Ինչո՞ւ փորձել ջնջել կամ յուրացնել ուրիշի ստեղծածը, եթե կարելի է նոր բան ստեղծել
Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Այդ իսկ պատճառով որոշեցինք անդրադառնալ առողջապահության ոլորտում մի ցավոտ խնդրի։
Արյան քաղցկեղով և ծանր հիվանդություններով երեխաների օգնության «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամը տարիներ շարունակ աջակցել է քաղցկեղով հիվանդ հարյուրից ավելի երեխաների ապաքինմանը: Հիմնադրամի աջակցությամբ 150 երեխաներ լիարժեք առողջացել են, ավելի քան 465-ը բուժման գործընթացում էին: Շահառու երեխաների ընդհանուր թիվը 2018թ. մայիսի տվյալներով՝ 685 էր:
Հիշեցնենք, որ հիմնադրամը ստեղծվել է 2009թ. ռուսաստանյան համանուն հիմնադրամի աջակցությամբ: Համահիմնադիրներից է երգահան, երգչուհի Մարինե Ալեսը, մարդ, ով մեծ նվիրումով բազմաթիվ բարեգործական ծրագրեր, համերգներ է կազմակերպել՝ ողջ շահույթը փոխանցելով «Նվիրիր կյանքին»։ 2010-ին հիմնադիրների խնդրանքով հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահ էր դարձել ՀՀ երրորդ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը:
Հաշվի առնելով ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Հայաստանում քաղցկեղային հիվանդություններով դեպքերի աճը` «Նվիրիր կյանքի» հեղինակավոր անձանցից բաղկացած խորհուրդը տարիներ առաջ ձեռնամուխ էր եղել Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի հիմքի վրա ոսկրածուծի փոխպատվաստման նոր կենտրոնի ստեղծմանը: ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև երկարատև բանակցությունների արդյունքում վերջինս պատրաստակամություն հայտնեց ֆինանսական աջակցություն ցուցաբերել այս նախաձեռնությանը, որի շնորհիվ կենտրոնն առաջինը կլիներ ոչ միայն՝ ՀՀ-ում, այլև՝ տարածաշրջանում, որը հնարավորություն կտար լուծելու հիվանդների ախտորոշման, բուժման և խնամքի բարդ խնդիրները: Հաշվի առնելով «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի տարիների գործունեությունը ՝ Համաշխարհային բանկը ֆինանսավորեց ծրագիրը, իսկ հիմնադրամն իր վրա վերցրեց կենտրոնի հետագա գործունեության ֆինանսավորումը։
2016թ. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը և այլ պաշտոնատար անձինք, մշակութային գործիչներ մասնակցեցին ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական արդիականացված կենտրոնի» բացման արարողությանը, որն իրագործվել էր «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի հիմնադիրների, բարերարների, բոլոր աջակիցների ներդրած ջանքերի շնորհիվ:
Հիմնանորոգվել էր կենտրոնի յոթհարկանի մասնաշենքը, կառուցվել էր նոր եռահարկ մասնաշենք: Հաստատությունը հագեցվել էր անհրաժեշտ ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնց զգալի մասը բացառիկ են՝ իրենց նշանակությամբ, և միակը՝ հանրապետությունում։ Ներդրված ավտոմատացված համակարգերի շնորհիվ զգալիորեն ընդլայնվել էր կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը:
