
«Մարզպետի խոսքին այնքան էլ չենք հավատում, սպասում ենք փոխնախարարին. Դվին համայնքի 600 բնակիչներ հարցի վերջնական լուծում են պահանջում

Արարատի մարզի Դվին համայնքի բնակիչները՝ թվով 600 հոգի, այսօր հավաքվել ու պատրաստվում էին ճանապարհ փակել:
«Դվինում ճանապարհ կա, որը կապում է մի քանի գյուղեր: 30-40 տարի առաջ են կառուցել: Անցած տարի ճանապարհի գծագիրն արեցին, որ ուղարկեն Համաշխարհային բանկ ու գումար հատկացնեն: Մեր տեղեկություններով՝ այդ հատկացումը եղել է, բայց լուրը եկավ-հասավ, որ մեր ճանապարհը չեն սարքում, այսինքն՝ ուժեղի մոտ միշտ էլ թույլն է մեղավոր: Որտեղ որ գյուղապետը հզոր է, կապեր ունի վերևների հետ, այդ գյուղերի ճանապարհները սարքում են, իսկ մերը մնում ու մնում է: Երեխաները դպրոց գնալու հնարավորություն չունեն: Դուրս են գալիս, չգիտեն՝ աջ գնա՞ն, թե՞ ձախ:
Հերթապահ մեքենա չլինի, որը երեխաներին տանում է դպրոց, չեն կարողանա գնալ: Եկեղեցի կա գյուղում, բայց մարդ չի գնում, որովհետև ճանապարհ չկա: Ժողովուրդը կրկնակոշիկով է գալիս կանգառ: Այդպես 100 տարի առաջ է եղել: Ճանապարհի վրա մի տուն կա՝ սարքել են հանդերձարան: Կոշիկները թողնում, գնում են քաղաք աշխատանքի, հետ են գալիս, կոշիկները վերցնում են, հատկապես, եթե անձրև է: Այս կարգն է մեզ մոտ, իսկ մարզպետը չի բարեհաճում գալ: Մոտ մեկ ժամ կսպասենք նրան, եթե չէ՝ գնում ենք մայրուղին փակելու: Մեր առաջին քայլը մարզպետին այստեղ դիմավորելն է: Ուզում ենք, որ գա ու մեզ նման ցեխը տրորելով գնա»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Դվինի բնակիչներից Մուրադ Բադալյանը:
Դվին համայնքի ղեկավար Արծրուն Աբրահամյանի փոխանցմամբ՝ բնակիչների պահանջը կատարվել է, մարզպետը հանդիպել է նրանց հետ:
«Ճանապարհի հարցի լուծումը Տրանսպորտի նախարարությունը հետաձգել էր, քանի որ բանկը կիսով չափ է ֆինանսավորել, և երկու գյուղ դուրս է մնացել ծրագրից: Դիմել ենք մարզպետին, ով խոսել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ: Հունիս-հուլիս ամիսներին այդ ճանապարհի հարցը կլուծվի: Մոտ 150 միլիոն դրամ է անհրաժեշտ: Երբեմն խճապատում արվել է 40 տարվա ընթացքում, բայց հիմնական ասֆալտ է պետք»,- ավելի ուշ մեզ հետ զրույցում նշեց Դվին համայնքի ղեկավարը:
«Մարզպետի խոսքին այնքան էլ չենք հավատում: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարը խոստացել է վաղն անպայման գյուղ գա, տեսնի ու այստեղ էլ խոստանա գործը կատարել: Կարելի է ասել՝ հարցի լուծումը դեռ ընթացքի մեջ է»,- հավելեց Դվինի բնակիչ Մուրադ Բադալյանը:
Անի Կարապետյան