Տնտեսությունը ռեցեսիայո՞ւմ է. Առաջինը խոսեց Կենտրոնական բանկը
Երբ մեկ շաբաթ առաջ հրապարակված «Տնտեսությունը ռեցեսիայո՞ւմ է: Ինչո՞ւ ոչ ոք չի խոսում դրա մասին» հոդվածում մեր կողմից ներկայացվեց ՀՆԱ-ի սեզոնային հարթեցված ցուցանիշը՝ ըստ եռամսյակների, նշեցինք, որ 2018 թվականի 2-րդ և 3-րդ եռամսյակում ոչ միայն աճ չի արձանագրվել, այլև արձանագրվել է բացասական ցուցանիշ և տնտեսության գահավիժում, ինչի արդյունքում միջին ցուցանիշի վեկտորն ուղղվել է դեպի ներքև՝ աճի ժամանակահատվածից տնտեսությունը տեղափոխելով անկման ժամանակաշրջան:
Եթե այսօրինակ պատկեր գրանցվեր ԵՄ-ում, ապա իրենց մեթոդաբանության համաձայն՝ այն կանվանեին՝ ռեցեսիա: Ստացվում է, որ 2018թ. մենք ոչ թե ունեցել ենք տնտեսական աճ, այլ տնտեսության մեջ եղել է ռեցեսիա, որի մասին, սակայն, ոչ ոք չի խոսում: Միաժամանակ կցանկանայինք նշել, որ ռեցեսիա տերմինը օգտագործելով՝ բնավ նպատակ չենք ունեցել մարդկանց վախեցնելու կամ բացասական և խուճապային տրամադրություններ առաջացնելու:
Ռեցեսիա է համարվում 2 եռամսյակ անընդմեջ բացասական տնտեսական աճը, ինչը չափվում է համախառն արդյունքի (ՀՆԱ) եռամսյակային աճի ցուցանիշով։ Տերմինը օգտագործվել է զուտ՝ որպես բնութագրիչ, որը բնորոշ է տնտեսագիտական լեքսիկոնին, և որի չափանիշերին տարբեր մասնագետներ, կարող է և՝ համաձայն չլինեն, կամ ունենան տարբեր պատկերացումներ:
Այս հրապարակումից հետո տարբեր մակարդակներում ստացանք բազմապիսի արձագանքներ: Մի շարք մասնագետներ արժեքավոր նկատառումներ կատարեցին (ինչի համար, իհարկե, շնորհակալ ենք), ոմանք քննադատեցին կիրառված մեթոդաբանությունը, ոմանք մեղադրեցին մեզ՝ պատճառաբանելով, որ տնտեսության մեջ ռեցեսիա չկա, և այդ մեթոդը մեր երկրում առհասարակ կիրառելի չէ, և այլն:
Հաշվի առնելով նաև մասնագետների հետաքրքրվածությունը վերլուծության նկատմամբ, ստորև ներկայացնում ենք կիրառված մեթոդաբանությամբ` ՀՆԱ-ի սեզոնային հարթեցված ցուցանիշը՝ ըստ եռամսյակների, սակայն ավելի երկար ժամանակահատվածի համար, որից ակնհայտ է դառնում, որ եռամսյակային տնտեսական աճը արդեն երկրորդ եռամսյակն անընդմեջ գտնվում է վերջին 5 տարիների նվազագույն մակարդակում:
Հրապարակումից ընդամենը մեկ շաբաթ անց ՀՀ Կենտրոնական բանկը հանդես եկավ հայտարարությամբ, ինչը մի շարք նոր հարցեր առաջ բերեց մասնագիտական շրջանակում, որոնք գտնվում էին այս քննարկման տիրույթում:
Այսպես, համաձայն ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հունվարի 29-ին հրապարակված հաղորդագրության, նույն օրը կայացած նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 5.75%: Խորհուրդն արձանագրել է, որ 2018 թ. վերջին տնտեսական ակտիվությունը շարունակում է դեռևս թույլ մնալ, իսկ տարվա տնտեսական աճը սպասվում է 5.0%-ի շրջակայքում: Համախառն պահանջարկի թուլացումը մեծամասամբ պայմանավորված է հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով և մասնավոր ծախսումների աճի դանդաղմամբ:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել ավելացնել դրամավարկային պայմանների խթանման չափը՝ նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով և կիրառել երկարաժամկետ իրացվելիության ներարկման գործիքակազմը։ Միևնույն ժամանակ՝ կանխատեսվող մակրոտնտեսական զարգացումների պարագայում անհրաժեշտ կլինի խթանող պայմանների պահպանում ավելի երկար ժամանակահատվածում՝ միջնաժամկետում գների կայունության ապահովման համար։
Շատերը, հատկապես՝ իշխանական թևի ներկայացուցիները, Կենտրոնական բանկի այս հաղորդագրությունը կմեկնաբանեն՝ նշելով, որ ռեցեսիայի մասին որևէ խոսք չի կարող լինել, և այս քայլերն արվում են ընդամենը տնտեսական աճը խթանելու համար: Սակայն պետք է նշենք, որ Կենտրոնական բանկը քաղաքականությունը անսպասելիորեն խթանող դարձնելու դեպքում, սովորաբար արձագանքում է բացասական տնտեսական զարգացումներին: Այս պարագայում կարող ենք եզրակացնել, որ Կենտրոնական բանկը կամ արձանագրել է տնտեսության անկում, կամ առնվազն ունի այդպիսի հիմնավոր սպասումներ, և վարվող քաղաքականությունը ոչ այլ ինչ է, քան հստակ ուրվագծված հակառեցեսիոն` կանխարգելիչ միջոցառումների ամբողջականություն: Վերջինիս վառ ապացույցը հաղորդագրության մեջ նշված երկարաժամկետ իրացվելիության ներարկման գործիքակազմի կիրառումն է, նույն ինքը` երկարաժամկետ ռեպո կամ վարկավորման գործարքները, որոնք հենց միտված են տնտեսության մեջ երկար փողերի առկայության միջոցով տնտեսական անկման գործընթացը մեղմելուն և աճը խթանելուն:
Այս ամենից որպես եզրահանգում՝ պարզ է դառնում, որ չնայած տարեվերջին արձանագրված 5.8 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշին, տնտեսության մեջ ամեն ինչ այդքան էլ հիանալի չէ, ինչպես հաճախ ներկայացվում է: Սա ևս մեկ անգամ հիմնավորում է այն տեսակետը, որ 5.8 տոկոսն ամբողջ տարվա ցուցանիշն է, իսկ տարվա ընթացքում զարգացումներն այդքան էլ միանշանակ չեն եղել:
Դրա վառ ապացույցը Կենտրոնական բանկի այս հաղորդագրության մեջ տեղ գտած այն հաղորդումն է, որ 2018թ. վերջին տնտեսական ակտիվությունը շարունակում է դեռևս թույլ մնալ: Համախառն պահանջարկի թուլացումը մեծամասամբ պայմանավորված է հարկաբյուջետային քաղաքականության զսպող ընթացքով և մասնավոր ծախսումների աճի դանդաղմամբ։
Այս եզրահանգումների հիման վրա էլ Կենտրոնական բանկի կողմից վարվում է այնպիսի հստակ քաղաքականություն, որը ոչ թե միտված է այս կամ այն երևույթը քողարկելուն և դրա մասին չխոսելուն, այլ հանդիսանալով պրոֆեսիոնալ և ապաքաղաքական կառույց՝ նպատակ ունի սթափ և օբյեկտիվ գնահատել իրավիճակը ու քայլեր ձեռնարկել սպասվող խնդիրները կանխարգելելու ուղղությամբ:
Հայկ Բեջանյան