Բաժիններ՝

Կառավարությունը ենթարկվեց մասնագետների ճնշմանը. Թափ է հավաքում «Ո՛չ համահարթեցմանը» նախաձեռնությունը

Իրավաբանական, խորհրդատվական և հաշվապահական ծառայություններ մատուցող անձանց հարկային բեռի փոփոխություններից հրաժարվելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ նիստում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հիմնավորեց ՊԵԿ-ում համապատասխան ծրագրային ապահովում չլինելու հանգամանքով:

«Այսինքն՝ մենք անիմաստ կվիճենք մեր հարգելի հայրենակիցների հետ, բայց, այսպես թե այնպես, մենք նրանց նկատմամբ օրենքի կիրառումն ապահովող լծակներ չենք ունենա: Կստացվի, որ օրենքում մենք կգրենք, որ նրանք պետք է ինչ-որ չափով հարկ վճարեն, իսկ իրականում նրանք կշարունակեն այնքան վճարել, որքան հիմա են վճարում, կամ ավելի քիչ»,- ասել էր Փաշինյանը:

168.am-ի հետ զրույցում հանրային ֆինանսների և կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը տեսակետ հայտնեց, որ բացի վարչապետի հնչեցրած հիմնավորումից՝ էական է մասնագիտացած հանրության կողմից կազմակերպված բողոքը:

Նրա խոսքով՝ e-draft-ում Հարկային օրենսգրքի նախագծին դեմ արտահայտվածների 70% և ավելին հաշվապահներ, փաստաբաններ ու իրավաբաններ են.

«Այսինքն՝ ազդակն այն է, որ այս համայնքները շատ կազմակերպված են, ունեն իրենց ասոցիացիաները, իրենց շահերը ներկայացնող կառույցները, և կարողանում են կազմակերպված իրենց դժգոհությունն արտահայտել ու առաջ տանել: Փաստաբանների միության նախագահը հայտարարել էր գործողությունների ցանկ, որ, եթե իրենց դժգոհությունները հաշվի չառնվեն, և իրենց պարտադրեն այս փոփոխությունները, իրենք այս կամ այն փուլում անելու են բողոքի այս-այս գործողությունները:
Հաշվի առնելով այդ 3 գործոնները՝ նրանց կազմակերպածությունը e-draft-ում, որը ցուցիչ է կառավարության համար՝ հանրության արձագանքի առումով, այդ հանրության մեծ կշիռը, և այդ մարդկանց որակները, որ կարող են իրենց հետևից տանել այլ մարդկանց խմբեր, կառավարությունը հետ է կանգնում այդ մասով՝ պատճառաբանելով տեխնիկական խնդրի առկայությամբ»:

Սակայն, Հ.Ավետիսյանի կարծիքով, իրականում խնդիրն ավելի լայն է.

«Հանրության լայն զանգվածները, որոնք իրականում այդ տեղեկացվածությունը չունեն, կամ չեն կարող ընկալել, չգիտեն՝ ինչ է կատարվելու, նրանց բողոքի դժգոհության ներկայացվածությունը նույն e-draft-ում կամ այլ հարթակներում կազմակերպված ու համակարգված չի իրականացվում: Մինչդեռ քաղաքացիների ավելի լայն շերտերի դժգոհությունը վերաբերում է համահարթ հարկման համակարգին անցնելու և ուղղակի հարկերից բեռն անուղղակի հարկերի վրա դնելու խնդրին: Այսինքն՝ այդ հարցը դեռ մնում է օրակարգում, իսկ թե հանրային դժգոհությունն այդ առումով ինչի կհասնի տարբեր փուլերում, այսինքն՝ երբ ԱԺ-ում սկսվեն ՀՕ-ի քննարկումները, կտեսնենք»:

Փորձագետը համաձայնեց, որ չի բացառվում, որ հանրային դժգոհությունն այդ մասով ուժգնանա, և կառավարությունը նաև այդ ուղղությամբ գնա զիջումների:

Նա նշեց, որ հատկապես արդեն «Ո՛չ համահարթեցմանը», եթե ոչ՝ շարժում, ապա՝ նախաձեռնություն է ձևավորվում, որը հետզհետե ակտիվանում է, այսինքն՝ հնարավոր է՝ նաև այդպիսի դրսևորումներ լինեն:

Հարցին՝ կառավարության նման գործելաոճն ինչպե՞ս կորակեք, Հ.Ավետիսյանը պատասխանեց. «Ցանկացած այդ կարգի նախագծի վերաբերյալ, որ հանրության մեծ շերտերի վրա է ազդելու, նաև մեր օրենսդրության պահանջն է, որ լինեն ազդեցության գնահատականներ և հաշվարկված լավ հիմնավորումներ: Հիմա e-draft-ում հիմնավորումները շատ թերի են, կցկտուր և անհասկանալի, որոշ դեպքերում էլ իրենց հիմնավորումները չեն համապատասխանում իրականությանը, իսկ անկախ մասնագիտական հանրությունը վերլուծում է ձեռքի տակ առկա տվյալներով: Եվ գործելաոճի ամենամեծ խնդիրը ես այդտեղ եմ տեսնում, երբ հիմնավորումները թերի են, լավը չեն և պատշաճ ձևակերպված չեն, կամ եթե կան էլ, ապա հանրությունը լավ իրազեկված չի, այսինքն՝ այդտեղ անհասկացողություն է առաջանում հանրության կողմից ու դրա հանդեպ ընդդիմություն:

Կառավարության ծրագրի քննարկումների ժամանակ պատգամավորներից մեկը վարչապետին հիմնավորումների այս նույն խնդրի մասին հարց տվեց, վարչապետն էլ համաձայնեց, որ խնդիրը կա, ու ասաց, որ կլավացնեն, կփոխեն: Հիմա մասնագիտական հանրությունը, 3-4 ամիս է՝ աղաղակում է, ասում է՝ հիմնավորումները հրապարակեք, տեսնենք՝ ոնց է ստվերը նվազում եկամտային հարկի տոկոսադրույքի փոփոխությունից, որովհետև իրականում ո՛չ տեսության, ո՛չ պրակտիկայի մեջ նման պատճառահետևանքային ուղղակի կապ չկա, այսինքն՝ որ մեկը փոխեցիր, անմիջապես ազդի մյուսի վրա: Կարող է մի քանի գործոնների համախմբումով ազդի, բայց իրենց բերած հիմնավորումը, որ եկամտային հարկի տոկոսը նվազեցնելու դեպքում ստվերից դուրս են գալու, նման ուղղակի կապվածություն չկա: Ու քանի որ գործելաոճի հիմնավորվածություն չենք տեսնում, երկու տարբերակ կա՝ եթե հիմնավորված է,ապա թափանցիկ չէ, եթե հիմնավորված չէ, ապա քաղաքականության պատասխանատուները լավ չեն աշխատում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս