
Շառլոտա Ռեմփլինգին պատվավոր «Ոսկե արջ» են հանձնել Բեռլինալեում

Թատրոնի եւ կինոյի բրիտանացի հայտնի դերասանուհի Շառլոտա Ռեմփլինգը Բեռլինի միջազգային փառատոնի շրջանակներում անցկացված հանդիսավոր արարողությանը պատվավոր «Ոսկե արջ» է ստացել ստուգատեսի տնօրեն Դիթեր Քոսլիկի ձեռքից: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: Շառլոտա Ռեմփլինգը որպես դերասանուհի դեբյուտել է ավելի քան 50 տարի առաջ:
Այդ ժամանակաշրջանում նա նկարահանվել է 100-ից ավելի կինոնկարներում, որոնց թվում են՝ Լուկինո Վիսկոնտիի «Աստվածների կործանումը», Վուդի Ալենի «Հիշողություններ «Աստղային փոշու» մասին», Ֆրանսուա Օզոնի «Ավազի տակ» եւ շատ ուրիշ ֆիլմերում:
Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի մշակութային կապերի զարգացման գործում ունեցած վաստակի համար 2000 թվականին նրան պարգեւատրել են Բրիտանական կայսրության շքանշանով:
Հանդիսավոր արարողության ժամանակ Ռեմփլինգը ներկա էր դահլիճում, նրա կողքին նստած էր Բեռլինալեի տնօրեն Դիթեր Քոսլիկը: Ռեժիսոր Լիլիանա Քավանին, ճառով հանդես գալով Բեռլինալե պալացի բեմից, նշել է Ռեմփլինգի բացառիկ տաղանդը՝ նրան համեմատելով Ինգրիդ Բերգմանի հետ: