«Իրանի հետ հարաբերություններում Հայաստանից կպահանջվի ճկունություն ՌԴ-ի և ԱՄՆ-ի ուղղությամբ»․ վերլուծաբան

«Իրանի հետ սերտ համագործակցությունը կարող է տարածաշրջանում նոր առանցքի հիմք դառնալ, որը կստեղծի տարածաշրջանի համար բարեկեցություն և անվտանգություն»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց իրանցի քաղաքագետ Ալի Սալամին՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա այցին Իրանի Իսլամական Հանրապետություն։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 27-ին պաշտոնական այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին Քյոլնում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ասել էր Փաշինյանը:

Ալի Սալամին ասաց, որ հայ-իրանական հարաբերությունների համար ուշագրավ փուլ է, քանի որ փոփոխություններ են տեղի ունենում թե՛ Հայաստանում և Հայաստանի շուրջ, և թե՛ Իրանում՝ պայմանավորված իրանաամերիկյան պատժամիջոցներով և իրանաեվրոպական հարաբերություններով։

Նրա խոսքով, այս ամենի կոնտեքստում երկկողմ հարաբերություններում նոր հնարավորություններ և մարտահրավերներ են ստեղծվում, չնայած նրան, որ կողմերը չեն օգտագործում նույնիսկ առկա հնարավորությունները։ Ուստի, Սալամիի կարծիքով, Փաշինյանի Իրան կատարելիք այցի օրակարգում մի քանի թեմաներ կլինեն։

Իրանցի քաղաքագետի դիտարկումների համաձայն, կենտրոնական թեման կլինի ԼՂ հակամարտության գոտում առկա միտումները, բանակցային գործընթացը, Իրանի դիրքորոշման հստակեցումն այս հարցում, քանի որ վերջին շրջանում եղել են ձևակերպումների աղավաղումներ, որոնք սխալ են ընկալվել, այնինչ Իրանի դիրքորոշումը կարգավորման գործընթացի հարցում անփոփոխ է, Հայաստանից ևս եղել են որոշ հայտարարություններ, որոնք մտահոգություններ են առաջացրել՝ կապված հայ-իրանական սահմանի փակման հետ, ուստի շատ ավելի լայն կոնտեքստում կողմերն իրար համար հասկանալի պետք է դարձնեն այս հարցերի առնչությամբ միմյանց դիրքորոշումները։

Իրանցի քաղաքագետի խոսքով՝ անպայմանորեն կքննարկվի «Հյուսիս-Հարավ» ծրագիրը և դա ավարտին հասցնելու, Իրան-Հայաստան-Եվրոպա տարանցիկ ծրագրերի ռեալիզացման հնարավորությունները, որոնց հարցում հետաքրքրություն է ցուցաբերում նաև Եվրոպական միությունը։

«ԵՄ հետաքրքրությունն այս հարցում կարևոր հանգրվան է և կարող է էապես աջակցել պրոյեկտի կայացմանը ոչ միայն՝ գաղափարապես, այլև՝ ֆինանսական տեսանկյունից։ Կքննարկվեն Մեղրիի ազատ առևտրի գոտու, Հայաստանի էներգետիկ համակարգի դիկվերսիֆիկացիայի հարցերը։ Միացյալ Նահանգների հակաիրանական քաղաքականությունն ու այդ կոնտեքստում Հայաստանի դիրքորոշումն ու դիրքավորումը տարածաշրջանում։

Ավելի էականը հայ-իրանական հարաբերություններում այն է, թե որքան այդ հարաբերությունները կկարևորվեն կողմերի կողմից, և որքան լուրջ ջանքեր ու ռեսուրսներ կներդրվեն հարաբերությունները զարգացնելու, առկա հնարավորություններն իրացնելու  համար, քանի որ կան պրոյեկտներ, որոնց իրականացումը կախված է նաև երրորդ կողմերից, այս դեպքում, օրինակ, Ռուսաստանից:

Այսինքն՝ Հայաստանից պահանջվում է ճկունություն նաև հայ-իրանական հարաբերություններում առկա ողջ ներուժն օգտագործելու համար։

Հատուկ ճկունություն կպահանջվի նաև Միացյալ Նահանգների հետ հարաբերություններում, քանի որ ԱՄՆ-ը տարածաշրջանում հակաիրանական դաշնակիցներ է փնտրում։ Այսինքն՝ Հայաստանը խնդիր պետք է դնի իր գործընկերներին բացատրելու, որ դրանք կարևոր հարաբերություններ են Հայաստանի համար։

Այն համոզմանն եմ, որ սրանք այն հարաբերություններն են, որոնք ջանքեր են պահանջում, և որի արդյունքը կլինի  երկու երկրների համար ոչ միայն երկկողմ հարաբերությունների խորացումը, այլև ելքը դեպի Եվրոպա տարածաշրջանային պրոյեկտների տեսքով։

Սա, ենթադրում եմ, որ կարևոր է ՀՀ իշխանությունների համար, քանի որ, ելնելով Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերություններից, Հայաստանը դուրս է մնացել մի շարք տարածաշրջանային նախագծերից, իսկ Իրանի հետ սերտ համագործակցությունը կարող է տարածաշրջանում նոր առանցքի հիմք դառնալ, որը կստեղծի տարածաշրջանի համար բարեկեցություն և անվտանգություն»,- նման կարծիք հայտնեց Սալամին։

Ամփոփելով՝ նա նկատեց, որ սա լինելու է առաջին բարձրաստիճան այցը ՀՀ-ի և Իրանի միջև ՀՀ-ում տեղի ունեցած զարգացումներից հետո, ուստի, ըստ նրա՝ հետաքրքիր կլինի հետևել սպասվող բանակցություններին և Հայաստանի նոր իշխանությունների հայ-իրանական հարաբերությունների տեսլականին:

Տեսանյութեր

Լրահոս