ու բարդ խնդիրներ լուծել, ասում եմ բոլոր առարկանների մասով, այսինքն՝ այն խնդիրները, որոնք կյանքում են հանդիպում։ Այս առարկաները մեզ պետք է օգնեն, որպեսզի մենք կարողանանք հետագայում էլ սովորել։ Դասագիրքն առաջին հերթին՝ պետք է սովորեցնի սովորել։ Վաղվա դասագիրքը, որը ծնվելու է 3 կամ 4 տարի հետո, չի լինելու այնքան հաստ, ինչպես այսօր է, չնայած այսօրվա դասագիրքը սանիտարահիգիենիկ նորմի մեջ է։
Գրքի հաստությունը պակասելու է այն տեղեկատվության հաշվին, որը պետք է տրվի էլեկտրոնային տեսքով։ Այսինքն, Հայաստանը ստիպված է գնալ նրան, որ դասագիրքը պետք է փոխարինվի ուսումնամեթոդական փաթեթով, այն է՝ դասագիրք, դասատետր, ուսուցչի ձեռնարկ և էլեկտրոնային հավելվածներ, և՝ ոչ միայն, այլ տիպի պարագաներ, գրքեր, որոնք որ պետք չէ տանել դպրոց։ Այդ դեպքում ի՞նչ կարիք կա գիրք կիսելու գաղափարն այսօր «շըփ-թըփ» անել, ընկնել աշխարհով մեկ, ու ժողովուրդը կսկսի ցավից ծղրտալ»,- նշեց Ա. Մարտիրոսյանը
Ըստ նրա՝ ժամանակին դասագրքաստեղծ գործընթացը կազմակերպել է ԿԳ նախարարության, Դասագրքերի շրջանառու հիմնադրամը և Համաշխարհային բանկը, որն ունենալով մեծ փորձ այլ երկրներում՝ ստիպել է, որպեսզի կիրառեն այդ փորձը նաև Հայաստանում, ինչը, Ա. Մարտիրոսյանի բնորոշմամբ՝ դրական փորձ էր։
«Դասագրքաստեղծ գործընթացը ՀՀ վերադարձված միակ վարկն է, սա զիլ գործընթաց է, որը չպետք է խաթարել։ Բայց այդ ինչպե՞ս եղավ, որ պայուսակը ծանրացավ, չէ՞ որ այդ հաշվարկը կար, թե 1-ին կամ 2-րդ դասարանցին ինչ քաշի պայուսակ պետք է տանի դպրոց, այդ ինչպե՞ս եղավ, որ անհրաժեշտ չորս դասագրքերը հանկարծ դարձան յոթ։ Լավ, ինչպե՞ս եղավ, որ Հայաստանում ավելացրեցին առարկաներ, որոնք պահանջում են դասագրքեր։
Երբ ես սովորում էի, չկար նկարչության, ֆիզկուլտուրայի, երաժշտության, շախմատի և հայ եկեղեցու պատմության դասագրքեր և, փառք Աստծո։ Վերցրել են ուսումնական գործընթացը և այլանդակել են այս ամենով, ու չի բացառվում, որ վաղն էլ ասեն՝ քարի կտոր դրեք պայուսակի մեջ, քանի որ դա անհրաժեշտություն է, որովհետև քարոզում են հայրենասիրություն քարի ու սարի երկրում, իսկ հայը պետք է քարին կառչած մնա:
Բնականաբար, այդ ժամանակ միշտ էլ պայուսակը ծանր կլինի։ Այդ դեպքում եկեք դասագրքերից առհասարակ հրաժարվենք կամ մեկ էջանոց դարձնենք, ի՞նչ պարտադիր է, ամեն մեկից մեկ պարագրաֆ թող տպեն, տանեն դասի»,- ընդգծեց Արմեն Մարտիրոսյանը։
Նրա կարծիքով՝ այն մարդիկ, որոնք նման գաղափար են առաջ քաշել, ցանկանում են նոր իշխանության եկած և փոփոխություն ցանկացող վերնախավի «ոտքի տակ օճառ դնել»։
«Սա վտանգ է, կարծում եմ՝ սաբոտաժ Արայիկ Հարությունյանի հանդեպ։ Ըստ իս՝ նախարարը պետք է զգույշ լինի այն մարդկանցից, որոնք նման խորհուրդներ են տալիս։ Եթե դասագրքերը փոխելու գործընթացը սկսեն, ապա, ըստ իս, մեկ տարի հետո լաց ու կոծը կլսվի։ Կհասկանան, թե ինչ խայտառակություն են արել, դասավանդման գործընթացի արդյունավետությունն ընկնելու է»,- եզրափակեց Արմեն Մարտիրոսյանը։
Զվարթ Խաչատրյան