
«Ես հորդորում եմ Վենեսուելայի ժողովրդին՝ ստորագրել այդ փաստաթուղթը». Մադուրո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ փետրվարի 5-ին հանրապետությունում ստորագրահավաք կսկսվի ԱՄՆ-ի ռազմական ինտերվենցիայի դեմ: Համապատասխան հայտարարությունը նա արել է փետրվարի 4-ին Արագուա նահանգում կայացած զորահանդեսի ժամանակ, որը նվիրված էր Ուգո Չավեսի գլխավորությամբ մի խումբ զինծառայողների ձեռնարկած հեղաշրջման փորձի 27-րդ տարեդարձին:
«Ես կոչ եմ անում Վենեսուելայի ժողովրդին՝ միասին հանդես գալ ԱՄՆ-ի կառավարության կողմից ռազմական ուժի կիրառման սպառնալիքների դեմ: Չորեքշաբթի օրվանից երկրի ամբողջ տարածքում ստորագրություններ կհավաքվեն, որոնք կհանձնվեն Սպիտակ տանը, որպեսզի մերժվեն այդ սպառնալիքները: Ես հորդորում եմ Վենեսուելայի ժողովրդին՝ ստորագրել այդ փաստաթուղթը»,-ասել է Մադուրոն: Նրա ելույթը հեռարձակվել է Twitter-ում:
Վենեսուելայի առաջնորդի խոսքով՝ ստորագրահավաքն անցկացվելու է Սիմոն Բոլիվարի յուրաքանչյուր հրապարակում, յուրաքանչյուր զորանոցում, յուրաքանչյուր դպրոցում, յուրաքանչյուր ֆաբրիկայում»:
«Մենք ամերիկյան ինտերվենցիա չենք ցանկանում, մենք ցանկանում ենք խաղաղություն, խաղաղություն ու անկախություն, խաղաղություն ու արժանապատվություն, խաղաղություն ու ազգային ինքնիշխանություն, խաղաղություն ու ժողովրդավարություն՝ ազատության հետ միասին»,-հավելել է Մադուրոն:
Փետրվարի 3-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի բացառում Վենեսուելայում ամերիկյան զինված ուժերի գործադրման հնարավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: