«Եթե ԵՄ-ն արձագանքի Սիրիա հայկական զորախումբ ուղարկելուն, ապա այն կլինի ԱՄՆ-ի  արձագանքի նման». Միջազգայնագետ

ԱՄՆ Պետքարտուղարությունը Սիրիայում հայկական զորախմբի ներկայության առնչությամբ ունի բավականին կոշտ դիրքորոշում։ Վերջինիս տարածած հայտարարության մեջ նշված է, որ չեն պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով թե ռազմական ուղղվածության.

«Մենք նաև չենք պաշտպանում Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունն այս առաքելության նպատակով: Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորածի ենթարկելով քաղաքացիական անձանց և պատճառ դառնալով մարդասիրական աղետի: Ռուսաստանը շարունակում է գլոբալ հարթակում հանդես գալ Ասադի ռեժիմի և վերջինիս վայրագությունների պաշտպանության դիրքերից»,- նշված է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունում։

Միջազգայնագետ Սուրեն  Սարգսյանի խոսքով՝ ԱՄՆ նման արձագանքը սպասելի էր, քանի որ առաջին անգամ չէ, երբ ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարությունն է անում՝ կապված Սիրիայում հարցում Հայաստանի դիրքորոշման հետ։

«Նախկինում ևս նման հայտարարություն արվել էր, երբ մեր Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել էր, որ Հայաստանը ողջունում է Սիրիայում Ռուսաստանի գործողությունները, որին հաջորդեց Պետքարտուղարության կոշտ արձագանքը։ Հայտարարությունը սպասելի էր, կարծում եմ՝ այս առումով զարմանալի ոչինչ չկա»,- լրագրողների հետ հանդիպմանը նշեց Ս. Սարգսյանը։
Նրա կարծիքով՝ դժվար թե այս արձագանքը լուրջ ազդեցություն ունենա հայ-ամերիկյան հարաբերությունների վրա։

168.am-ի հարցին, թե մյուս գերտերությւոներն ինչպե՞ս են ընկալում Սիրիայում հայկական զորախմբի ներկայությունը, միջազգայնագետը պատասխանեց, որ, բնականաբար, այդ հանգամանաքը ողջունելու են Ռուսաստանի Դաշնության գործընկերները։

«Այս առնչությամբ Եվրոպական Միությունը դեռևս որևէ հայտարարություն չի արել, սակայն կարծում եմ՝ նրա հայտարարությունը նման է լինելու ԱՄՆ-ի հայտարարությանը»,- ասաց Սուրեն Սարգսյանը։

Անդրադառնալով փետրվարի 14-ին Սոչիում տեղի ունեցած՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպմանը՝ կապված Սիրիայի խնդրի հետ, միջազգայնագետը շեշտեց, որ այս հարցում այդ երեք երկրներն ունեն իրենց շահերը, և Սիրիան բացառիկ դեպքն էր, երբ Ռուսաստանն մերձավորարևելյան իր   քաղաքականությամբ սկսեց ակտիվանալ, մինչ այդ ՌԴ-ն այնտեղ այդքան էլ ակտիվ դիրքավորվածություն չի ունեցել։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս