«Ես նամակ եմ ուղարկել Ֆրանցիսկոս պապին». Մադուրո
Նիկոլաս Մադուրոն դիմել է Հռոմի Ֆրանցիսկոս պապին՝ խնդրելով աջակցություն ցուցաբերել՝ «դյուրացնելու երկխոսությունը» Վենեսուելայում : Այդ մասին նախագահն ինքը փետրվարի 4-ին հայտնել է իտալական Sky TG24 նորությունների հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«Ես նամակ եմ ուղարկել Ֆրանցիսկոս պապին: Հուսով եմ, որ այն ճանապարհին է կամ արդեն հասել է Հռոմ, Վատիկան: Դրանում ես ասում եմ, որ ծառայում եմ Քրիստոսի գործին: Եվ այդ կապակցությամբ ես նրանից օգնություն եմ խնդրել երկխոսության դյուրացման եւ ուժեղացման գործընթացում»,-հայտարարել է Մադուրոն:
«Ես Հռոմի պապին խնդրում եմ՝ օգտագործել իր բոլոր ուժերն ու կամքը՝ օգնելու մեզ երկխոսության ճանապարհին: Հույս ունենք դրական պատասխան ստանալ»,-ասել է նա:
Ֆրանցիսկոս պապը ներկայում եռօրյա առաքելական ուղեւորությամբ գտնվում է Արաբական Միացյա Էմիրություններում, որտեղից նա Վատիկան կվերադառնա փետրվարի 5-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: