«Եթե այսօր նույնիսկ զրո է այդ հավանականությունը, չի նշանակում, որ ես չեմ կարող աշխատել, ճիշտ սցենար պլանավորել, այդ սցենարով գնալ». Թևան Պողոսյան

«Եթե այսօր նույնիսկ զրո է այդ հավանականությունը, չի նշանակում, որ ես չեմ կարող աշխատել, համապատասխան ծրագիր իմ առջև դնել, ճիշտ սցենար պլանավորել, այդ սցենարով գնալ և այնպես անել, որ, օրինակ, 10 տարի հետո դա դառնա հնարավոր։ Իմ մոտեցումն այն է, որ աշխարհում անհնարին բաներ չկան։

Եթե ես իմ առջև դրել եմ այդ նպատակը, ես դրան հասնելու ձևերը պետք է գտնեմ։ Պե՞տք է Արցախը վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ։ Ուրեմն՝ պետք է գտնել ճանապարհները։ Կտևի՞ 10 տարի, 20 տարի կամ 100 տարի, ուրեմն այդ 100 տարին էլ կգնամ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ Թևան Պողոսյանը՝ մեկնաբանելով Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, որ «Տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևը չի էլ քննարկվելու, և, որ Հայաստանը հանդես է գալիս իր անունից, և թե որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանը տեղի կտա, ու Արցախը կվերադառնա բանակցային սեղանի շուրջ։

Նա հարցադրում արեց՝ հայ ազգը Հայաստանում, սփյուռքում և Արցախում պատրա՞ստ է միասնական խնդիր դնել ու լուծել այն. «Մենք պետք է սկսենք նոր հարցադրումներով և մեր պատասխաններով կարողանալ ձևակերպել մեր երազանքը, և ձևավորել բոլոր պաշարները՝ ժամանակային, մարդկային, ֆինանսական, գիտելիքային, մեր կյանքի երազանքները կյանքի կոչելու, այլ ոչ թե ուրիշների հավանականությունները հաշվարկելու, վստահ լինելու, որ սեփական ուժերով և միասնական խոսքով ամեն ինչի էլ կարող ենք հասնել»։

Հարցին, թե Ադրբեջանն այլ տարբերակ ունի՞, Թ.Պողոսյանը պատասխանեց, որ այդ ուղղությամբ աշխատանք է տարվում, և երբ ՀՀ վարչապետն Արցախում, Հայաստանում և Գերմանիայում հայտարարում է, որ Արցախի փոխարեն չի բանակցելու, նշանակում է՝ ինքը քայլ-քայլ գնում է դրան, և այդ քայլերը պետք է դառնան միասնական ու հետևողական, տարբեր ձևերով գան այնքան, որ դիմացինի մոտ հասունանա այդ միտքը.

«Դա կարող է տևել 50 կամ 100 տարի, բայց եթե դրվել է նպատակը, ու շարունակական գնալու ենք, արդյունք կլինի»։

Տեսանյութեր

Լրահոս