«Հիմա չգիտենք, թե ինչպես է լինելու». մշակույթի գործիչները՝ Կառավարության ծրագրի մասին

ՀՀ Կառավարության ծրագրում նշված է, որ Կառավարության մշակութային քաղաքականությունն ուղղված է լինելու պատմամշակութային ժառանգության պահպանմանը և հանրահռչակմանը, մշակութային կյանքին հանրային լայն մասնակցության ապահովմանը, մշակութային լայն քարոզչության իրականացմանը և մշակութային հաստատություններ քաղաքացիների հոսքի քաջալերմանը:

Կարևորվել է նաև թանգարանների, թատրոնների, համերգասրահների և մշակութային այլ հիմնարկների՝ սեփական եկամուտներն ավելացնելու նպատակադրումով կառավարման ժամանակակից համակարգերի ներդրումը, մշակութային ծրագրեր (փառատոներ, վարպետաց դաս­ընթացներ և այլն) իրականացնելը: Խոսվում է նաև Հայաս­տանում և նրա սահմաններից դուրս հայկական մշակույթի ճանաչելիությանն ուղղված ծրագրերին, համայնքներում զբոսաշրջության զարգացմանն աջակցելու, տեղական ավան­դույթները վերականգնելու մասին:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոցթանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը 168.amի զրույցում կարևորեց մշակութային ժառանգության պահպանությունը, հանրահռչակումը, ներդրումային ծրագրերը:

«Վաղուց արծարծում ենք վերականգնողական աշխատանքների ծրագրը: Արգելոց-թանգարաններում ներդրումների խրախուսումը շատ կարևոր է, կա ներդրողներին գրավելու խնդիր: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում վերականգնողական աշխատանքների համար մեծ գումար է անհրաժեշտ՝ մոտ 5 միլիոն դոլարի չափով, ծրագիրը մոտ 3 տարվա համար է նախատեսված»,- ասաց Գագիկ Գյուրջյանը:

Ինչ վերաբերում է այս ծրագրերն առանց Մշակույթի նախարարություն ունենալու իրագործելուն՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը նկատեց.

«Էրեբունին» Քաղաքապետարանի ենթակայության ներքո է, բայց թանգարաններ, հուշարձաններ կան, որ նախարարության կամ համայնքի ենթակայության ներքո են: Մշակույթի նախարարության դերը կայանում էր նրանում, որ հանդես էր գալիս՝ որպես պետական լիազոր մարմին, որի հետ համաձայնեցման եզրեր պետք է գտնեին՝ ծրագրերի հետ կապված: Ցավոք, նրանք շատ հաճախ լիազոր մարմնի ֆունկցիաները չէին կատարում: Իհարկե, համամիտ չեմ այս նախարարության գոյություն չունենալուն, բայց գոյության պայմաններում էլ շատ դժվար էր բացատրել իրենց գործառույթները: Այդ ֆունկցիաները չէին կատարում, ոչ մի օժանդակություն չէին ցուցաբերում, չնայած որպես լիազոր մարմին՝ պարտավորություններ ունեին»:

Հուշարձաագետ Սամվել Կարապետյանն էլ նշեց, որ շատ կարևոր է Հայաս­տանում և նրա սահմաններից դուրս հայկական մշակույթի ճանաչելիությանն ուղղված ծրագրերի վերաբերյալ կետը:

«Կարևոր է ծրագրերի համար նախատեսված գումարը նպատակային օգտագործելը, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում միջոցները ավելացնելը: Իսկ ինչ վերաբերում է Մշակույթի նախարարությանը, ապա այն՝ որպես առանձին նախարարություն, ավելի բարձր կարգավիճակ և լծակներ ունի: Երբեմն ասում են՝ թող նախարարությունը չլինի, միայն թե գործ անեն, բայց հենց «միայն թե» գործ անելու համար կարգավիճակը կարևոր է, քանի որ լծակների է տիրապետում»,- ընդգծեց հուշարձանագետը:

«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ խոսեց խոհարարական երեք կարևոր փառատոների՝ տոլմայի, տոնածիսական կերակրատեսակների, խորովածի, անցկացման մասին:

«Բնականաբար, մասսայական միջոցառում և որոշակի խնդիրների միշտ հանդիպում ենք, բայց Տուրիզմի կոմիտեն միշտ աջակցել է նախկինում, հիմա չգիտենք, թե ինչպես է լինելու, դեռ մրցույթ չի հայտարարվել, բայց մենք անպայման մասնակցելու ենք այդ մրցույթներին, ավելին՝ ազգային խոհանոցի զարգացման ռազմավարական ծրագիր ենք պատրաստում, որը պետք է ներկայացնենք կառավարությանը: Վստահ եմ, որ հետաքրքրություն կառաջանա: Այդտեղ կարտացոլվի նաև մեր ազգային խոհանոցի մշակման, դրսում ներկայացնելու գործընթացը:

Ինչ վերաբերում է համայնքներում զբոսաշրջության զարգացմանը՝ ասեմ՝ 10 տարի առաջ երևի ոչ ոք չգիտեր, թե որտե՞ղ է գտնվում Ախթալան: Եթե նայենք վիճակագրական տվյալները, ապա Ախթալայում անցկացվող խորովածի փառատոնին մասնակցելու համար Վրաստանից զբոսաշրջիկներ են գալիս, ինչը բացառիկ երևույթ է: Չեմ խոսում այլ երկրների տուրիստական ընկերությունների համագործակցության մասին: Նրանք նախապես զանգում և պայմանավորվում են՝ ներկա գտնվելու համար: Ավելին՝ մեր բոլոր միջոցառումները լուսաբանվել են թե՛ CNN-ով, թե՛ ռուսական ալիքներով: Սա տուրիզմի զարգացո՞ւմ է, թե՞ չէ: 2011 թվականին CNN-ը լուսաբանեց տոլմայի փառատոնը: Երկու օր՝ 3-ական րոպե. պետությունն այս երեք րոպեի համար ինչքա՞ն պետք է ծախսեր: Սա նույնպես զարգացում է»,- հավելեց Սեդրակ Մամուլյանը:

Անի Կարապետյան

Տեսանյութեր

Լրահոս