Բաժիններ՝

Եթե կան մարդիկ, ովքեր գազի համար դեկտեմբերին 10.000 դրամ են վճարել, իսկ հունվարին՝ 100.000, թող կտրոնները բերեն՝ ցույց տան

Քաղաքացիները սոցիալական ցանցերում հայտնել էին իրենց դժգոհությունը՝ գազի և էլեկտրաէներգիայի հունվար ամսվա վճարների ահռելի չափի վերաբերյալ: Նրանց խոսքով՝ մոտ երկու անգամ աճ է եղել:

Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանի խոսքով՝ սա ամեն տարի կրկնվող խնդիր է:

«Բարձրաձայնում են խնդրի մասին, և որոշ ժամանակ անց մարում է: Տարիներ առաջ կրկին բողոքում էին՝ ասելով, թե օդ կամ ազոտ են խառնում, բայց եթե մարդը ֆիզիկա գիտի՝ կհասկանա, որ սխալ մոտեցում է, որովհետև օդը խառնելը պայթյունավտանգ է, ազոտն էլ ավելի թանկ է, քան գազը: Հետևաբար՝ սա բացառվում է: Միակ խնդիրը ճնշման խնդիրն էր, իսկ վերջին տարիներին այն գրեթե չի լինում:

Կարծում եմ՝ նախատոնական օրերն են պատճառը, դեկտեմբերի 30-ի և 31-ի ծախսը հունվար ամսվա ծախսին է գումարվել: Ե՛վ կերակուր են պատրաստել, և՛ ջեռուցել բնակարանը: Հաշվի պետք է առնել այն, որ հունվարին մոտ 10 օր մարդիկ տանն են եղել, հյուրեր են ընդունել:

Իսկ այն, որ համացանցում գրել էին՝ 5-10 անգամ շատ է եղել գումարը, մի քիչ անլուրջ եմ համարում: Սակայն, եթե կան մարդիկ, ովքեր դեկտեմբերին 10.000 դրամ են վճարել, իսկ հունվարին՝ 100.000, թող կտրոնները բերեն՝ ցույց տան, և զբաղվենք այդ հարցով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կարեն Չիլինգարյանը:

Սպառողների խորհրդատվության կենտրոն հ/կ նախագահի փոխանցմամբ՝ նախկինում տեուչները հաշվիչների հետ կապված ինչ-որ մանիպուլյացիաներ արել են, բայց հիմա սպառողն ավելի աչալուրջ ու գրագետ է:

«Եվ հետո, օրինակ, գազի դեպքում  միջամտել հնարավոր չէ: Պատկերացնո՞ւմ եք՝ դրսում հաշվիչները դրած են, գան համատարած սկսեն քանդել: Ժամեր է պետք: Նույնը նաև՝ էլէներգիայի հաշվիչների դեպքում: Իսկ եթե մարդ կա, որ տանը չի եղել, ապա թող դիմի, զբաղվեն ու պարզեն՝ խնդիրը հարևանի՞, թե՞ տեսուչի պատճառով է եղել»,- նշեց նա:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս