Բաժիններ՝

Հեռուստատեսությունը և ռադիոն եղել են ղարաբաղյան շարժման և՛ խոսափողը, և՛ տարեգիրը. Վարդգես Բաղրյան

1988 թվականի փետրվարի տասներեքին Ստեփանակերտում տեղի է ունեցել առաջին համաժողովրդական հանրահավաքը, և պատահական չէ, որ շատերը գտնում են, որ Արցախյան շարժման սկիզբը հենց այդ օրն է եղել:

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է արցախյան-ազատագրական շարժման ակտիվիստ, լրագրող, հրապարակախոս, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանը:

Նա նշել է, որ որպես Արցախի քաղաքացի ու նաև որպես լրագրող իրեն բախտ է վիճակվել մասնակցել և լուսաբանել Արցախյան շարժման հանրահավաքը:

«Այսօրվա պես հիշում եմ այդ օրը: Մենք կարողացել ենք սպանել մեր միջի ստրուկը, քանի որ մեր մեջ արթնացել էր ազային ոգին: Տեսնել էր պետք, թե ինչպես էին ուրախությունից փայլում մարդկանց աչքերն այդ օրերին: Իմ գործընկերների հետ թե՛ 1988-ին և թե´ պատերազմի տարիներին լուսաբանել ենք և ղարաբաղյան շարժումը և մեր ազատամարտը: Ցավով եմ նշում, որ բազմաթիվ կադրեր, որոնք մենք նկարահանել ենք, չեն պահպանվել, քանի որ 1992 թվականի փետրվարին ռմբակոծության հետևանքով ավերվել է մեր հեռուստառադիոկենտրոնի շենքը, ոչնչացել չորս տարվա մեր նկարահանումների ժապավենները, ինչպես նաև տասնյակ տարիների ռադիոարխիվը: Հեռուստատեսությունն իր բնականոն աշխատանքը կարողացել է վերականգնել 1992 թվականի մայիսին: Ճիշտ է, շաբաթը ընդամենը երեք օր էինք եթեր թողարկում, այն էլ մեկ ժամով, բայց մենք չէինք կարող եթեր դուրս չգալ: Որևէ վայր մեկնելու համար տրանսպորտ կամ էլ նորմալ տեսախցիկներ չունենալու, և այլ խոչընդոտների պատճառով երբևիցե չենք տրտնջացել: Եթե գնում ես առաջին գիծ նկարահանման, պետք է պատրաստ լինես ամեն ինչի: Մենք էլ մեր գործի զինվորներն էինք: Մեր ձեռքին զենք չկար, մեր զենքը տեսախցիկն էր, խոսափողը և գրիչը: Եվ մենք մեր գործը պատվով ենք արել»,-պատմել է Վ. Բաղրյանը՝ ավելացնելով, որ այդ նկարահանումների հիման վրա հետագայում բազմաթիվ վավերագրական ֆիլմեր են պատրաստվել:

Մեր զրուցակցի կարծիքով՝ հեռուստատեսությունը և ռադիոն եղել են ղարաբաղյան շարժման և՛ խոսափողը, և՛ տարեգիրը:

«Ղարաբաղյան ազատամարտի լուսաբանումն Արցախի հանրայինով» գիրքը գրելու օրերին Վ. Բաղրյանն ուներ և՛ ուրախության ու հպարտության, և՛ ցավի ու տխրության ապրումներ:

«Ցավալի է, որ շատ դեմքեր և դեպքեր դուրս են մնացել մեր տեսադաշտից: Եղել են օրհասական պահեր. 1992 թվականի ամռանն Ադրբեջանը ռազմաճակատի է անցել և գրավել Շահումյանի, Մարտակերտի, Հադրութի շրջանները: Նույնիսկ այդ դժնդակ օրերին էլ մենք հաղթանակի նկատմամբ մեր հավատը չէինք կորցրել: Հրապարակը լցված էր գաղթականներով, ահավոր վիճակ էր, տեսարանն անկարագրելի էր: Բայց մենք կարողացանք անելանելի վիճակից պատվով դուրս գալ»,-մանրամասնել է Վ. Բաղրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս