Արդար ու թափանցիկ ՏԻՄ ընտրություններում իշխանական թեկնածուները հիմնականում պարտվել են
Անցած կիրակի օրը՝ փետրվարի 17-ին, տեղի ունեցան Հայաստանի 24 համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրություններ։ 20 համայնքներ ընտրեցին իրենց ղեկավարներին։
Ընդ որում՝ ընտրողների մասնակցությունն անհամեմատ բարձր էր՝ 58.47 %, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ 48.6%։ ԿԸՀ-ն հրապարակել է ընտրությունների նախնական արդյունքները։ Ըստ այդմ՝ ամենաքիչ մասնակցությունը եղել է, թերևս, Տեղեր համայնքում՝ 89 ընտրող, ինչը, սակայն, պայմանավորված է միայն մեկ առաջադրված թեկնածուի հանգամանքով՝ համայնքի ղեկավար Գառնիկ Հովհաննիսյան, հետևաբար՝ նա էլ հաղթել է և կղեկավարի համայնքը։ Հայկավանում ևս մեկ առաջադրում էր՝ համայնքի անկուսակցական ղեկավար Ռուբեն Ղազարյան, որը ստացել է 323 քվե։
Օհանավանում առաջադրված 4 թեկնածուներից ամենաշատ ձայներ ստացել է անկուսակցական Էդգար Հայրապետյանը՝ 600 քվե, Արևաբույր համայնքում՝ դրա ղեկավարի ժ/պ, անկուսակցական Ջիվան Մանուկյանը՝ 381 քվե։ Վարդաշենում առաջադրված 2 թեկնածուների միջև ձայները գրեթե հավասար են բաշխվել, միայն 1 քվեի տարբերությամբ հաղթել է համայնքի ղեկավար, անկուսակցական Գևորգ Բարխոյանը։
Հովտամեջում հաղթել է համայնքի ղեկավար, անկուսակցական Արմեն Սարգսյանը, Նալբանդյանում՝ համայնքի անկուսակցական ղեկավար Գրիգոր Մկրտչյանը՝ 961 քվե, Նոր Արմավիրում՝ կրկին համայնքի անկուսակցական ղեկավար Արթուր Ավետիսյանը՝ 643 քվե, Վարդանաշենում՝ անկուսակցական Արթուր Մանուկյանը՝ 283 քվե։
Ակունքում, որտեղ խնդիրներ են առաջացել քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ, ամենաշատ ձայն ստացել է անկուսակցական Նիկոլա Խաչատրյանը՝ 561, ԼՀԿ աջակցությունը վայելող, սակայն անկուսակցական գրանցված Նորիկ Հայրապետյանը ստացել է՝ 556, իսկ համայնքի ղեկավար և ՔՊ անդամ Կարեն Սիմոնյանը՝ 469 ձայն։
Սակայն Նորիկ Հայրապետյանը դիմել է դատարան՝ պահանջելով նոր ընտրություններ անցկացնել։
Վարդենիսում, ուր մրցապայքարը կարծես ամենաթեժն էր, հաղթել է համայնքի ղեկավարի ժ/պ, անկուսակցական Արամ Մելքոնյանը՝ 1719 քվե, իսկ ՔՊ անդամ Վահան Զարոյանը, որի կողմնակիցները՝ որպես բողոքի ակցիա, փակել էին ճանապարհը, ընդամենը 504 ձայն։
Ձորագետում հաղթել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար, անկուսակցական Արմեն Գրիգորյանը՝ 75 քվե։ Նոր Գեղիում հաղթել է համայնքի ղեկավարի ժ/պ, ՔՊ անդամ Վարդան Պապյանը՝ 1212 քվե։ Քաղսի համայնքում՝ անկուսակցական Ռաֆայել Գրիգորյանը՝ 470 քվե։ Թեժ է եղել նաև Աշոցքում։ Այստեղ հաղթել է համայնքի ղեկավարի ժ/պ, ՔՊ անդամ Կարեն Մանուկյանը՝ 1276 քվե։ Ի դեպ, նրա մրցակիցների թվում եղել է մեկ ՀՀԿ-ական, 2 ՔՊ-ական և 1 ՀՅԴ անդամ թեկնածուներ։
Հառիճում 361 քվեով հաղթել է համայնքի ղեկավար, անկուսակցական Ռոլանդ Նազարեթյանը, Մալիշկայում՝ անկուսակցական Գարիկ Նազարյանը՝ 1363 քվե, Ակնաղբյուրում՝ համայնքի ղեկավար, անկուսակցական Կարեն Դոլմազյանը՝ 200 քվե, Ծաղկավանում (Իջևան)՝ անկուսակցական Իսկանդար Մեհրաբյանը։
Ուրցաձորում ընտրությունների արդյունքները, թերևս, ամենաանսպասելին էին. համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ՔՊ անդամ Գևորգ Ավետիսյանը՝ ստանալով 744 ձայն, դիրքերը զիջել է համայնքի նախկին ղեկավար Ռաֆիկ Անդրեասյանին՝ 911 քվե։ Վերջինս, հիշեցնենք, այդ պաշտոնը զբաղեցրել էր 19 տարի և հրաժարական էր տվել 2018-ի հոկտեմբերին՝ իր դեմ բողոքի ակցիաներից, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի այցից հետո։
Խոշորացված համայնքի 3 գյուղերի մի խումբ բնակիչներ պնդում էին, որ Ռաֆիկ Անդրեասյանը համայնքապետի պաշտոնում բազմաթիվ չարաշահումներ է թույլ տվել: Անդրեասյանի դեմ էր հանդես եկել նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։
«168 Ժամի» ջանքերը՝ Սարգսյանից մեկնաբանություն ստանալ այս հաղթանակի վերաբերյալ, անարդյունք մնացին. մարզպետը երեկ ողջ օրը չպատասխանեց ո՛չ մեր հեռախոսազանգերին, ո՛չ էլ ֆեյսբուքյան նամակին։ Փոխարենը՝ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարություն տարածեց, թե կուսակցությունն Արարատի մարզում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում թեկնածու չի առաջադրել և որևէ թեկնածուի չի սատարել:
Իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը, խոսելով Ուրցաձորի ընտրությունների մասին, հայտարարել է, թե «եղել են ընտրություններ, և քաղաքացիները կատարել են իրենց ընտրությունը»:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի Ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը մեզ հետ զրույցում կարևորեց ոչ թե հաղթող անձի ով լինելը, այլ ընտրությունների ընթացքը, որ եղել են արդար ու թափանցիկ, առանց բարեգործությունների, ճնշումների կամ կաշառքի բաժանման։
Ըստ նրա՝ առավելապես անձերի պայքար էր, քաղաքականացված չէին, պայքարի ուղղվածությունն առավելապես սոցիալական էր։ Նա նշեց, որ Վարդենիսում տեղի ունեցածի կապակցությամբ արդյունքները դեռ չեն ամփոփվել.
«Ուրցաձորում լարվածության մասին հաղորդումներ եղել են մամուլի միջոցով, որ հիմա ճշգրտվում են։ Դիտորդները հաղորդել են ուղղորդման դեպքեր, այսինքն՝ ընտրողներին տրանսպորտով բերելու, բայց հիմնական լուրջ խնդիր այս պահի դրությամբ չկա»։
Ա. Պետրոսյանն արձանագրեց մի տարօրինակություն՝ այն համայնքներում, որտեղ հաղթել են համայնքի ղեկավարի ժ/պ-ները կամ անցած տարի հրաժարական տված ղեկավարները, այնտեղ ընտրողների մասնակցությունն է բարձր եղել։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդհանուր առմամբ գոհ է երեկ ՏԻՄ ընտրությունների անցկացումից։
«Կարծիքի ձևավորման համար հիմք եմ ընդունում քվեարկության օրվա արձագանքները, մասնավորապես՝ թեկնածուների, վստահված անձանց, դիտորդների, որոնք ներկա են գտնվել տեղամասային կենտրոններում, հետևել ընտրական գործընթացին, և, թերևս, պետք է փաստել՝ ընտրությունները բոլոր համայնքներում էլ կազմակերպվել են ընտրական օրենսգրքի պահաջների հաշվառմամբ և օրենսգրքի պահանջներին լիակատար համապատասխան»,- մեզ հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահը։
Տ.Մուկուչյանը ձեռնպահ մնաց մեկնաբանելուց այն հանգամանքը, որ ընտրություններում առաջադրվածների մեծամասնությունն անկուսակցական է եղել. «Ես, համենայն դեպս, ձեռնպահ կմնամ որևէ դիրքորոշում կամ կարծիք ներկայացնելուց։ Ես կփաստեմ սոսկ մեկ բան՝ մենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ չենք ունեցել որևէ դեպք, երբ որևէ թեկնածուի գրանցում մերժվել է։ Իսկ թե ինչ ձևաչափով են թեկնածուները ցանկանում մասնակցել, կամ ցանկանո՞ւմ են մասնակցել, թե՞ ոչ, դա բացառապես թեկնածուների և քաղաքական ուժերի որոշելիք խնդիրն է»։
Նշենք, որ ՏԻՄ ընտրություների վերաբերյալ դիմում-բողոքների ներկայացման վերջնաժամկետը տարածքային ընտրական հանձնաժողովներ այսօր է, մինչև ժամը 11։00-ն։ ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կամփոփի փետրվարի 22-ին։