Նիկոլ Փաշինյանի երջանկության բանաձևը

Ըստ ամենայնի, իշխանությունները լավ չեն հասկացել իրենց առաքելությունն ու գործառույթների շրջանակը։ Իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանք ոչ ադեկվատության խնդիր ունեն։ Ոչ ադեկվատությունն այդ արտահայտվում է՝ ինչպես նրանց՝ իրենց պաշտոններին ոչ հարիր վարքագծում, այնպես էլ՝ հայտարարություններում։ Հատկապես հասարակությանն ուղղված հայտարարություններում։

Երեք օր շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում էր հեղափոխել իրենց մտածողությունը, հաղթահարել աղքատի հոգեբանությունը։ Երեկ էլ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն է մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար քաղաքացիներին հորդորել… ոտքով շատ քայլել։ «Կարևոր է, որ ամեն մեկն իր հերթին՝ հնարավորինս քաղաքն ազատի մեքենայից: Պետք է խնդրեմ մեր քաղաքացիներին, որ, եթե ինչ-որ տեղ են գնում, որտեղ հնարավոր է մի քիչ ոտքով քայլել, ապա ոտքով քայլեն»,- հայտարարել է Հայկ Մարությանը:

Հանճարեղ է։ Ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ քաղաքի տրանսպորտային խնդիրները լուծելու համար կարելի է ոտքով քայլել։ Արժե ընդհանրապես արգելել տրանսպորտային միջոցների շարժը, այդ դեպքում տրանսպորտային խնդիրը կլուծվի 100 տոկոսով։ Նույն տրամաբանությամբ կարելի է ամբողջությամբ հաղթահարել նաև աղքատության խնդիրը։

Դրա համար ընդամենն անհրաժեշտ է, որ մարդիկ չսնվեն։ Չսնվել և ոտքով քայլել։ Ահա երջանկության բանաձևը։ Երջանկության ու երկարակեցության։ Նիկոլ Փաշինանի իշխանությունն իսկական ռեկորդ է սահմանում առողջ ապրելակերպի հաստատման հարցում։

Պատկերացրեք՝ հաղթահարում եք աղքատի հոգեբանությունը, հրաժարվում եք սնունդից ու տրանսպորտային միջոցներից… Այդպես կլուծվեն, ի դեպ, ոչ միայն տրանսպորտի ու աղքատության, այլ նաև գործազրկության խնդիրները. չսնվող և քայլող մարդուն պետք չի լինի նաև աշխատել…

Հայկ Մարությանը հավատարիմ է իր առաջին մասնագիտությանը։ Նա այդպես էլ չի հրաժարվել կատակերգակ դերասանի իր ամպլուայից։ Ողջ խնդիրն այն է, սակայն, որ Երևանը ոչ թե սկետչի նկարահանման հրապարակ է, այլ Հայաստանի՝ 2800 տարեկան մայրաքաղաքը։ Երևում է՝ Հայկ Մարությանը ոտքով շատ պետք է քայլի այդքանը հասկանալու համար։

 

Տեսանյութեր

Լրահոս