Ինչո՞ւ ենք այս ամենը կրկին ներկայացնում։ Որովհետև Հայաստանի նոր իշխանությունները վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի կողմից որոշեցին «Նվիրիր կյանք» հիմնադրամի ջանքերով բացված կենտրոնն օրեր առաջ կրկին վերաբացել։
Ի դեպ, Փաշինյանի կառավարությունն իշխանության գալով՝ անմիջապես կենտրոնի նախկին տնօրեն Սմբատ Դաղբաշյանին ազատեց կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Ավելին, ազատեցին նաև ՀՀ գլխավոր արյունաբանի պաշտոնից։ Կենտրոնում զայրույթով էին ընդունել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի այդ որոշումը։ Ըստ լրատվամիջոցների՝ կենտրոնի տնօրենի պաշտոնի համար սեպտեմբերի 19-ի կայացած մրցույթում հաղթող թեկնածու չէր եղել, ինչի պատճառով նոր մրցույթ էր հայտարարվել։ Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ տնօրենի պաշտոնի համար առաջադրված թեկնածու Սամվել Դանիելյանը չէր բավարարել մրցույթի պահանջները և «կտրվել էր քննությունից»: Ըստ ԶԼՄ-ների՝ Սամվել Դանիելյանը նախարար Թորոսյանի՝ Արյունաբանական կենտրոնի տնօրենի ցանկալի թեկնածուն էր: Նա ամեն ինչ արեց, որպեսզի Ս. Դանիելյանը զբաղեցնի տնօրենի պաշտոնը։
«Մանկական արյունաբանությունն արյունաբանության միայն մի փոքր մասն է, որն ընդամենը մի քանի հիվանդություն է ներառում, ուստի մանկական արյունաբանը չպետք է լինի ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբանը: Նա չի կարողանա փորձագիտական եզրակացություն ներկայացնել մի շարք հարցերի շուրջ, և մասնագետների մեծ մասը նրան չի լսի»,-news.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր բողոքի դուրս եկած բժիշկ-արյունաբան Կարեն Մելիքսեթյանը:
Նախարարի այդ որոշման դեմ բողոքի էին դուրս եկել կենտրոնի բժիշկները, կլինիկական օրդինատորները և կրտսեր անձնակազմը։ Նրանք դեմ էին ոչ միայն նախկին տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանին պաշտոնից հեռացնելուն, այլև այդ պաշտոնում մանկական արյունաբան Սամվել Դանիելյանի նշանակմանը: Բժիշկ-արյունաբան Մելիքսեթյանի խոսքով՝ Հայաստանի արյունաբանների մեծ մասը (16 բժիշկ՝ չափահասների, և 6՝ երեխաների համար) աշխատում են Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնում, և Առողջապահության նախարարության գլխավոր արյունաբան նշանակելիս ցանկալի կլիներ հաշվի առնել այդ մասնագետների կարծիքը:
Ըստ Կարեն Մելիքսեթյանի՝ որպես գլխավոր արյունաբան՝ Սմբատ Դաղբաշյանի հեռացման պատճառ նշվել էր այն, որ նա արյունաբան չէ, այնինչ ՀՀ գլխավոր նոր գլխավոր արյունաբան Սամվել Դանիելյանը մանկական բժիշկ է, ով արյունաբանությանն ընդհանուր առմամբ չի տիրապետում: Կենտրոնի բժիշկները նաև նշում էին, որ տարիներ առաջ Հայաստանում արյունաբանության ամբիոն ընդհանրապես չկար, և արյունաբանությունը թերապիայի մի մաս էր համարվում, հենց այդ պատճառով էլ Սմբատ Դաղբաշյանը թերապևտի մասնագիտություն էր ստացել, և ոչ թե՝ արյունաբանի: «Ես մասնագիտությամբ թերապևտ եմ, Բժշկական համալսարանում ես եմ հիմնադրել Արյունաբանության ամբիոնը: Թերապևտ են եղել նաև Վորոբյովը և Կասիրսկին, որոնք Խորհրդային Միությունում հիմնադրել են հեմատոլոգիան»,- ԶԼՄ-ներից մեկի հետ զրույցում ասել էր կենտրոնի նախկին տնօրեն և ՀՀ գլխավոր արյունաբան Սմբատ Դաղբաշյանը:
ՀՀ գլխավոր արյունաբան, այնուհետև՝ «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական արդիականացված կենտրոնի» տնօրեն նշանակված Սամվել Դանիելյանը, պարզվում է, վաղուց էր ցանկանում այդ պաշտոնը զբաղեցնել։ Մեր տեղեկություններով՝ նա բազմիցս փորձել է ճանապարհ գտնել և կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնել, հատկապես այն բանից հետո, երբ «Նվիրիր կյանք» հիմնադրամի կողմից իրագործվեց այդ ծրագիրը, կենտրոնն ամբողջովին բարեկարգվեց, հագեցվեց ժամանակակից սարքավորումներով։ Ըստ մեր տեղեկությունների՝ ՀՀ նախկին Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախաձեռնությամբ կենտրոնը պետք է դառնար քաղցկեղային հիվանդություններով տառապող երեխաների համար լավագույն կենտրոնը, որտեղ կմիավորվեին նաև Վ.Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի, Մուրացանի հիվանդանոցի մանկական ուռուցքաբանության բաժինները։
Ինքը՝ Սամվել Դանիելյանը, որ ժամանակին դեմ էր արտահայտվում մանկական ուռուցքաբանության բաժինների այդ միավորմանը, հանկարծ, այդ իսկ կենտրոնի տնօրենի պաշտոնը զբաղեցնելուց հետո, հայտարարում է, որ ճիշտ որոշում է կայացվել՝ միավորել բոլոր այդ բաժինները մեկ կենտրոնում։ Նա ժամանակին նաև «Նվիրիր կյանք» հիմնադրամի կողմից հրավիրվել է այդ կենտրոնում աշխատելու, սակայն հրաժարվել է, քանի որ իր նպատակը կենտրոնը տնօրինելն էր։
Սամվել Դանիելյանն անցյալ տարի է վերադարձել Հայաստան։ Ավելի քան երկու տարի նա ԱՄՆ-ում էր, աշխատում էր Գլենդելի բժշկական մասնավոր հիմնարկություններից մեկում։ Եվ ահա, Հայաստանում «թավշյա» հեղափոխությունից հետո վերադառնում է և հասնում իր նպատակին՝ ոչ միայն՝ նշանակվում է տնօրենի պաշտոնում, այլև՝ ՀՀ գլխավոր արյունաբանի։ Այժմ նա արդեն և՛ Արյունաբանական կենտրոնի ու Մուրացան հիվանդանոցային համալիրի մանկական ուռուցքաբանական և արյունաբանական ծառայությունների միավորվելուն է կողմ արտահայտվում, այլև բառ անգամ չի հիշատակում, թե իրականում որ հիմնադրամի, ինչպիսի մարդկանց ջանքերով է այդ կենտրոնը կառուցվել և նման հիմքերի վրա դրվել։
Ավելին, կենտրոնի «պաշտոնական» բացում են անում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին, «City of smile» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի հետ: Առաջին անգամը չէ, որ այսօրվա իշխանությունները նախորդների աշխատանքի հաշվին միավորներ են հավաքում, սակայն զարմացնում է այն, որ մանկական բժիշկն է նման կերպ իրեն դրսևորում՝ մոռացության մատնելով, թե ում շնորհիվ է այդ ամենը ստեղծվել:
Որքան էլ քննադատության փորձեն ենթարկել նախկին իշխանությունների կամ նրա առանձին ներկայացուցիչների գործունեությունը, անհերքելի է փաստը, թե՛ «Նվիրիր կյանք» հիմնադրամը, թե՛ Մարինե Ալեսը և հոգաբարձուների խորհուրդը, ողջ աշխատակազմը, թե՛ ՀՀ անձամբ նախկին Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը որքան մեծ ջանք են ներդրել, որպեսզի կայանա այդ կենտրոնը։ Եվ ոչ միայն. քաղցկեղով տառապող բոլոր երեխաներին նրանք այցելում էին և հետևողական լինում նրանց բուժման և խնամքի հարցերում։ Ժամանակին կենտրոն էր այցելել նաև ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի մանկական վիրաբուժության և վնասվածքաբանության մոսկովյան գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լեոնիդ Ռոշալը և նշել, որ տարածաշրջանում նման բարձր մակարդակի կենտրոն չկա։ Նույն Ռոշալը, ով հսկայական աջակցություն էր ցուցաբերել 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժած երեխաներին:
Արյունաբանական կենտրոնի կառուցվածքում «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամի և Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո ստեղծվել էր տարածաշրջանային նշանակության` ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների լաբորատորիա։
«Տիկին Ռիտա Սարգսյանն այցելեց մեր կենտրոն, երեխաներին նվերներ բերեց և, տեսնելով հիվանդասենյակների վիճակը, խոստացավ, որ մենք երկու տարի հետո կունենանք լավագույն սարքավորումներով կահավորված կենտրոն: Եվ այսօր մենք ունենք արյունաբանական գերժամանակակից կենտրոն: Այսօր կենտրոնը պատրաստ է ընդունել շուրջ 6 հազար հիվանդ, այդ թվում` 1000 երեխա կարող են բուժօգնություն ստանալ այնպիսի պայմաններում, որոնց մասին կերազեին աշխարհի շատ արյունաբանական կենտրոններ»,- 2016թ. նոյեմբերին՝ բացումից հետո, լրագրողներին պատմել էր արդեն նախկին տնօրենը:
Ս. Դաղբաշյանի ներկայացմամբ՝ արյան քաղցկեղ ունեցող մարդկանց համար անհրաժեշտ են հիվանդանոցային իդեալական պայմաններ, հատուկ սնունդ, քանի որ բուժման կուրսն անցնելու ժամանակ մարդն անպաշտպան է դառնում յուրաքանչյուր վարակի նկատմամբ: Մինչդեռ Արյունաբանական կենտրոնի նախկին մասնաշենքում մարդիկ բուժվում էին փոքրիկ, սանիտարահիգիենիկ պայմաններից զուրկ ու մռայլ սենյակներում: «Նվիրիր կյանք» հիմնադրամի գործունեության շնորհիվ կենտրոնը վերածվել է իդեալական պայմաններով բուժհաստատության։
Ի դեպ, «թավշյա» հեղափոխությունից հետո լուրեր շրջանառվեցին, թե հիմնադրամը փակվում է։ Հիմնադրամի հիմնադիրները և հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ ասուլիսով հանդես եկան՝ հայտարարելով, որ հիմնադրամը շարունակելու է իր գործունեությունը։ «Քանի որ Ռիտա Սարգսյանն այլևս Առաջին տիկինը չէ, և նա դեռևս չի էլ հայտարարել հիմնադրամից դուրս գալու մասին, մենք հավաքվեցինք և որոշեցինք, որ մեր կազմակերպությունը չի ունենա նախագահ: Ամբողջ հարցերը կլուծենք մենք: Կուզենա՞ արդյոք Ռիտա Սարգսյանը՝ որպես հայ կին, որպես հայ մայր, օգնել հիմնադրամին, իսկ ես կարծում եմ, որ կուզենա, կշարունակի օգնել, բայց չենք ունենա նախագահ»,- ասել էր հոգաբարձուների խորհրդի անդամ Շուշանիկ Արևշատյանը:
Վերջինս անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանին՝ ասել էր, որ նա հանդիպել է «Նվիրիր կյանք» հիմնադրամին աջակցող փոքրիկ հիմնադրամների ներկայացուցիչների հետ, սակայն «Նվիրիր կյանքի» անդամները հրավիրված չեն եղել: Թե ո՞րն է եղել չհրավիրվելու պատճառը, Շ. Արևշատյանը դժվարացել էր ասել: Համագործակցելու փոխարեն՝ Ա. Հակոբյանը որոշել է բացել նույն բովանդակությամբ, սակայն այլ անվանումով հիմնադրամ՝ «City of smile»։
Ըստ մեր տեղեկությունների՝ Ա. Հակոբյանը ցանկացել է վերցնել «Նվիրիր կյանքը», սակայն նրան բացատրել են, որ այն Ռիտա Սարգսյանինը չէ, այլ կան մարդիկ, որոնք հիմնադրել են, տարիներ շարունակ մեծ գործունեություն են ծավալել, պարզապես ՀՀ նախկին Առաջին տիկինը եղել է Հոգաբարձուների խորհրդի նախագահը և օգնել է ծրագրերի իրագործմանը և առաջխաղացմանը։
Ի դեպ, «Նվիրիր կյանքը» ոչ միայն՝ երեխաների բուժմամբ և խնամքով էր զբաղվում վերականգնված այդ կենտրոնում, այլև, ի տարբերություն այս նորաստեղծ հիմնադրամի՝ օրական երեքանգամյա սնունդով էր ապահովում, քանի որ այդ հիվանդությամբ տառապող երեխաներին բոլորովին այլ սնունդ է հարկավոր։ Եվ, բացի այդ, երեխաների մեծ մասը մարզերից էին, և ծնողները չէին կարող ամեն օր սնունդ հասցնել։
«Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական արդիականացված կենտրոնի» կայքից հեռացվել են նախկինում արված աշխատանքների, գործունեության մասին պատմող նյութերը՝ տեղը լցնելով Աննա Հակոբյանի և նոր տնօրենի լուսանկարները… Նոր տնօրինությունը կենտրոն դիմած երեխաների ծնողներից ճշտում են՝ մինչև «թավշյա» հեղափոխությո՞ւնն էին դիմել կենտրոն, թե՞ հեղափոխությունից հետո։ Եթե մինչև «թավշյա» հեղափոխությունը, ուրեմն, «Նվիրիր կյանքն» էլ թող հոգա մյուս հարցերը։
Եվ սա՝ այն դեպքում, երբ կենտրոնի ներկայիս տնօրեն Ս. Դանիելյանը եղել է «Նվիրիր կյանք» հիմնադրամի փորձագետների խորհրդի անդամ և լավագույնս գիտեր, թե որքան մարդկանց շնորհիվ է իրականություն դարձել և վերանորոգվել, արդիականացվել, ոչ միայն՝ այդ կենտրոնը, ու որքան երեխաներ են բուժվել այդ հիմնադրամի ծրագրերի շնորհիվ։ Ծրագիր, որի իրականացմանը նպաստել են բազմաթիվ մարդիկ, նույն այդ կենտրոնի նախկին ղեկավարությունը և ողջ աշխատակազմը, «Նվիրիր կյանք» հիմնադրամը, մշակութային, գործարար, քաղաքական ոլորտների ներկայացուցիչներ, կազմակերպություններ, ՀՀ նախկին Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ՀՀ առողջապահության նախկին նախարարներ Հարություն Քուշկյանը, Արմեն Մուրադյանը, այլք։
Նույնիսկ ուրիշների ջանքերով վերակառուցված կենտրոնի կրկնակի բացման օրը կարող էին ընդամենը մեկ բառ՝ «շնորհակալություն» ասել այն մարդկանց, ում շնորհիվ այդ գաղափարն իրականացել է։ Այլապես, հաջորդ իշխանափոխությունից հետո կարող են գալ բոլորովին այլ մարդիկ, և արդեն ոչ միայն՝ կայքէջից, այլև՝ առհասարակ ամենուր կջնջեն այսօրվանների կատարած աշխատանքը։
ԱՍՏՂԻԿ ՍԵՐՈԲՅԱՆ
Հ.Գ. Ի դեպ, նյութը պատրաստում էինք հրապարակման, պարզվեց, որ նաև «Պրոֆ. Ռ. Յոլյանի անվան արյունաբանական արդիականացված կենտրոնի» ֆեյսբուքյան էջից հեռացրել են մինչև թավշյա հեղափոխությունը կենտրոնում տեղի ունեցած միջոցառումների լուսանկարների և տեղեկատվության մի հսկայական խմբաքանակ:
Փոխարենը՝ գտանք ՀՀ նախկին Առաջին տիկին Լյուդմիլա Տեր-Պետրոսյանի՝ կենտրոն այցելության լուսանկարները, ով որևէ առնչություն չէր ունեցել այդ կենտրոնի հետ։