Վալերի Օսիպյանն խորհրդակցություն է անցկացրել
Փետրվարի 16-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի գլխավորությամբ աշխատանքային խորհրդակցություն տեղի ունեցավ՝ ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման թեմայով։ Մասնակցում էին ճանապարհային ոստիկանության, կապի, տրանսպորտի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության, Երևանի քաղաքապետարանի և բարձրագույն ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։
Ոստիկանության պետը, անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման անհրաժեշտությանը, ընդգծեց, որ խնդրի կարգավորումը հնարավոր է պատկան մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում։
Խորհրդակցության մասնակիցները ներկայացրին ոլորտի բարելավմանը վերաբերող և՛ կարճաժամկետ, և՛ երկարաժամկետ լուծում պահանջող առաջարկներ։
Քննարկվեցին մայրաքաղաքի կենտրոնական հատվածում տրանսպորտային միջոցների բեռնաթափմանը, կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների բարելավմանը, ճանապարհաշինարարական նախագծերին, ինչպես և ոլորտը կարգավորող օրենսդրությանը առնչվող հարցեր։ Խորհրդակցության մասնակիցները խնդիրների լուծման վերաբերյալ ներկայացրին միջազգային փորձը՝ համեմատականներ անկացնելով ճանապարհային երթևեկության ոլորտում Հայաստանում առկա խնդիրների հետ։
Քննարկման ավարտին որոշում կայացվեց ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով, որն առավել խորքային կուսումնասիրի ոլորտը, կառաջարկի խնդիրների լուծման իրատեսական տարբերակներ, որոնք կյանքի կկոչվեն համատեղ աշխատանքի արդյունքում։