«Կինոարտադրության ոլորտում ևս պետք է հեղափոխական նախաձեռնություններ իրագործել»

Ազգային ժողովի  ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը կառավարության ծրագրի նախագծում «Կինոյի մասին» օրենքի վերամշակման մասին ոչ մի հիշատակում չանելը բացասական երևույթ է համարում: Կոստանյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում կառավարության ծրագրի նախագծի քննարկմանն ունեցած իր ելույթում:

«Այս ծրագրի հայեցակարգից դուրս է մնում ժամանակակից աշխարհում մեծ ու փոքր տնտեսության աճի համար խթան հանդիսացող կինոարտադրությունը` բազմաշերտ մոտեցումներով: Այս ոլորտի ներկայացուցիչները թևաթափ են լինելու և միգուցե իրենց գործունեությունը ծավալեն Հայաստանից դուրս: Ես հավատում եմ, որ Հայաստանում կան մարդիկ, որոնց պոտենցիալը հայկական ֆիլմարտադրության մեջ ազդելու է տնտեսական աճի վրա»,- ասաց պատգամավորը:

Նրա կարծիքով, եթե կառավարության ծրագիրը ներկայացվում է առանց «Կինոյի մասին» օրենքի նախագծի մշակմանը հղում անգամ անելու, իր համար հիմնավորում է, որ հայկական կիոն դուրս է մնալու պետության զարգացման հայեցակարգից: «Իսկ իմ համոզմամբ` կինոարտադրության ոլորտում ևս պետք է հեղափոխական նախաձեռնություններ իրագործել: Եվ հայկական կինոարդյունաբերությունը պետք է դիտարկել որպես տնտեսական առանձին մեկ միավոր»,- նշեց Կոստանյանը:

Նա նկատեց, որ այսօր կինոյի ոլորտում գործում է երեք պետական կառույց` Հայաստանի ազգային կինոկենտրոնը, «Հայկ» փաստավավերագրական ֆիլմերի կինոստուդիան և «Հայ ֆիլմ» ՓԲԸ-ն: Պատգամավորը նշեց, որ այդ  ՊՈԱԿ-ները պետությունից սուբսիդավորվում են 824 մլն դրամով: Նրա կարծիքով` այդ կառույցները չեն տալիս արժեքավոր կինոարտադրանք և վատնում են պետական բյուջեի միջոցները: Կոստանյանը նշեց, որ կարելի է ստեղծել մեկ ընդհանուր դեպարտամենտ հայկական կինոգործիչներին միավորելու համար:

Տեսանյութեր

Լրահոս