Վերջին 2 տարում Գերմանիայից Թուրքիա սպառազինության արտահանումը 85%-ով նվազել է
Վերջին 2 տարում Գերմանիայից Թուրքիա զենքի և ռազմամթերքի արտահանումը 85%-ով նվազել է: Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Թուրքիային սպառազինության մատակարարման թեման օրակարգ էր բերվել Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալությունից հետո: Հարցը սկսվեց ավելի ինտենսիվ քննարկվել հատկապես Թուրքիայի կողմից գերմանական «Leopad» տանկերը Սիրիայի քրդերի դեմ գործողություններում օգտագործելուց հետո, ինչը գերմանական իշխանությունների հասցեին լուրջ քննադատությունների տեղիք էր տվել: Այս իրադարձություններից հետո Գերմանիայի կառավարությունը չէր արտոնել գերմանական ռազմաարդյունաբերական ընկերություններից մեկի՝ թուրքական կողմի հետ համագործակցությունը, ինչի շրջանակներում պետք է շարժիչներ մատակարարվեին Թուրքիայի նախագծած «Altay» տանկերի համար:
Այս իրադարձությունների ֆոնին Գերմանիայի «Ձախերի կուսակցությունը» 2018 թվականին Թուրքիային արված զենքի մատակարարումների վերաբերյալ հարցում էր ուղարկել երկրի էկոնոմիկայի նախարարություն՝ :
Նախարարության պատասխանից պարզ է դարձել, որ կառավարության որոշմամբ` 2018թ. ընթացքում ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիային մատակարարվել է 12 մլն. 900.000 եվրո արժողությամբ 58 խմբաքանակ ռազմամթերք:
Ըստ տվյալների` 2016թ. Գերմանիան Թուրքիային վաճառել է 83 մլն. 900.000 եվրո արժողությամբ ռազմամթերք, իսկ 2017թ.` 34 մլն. 200.000 եվրո:
Նշվում է, որ վերջին շրջանում Թուրքիայի և Գերմանիայի միջև հարաբերությունների բարելավումը չի ազդել դաշնային կառավարության` զենքի արտահանման թույլտվությունների վերաբերյալ որոշումների վրա: