«Եթե հայկական կողմն այդքան շատ է խոսում, թե իր համար որքան կարևոր է խաղաղությունը, Ալիևը եզրակացնում է՝ Հայաստանը խուճապի մեջ է»

Հարցազրույց բանակցային գործի մասնագետ, CM&Partners ընկերության  ավագ խորհրդատու Արթուր Մարտիրոսյանի հետ

– Վերջին շրջանում ակտիվացել են Երևանի և Բաքվի միջև ԼՂ հարցի շուրջ քննարկումները, պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսները, նաև ռուսական որոշակի շրջանակներ ՀՀ նոր կառավարությանը մեղադրում են Ադրբեջանի հետ ինչ-որ համաձայնության գալու մեջ, այդ թվում՝ տարածքներ հանձնելու մեջ: Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը, ի՞նչ է նշանակում Ադրբեջանի վարքը, սահմանին հարաբերական խաղաղ իրավիճակը, հնարավո՞ր է առաջիկայում որևէ փաստաթղթի ստորագրում:

– Սպեկուլյատիվ շահարկումները մեկնաբանելն իմ սկզբունքների մեջ չէ։ Որպես բանակցային գործի մասնագետ՝ կարող եմ միայն մեկ բան ասել. ցանկացած համաձայնագրի պայմանները դեռ պետք է կատարել։ Խաղաղությունը ստորագրություններով համաձայնագիր չէ։ Ցանկացած համաձայնագիր, որ կստորագրվի ղարաբաղցիների թիկունքում, ի սկզբանե անիրականանալի կլինի և կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Ուզում եմ հավատալ, որ իշխանությունները որևէ նման քայլի չեն դիմի։ Ես նաև հասկանում եմ, որ լավ մտածված հաղորդակցման ռազմավարության բացակայությունը հանգեցնում է նրան, որ դավադրությունների համար տարածք է ստեղծվում։

ԱԳՆ-ն և մյուս պետական կառույցները, որոնք պատասխանատու են արտաքին քաղաքականության համար, պետք է հանրությանը հնարավորինս շատ տեղեկացնեն բանակցությունների նպատակների և արդյունքների մասին՝ պաշտոնական և ոչ պաշտոնական։ Այդ գործողությունների շուրջ անորոշությունը մեծացնում է սթրեսը և տեղի ունեցողի վերաբերյալ պարզաբանում գտնելու ցանկությունը: Առավել ևս՝ այն հակասում է նախնական հրապարակային դիրքորոշմանը, որ առանց Արցախի ներկայացուցչի՝ Հայաստանի ներկայացուցիչները բանակցային սեղանի շուրջ չեն նստի։

– Ձեր կարծիքով՝ Դավոսում ինչի՞ մասին են 1.5 ժամ խոսել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները:

– Մենք վարչապետից տեղեկություն ունենք հարցերի մասին, որոնք քննարկվել են այդ հանդիպմանը: Կա՛մ մենք վստահում ենք նրան, կա՛մ՝ ոչ: Ես ունեմ սկզբունք՝ այդ խոսքին վստահել մինչև առաջին շեղումը: Բանակցությունների տեսանկյունից նման կարգի հանդիպումներն իմաստ ունեն: Գործում է երկաթյա կանոնը՝ անհրաժեշտ է մյուս կողմին հասկանալ, չընդունել նրա դիրքորոշումը, սակայն հասկանալ, քանզի՝ չընկալելով, թե ինչ է մտածում հակառակ կողմը, հնարավոր չէ փոխել, թե ինչպես է նա մտածում: Դա՝ տեսական մասն է:

Գործնականում հարց է ծագում՝ եթե վարչապետ Փաշինյանն ու նրա կառավարությունը չեն պատրաստվում բանակցություններ վարել, ապա ինչի՞ համար է այդ «հասկանալը»: Գումարած դրան, այդ հասկացվածության ձևավորման համար հատուկ անհրաժեշտություն չկա Ալիևի հետ անմիջական զրույցներ ունենալու, որն իր պետության թշնամի է համարում ամբողջ հայությանը, որը հայտնի է սուր ճոճելով, պատմության կեղտոտ կեղծմամբ և մարդասպանների նողկալի հերոսացմամբ:

Մի՞թե Ալիևը որևէ գործողությամբ կամ թեթև ակնարկով ցուցադրել է իր դիրքորոշումների փոփոխության հնարավորությունը: Իհարկե՝ ոչ: Նույն կերպ մենք մեր վարչապետից տեղեկացանք, որ Դուշանբեում պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ուղիղ հեռախոսակապ հաստատելու և շփման գծում ռազմական ակտիվության նվազեցման մասին: Սկզբունքորեն՝ երկուսն էլ դրական է:

Բայց քանի որ Ալիևը ներկայացնում է դիրքային սակարկության բանակցային մշակույթ, ապա նա փորձում է այնպես ներկայացնել, թե արդեն զիջումների է գնացել: Իրականում նրա կողմից ոչ մի զիջում չկա, դա առևտրականի մանիպուլյացիա է՝ շփման գծում ակտիվության նվազեցումը բխում է երկու կողմերի շահերից: Բայց եթե հայկական կողմն այդքան շատ է խոսում այն մասին, թե իր համար որքան կարևոր է խաղաղությունը, Ալիևը եզրակացնում է՝ Հայաստանը խուճապի մեջ է, նոր ղեկավարությունը պատրաստ է զիջումների՝ շփման գծում ակտիվության նվազեցման դիմաց:

Պետք է մտածել, թե ինչպես փոխել խաղի կանոններն այնպես, որպեսզի այն առավել լիարժեք կերպով օժանդակի մեր շահերի բավարարմանը, այլ ոչ թե ներգրավվել դիրքային սակարկության խաղի մեջ, որը պարտադրված է հակառակ կողմից, անգամ, եթե դրան միտված կոչեր են անում ԵՄ բյուրոկրատները:

Ինչո՞ւ ասիմետրիկ դիրքային սակարկությունը չի բխում մեր շահերից: Որովհետև դրանում տեղ չկա արժեքների համար, իսկ այս հակամարտությունն արժեքային է մեզ համար: Ավելին, սակարկությունում մեզ պարտադրելու են փոխանակել անվտանգության անվերադարձ խաղաքարերը (օրինակ՝ տարածքները) խաղաղության և բարեկեցության խոստումների դիմաց, այսպես կոչված՝ զիջումների պարահանդեսում:

– Հայաստանում իշխանափոխությունից հետո Դուք նկատո՞ւմ եք ԼՂ հարցում գերտերությունների դիրքորոշումների փոփոխություն: Ինչպիսի՞:

– Կողմերի դիրքորոշումներում մեծ փոփոխություն տեղի չի ունեցել և չէր էլ կարող լինել, եթե մենք ճիշտ ենք «կարդում» խաղը։ Բնականաբար, երբ կողմերից մեկի կամ երկուսի ղեկավարությունը փոխվում է, ինչ-որ նոր բան փորձելու ցանկություն է առաջանում։ Ալիևը նվազագույն ռիսկային քայլ է արել, որն անդառնալի չէ. նա որոշ չափով պակասեցրել է հրաձգությունը (ամեն դեպքում՝ դա են վկայում ԶԼՄ-ների հրապարակումները), եթե փոխարենը ոչինչ չստանա, նա կարող է ցանկացած պահի ավելացնել ինտենսիվությունը։ Տեղի է ունենում ՀՀ նոր իշխանությունների դիրքերի կառուցվածքում թուլությունների փորձարկում…

– Փարիզում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նշեցին «ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու» մասին, բայց նախօրեին Ի. Ալիևը կրկին ռազմատենչ հայտարարություն արեց, ինչի կապակցությամբ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ցավ է հայտնել՝ նշելով, որ մենք խաղաղ լուծում ենք ցանկանում, և գործընթացի առաջընթացի համար համապատասխան միջավայր է պետք: Ինչի՞ մասին է սա վկայում, արդյո՞ք խաղաղության հիմքեր կան:

– Կան մի քանի հայտնի ճշմարտություններ, առանց որոնց չեն կարող լինել բանակցային լուծումներ: Այդ պատճառով ես թերահավատորեն եմ վերաբերվում մոտ ապագայում կողմերին խաղաղության «պատրաստելու» հնարավորությանը: Ահա մի զույգ.

1) Կողմերը պետք է ներգրավված լինեն վստահության ձևավորման գործընթացում: Այժմ վստահություն չկա, իսկ դա գործարքային է, այսինքն՝ բառերը պետք է ամրագրվեն գործերով, փոխշահավետ համագործակցությամբ: Վստահության ամենացածր մակարդակը վերականգնելու համար անհրաժեշտ է ժամանակ, որն Ալիևը չունի: Նա չի կարող համաձայնել խաղաղության և համագործակցության՝ առանց տարածքային զիջումների: Այս սցենարում նրա համար դեմքի փրկության ոչ մի հնարավորություն չի երևում: Իսկ նա դեռ խնդիր ունի որոշակի պահի իշխանությունը սեփական կլանում փոխանցելու:

2) Կողմերի իրավիճակը սիմետրիկ չէ խաղաղության «պատրաստակամության» առումով: Ահա մի քանի օրինակներ, վստահ եմ, ձեր թերթի ցանկացած ընթերցող կարող է շարունակել այս շարքը: Մի կողմը հերոսացնում է մարդասպաններին, որոնք ԻԼԻՊ-ի լավագույն ավանդույթների համաձայն՝ գլուխներ են կտրում, գործում է կոլեկտիվ պատասխանատվության սկզբունքով, որը դրված է Ցեղասպանության և Հոլոքոստի հիմքում, փակում է ցանկացած պետության «յան»-ով ավարտվող ազգանունով քաղաքացիների մուտքն իր երկիր: Մյուս կողմը՝ ի դեմս Առաջին տիկնոջ, պնդում է, որ խաղաղությունից ավելի կարևոր բան չկա, և ստեղծում է «Կանայք՝ հանուն խաղաղության» կազմակերպությունը…

Մի կողմից՝ մենք ունենք սուլթանական ավտորիտար ռեժիմ, մյուս կողմից` մի երկիր, որը հսկա քայլ է կատարել ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ: Մենք ունենք տարբեր արժեքներ, զարգացման տարբեր վեկտորներ: Սա մեծապես բարդացնում է հաշտեցման համատեքստը և «խաղաղության պատրաստակամության» սինքրոնացումը: Հետևաբար՝ նախկին ռազմատենչ հռետորաբանության դիրքեր Ալիևի հետքայլն ինձ չի զարմացնում։ Ինձ համար զարմանալի է, որ դա «տխրեցնում» է մեր նախարարին:

Հիպոթեզն այն մասին, որ Ալիևի ընկալման մեջ հայկական կողմն իրենից ավելի շատ է ցանկանում խաղաղություն, հետևաբար՝ վախենում է էսկալացիայից, պատերազմից, լրացուցիչ հաստատում է ստանում: Այս իրավիճակում ճիշտ է հրաժարվել հանդիպումներից, քանի դեռ եվրոպացի չինովնիկներն ու Մինսկի խմբի միջնորդներն Ալիևին չեն հասկացնի, որ իր հռետորաբանությունն անընդունելի է, և առաջին հերթին՝ միջնորդների համար: Հարց է ծագում՝ մի՞թե դա նրանց համար հասկանալի չէ: Հասկանալի է, բայց նրանք համոզված են, որ ՀՀ ղեկավարությունը չի կարող իրենց «ոչ» ասել՝ խաղաքարտի վրա փող է, վիզայի ազատականացում և եվրոպական շատ այլ «ֆիշկաներ»:

– Զ. Մնացականյանը հայտարարել է, որ Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի բանակցություններում ձեռք բերված պայմանավորվածությունները վերաբերում են պատերազմական ռիսկերի նվազեցմանը, և դրան ավելացել է Դուշանբեն։ Արդյոք Դուշանբեն լրացնո՞ւմ է Վիեննայի և մյուս պայմանավորվածությունները, թե՞ այն թակարդ է Փաշինյանի համար, և ի՞նչ ռիսկեր կան:

– Որքան հիշում եմ՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում խոսքը հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության մեխանիզմների ստեղծման մասին էր։ Մանրադիտակի որոշակի պտույտի դեպքում կարելի է ասել, թե այդ միջոցները կնվազեցնեին պատերազմի վերսկսման վտանգը։ Սակայն ես երբեմն այնպիսի տպավորություն եմ ունենում, որ նախարար Մնացականյանը վարչապետից առանձին հետևում է իր բանակցային ռազմավարությանը։ Եթե վարչապետ Փաշինյանը կարող է ասել, որ ինքը բանակցություններ չի վարել Դավոսում, միայն քննարկել է գործընթացի պատմությունը և կողմերի ընկալումը, և այդ դիրքորոշումը կախված կլինի «բանակցություններ» տերմինի մեկնաբանումից, ապա պարոն Մնացականյանը միանշանակ բանակցություններ է վարել Մամեդյարովի հետ:

Հավանաբար, նրան չի հասել վարչապետի խոսքը, որ առանց Արցախի ժողովրդի՝ բանակցություններն անիմաստ են: Եվ իշխանությունը «մարսում» է դա, քանի որ Հայաստանում չկա որևէ իրական ընդդիմություն, որը պարոն Մնացականյանից կպահանջեր հաշվետու լինել ԱԺ-ում, չկան նույնիսկ լրատվամիջոցներ, որոնք անհրաժեշտության դեպքում անգամ դատարանների միջոցով կարող են տեղեկատվություն ստանալ՝ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի հիման վրա: Օրինակ՝ ԱՄՆ Կոնգրեսում դեմոկրատները պահանջում են հրապարակել Հելսինկիում Թրամփի և Պուտինի բանակցությունների սղագրության տեքստը:

Ես կարծում եմ՝ դա մի փոքր ծայրահեղություն է՝ ցանկացած բանակցություններում կա գաղտնիության սահման, զգալի սահման: Բայց մյուս կողմից՝ հեղափոխական ամբիոնները մեզ խոստացել էին ժողովրդի ծառաների գործողություններում լիարժեք թափանցիկություն: Այստեղ խնդիրը նույնիսկ թափանցիկությունը չէ, այլ այն, որ ձախ ձեռքի գործողությունները հակասում են գլխի հայտարարություններին:

– Ն. Փաշինյանը հայտարարել էր բանակցությունների սեղանին Արցախի վերադարձի անհրաժեշտության մասին, իսկ Զ. Մնացականյանն ասաց, որ Արցախի վերադարձը պրակտիկ հարց է։ Ի՞նչ է նշանակում՝ պրակտիկ հարց, ինչպե՞ս եք պատկերացնում Արցախի վերադարձի մեխանիզմն ակտիվ բանակցություններ:

– Սա հարց է ջիու-ջիցուի բանակցային դաշտից: Եթե շատ պարզ, ապա դրա համար պահանջվում է լավ մտածված բազմակողմ երկարաժամկետ ռազմավարություն, որի նպատակն է՝ մյուս կողմին մեթոդապես հասցնել այն ուղերձը, որ նա կարող է ավելի շատ կորցնել, եթե Արցախի ներկայացուցիչները չլինեն սեղանի շուրջ: Անհնար է դա անել վերջնագրերի և միջնորդներից պահանջների ռեժիմում: Այդ պատճառով, անկեղծ ասած, ես զարմացել էի, երբ վարչապետն իր բանակցային դիրքորոշումը նման ձևով նախանշեց:

Ընդհանրապես, բանակցային գործընթացում հետևողականություն ունեցող կողմը որոշակի առավելություն ունի: Դրա համար անհրաժեշտ է «պրոցեսորի» հիշողության մեջ ինստիտուցիոնալացնել գիտելիքների պահպանման համակարգը: Երբ դա չկա, աղետ կլինի:

Նման կերպ նախագահ Սահակաշվիլին իշխանության էր եկել՝ լիովին համոզված լինելով, որ բանակցությունների առումով Շևարդնաձեի կողմից արված ամեն ինչ սխալ էր: Նոր կառավարությունը նույնիսկ իրեն նեղություն չտվեց ուսումնասիրել Հարավային Օսիայում ԵԱՀԿ համատեղ վերահսկողության հանձնաժողովի արձանագրությունները: Եվ բանակցային գործընթացի վրա «հեծելազորային» հարձակումների արդյունքում ամեն ինչ ողբերգական ավարտվեց: Մեր հարևանների կողմից մատուցված այս դասի իմաստն այն է, որ իշխանության փոխանցման դեպքում հրամայական կարգով պետք է տեղի ունենա գիտելիքի և տեղեկատվության փոխանցում՝ հներից նորին: Դա պետք է անել՝ ազգային շահից ելնելով, անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ ունեն նորերն ու հները։

– Ի՞նչ զարգացումներ սպասել առաջիկայում:

– Ես լավ հասկանում եմ ձեր հարցը՝ որքան բարձր է անորոշությունը, այնքան ավելի մեծ է սթրեսը: Պարադոքսն այն է, որ սթրեսների առկայությունը չի նպաստում խաղաղության պատրաստակամությանը, իսկ սթրեսը մեծանում է, երբ կողմը կամ կողմերը խոսում են մի բանի մասին, բայց անում են այլ բան: Ես բանակցային եղանակի կանխատեսումներ չեմ անում: Երբ ներգրավված եմ լինում գործընթացում ամենաբարձր մակարդակով, ինչպես նախորդ տարի Եթովպիայում էր, ապա ստիպված եմ լինում լռել, որովհետև տեղեկատվությունը հիմնականում գաղտնի է:

Երբ ներգրավված չեմ լինում, կանխատեսելու համար բավականաչափ տեղեկություններ չեմ ունենում: Միակ բանը, որ ես կարող եմ նշել՝ այն ամենը, ինչ ասում են գործընթացում ներգրավված մեր քաղաքական գործիչները, գնահատվում է մյուս կողմից՝ իրենց գործողությունների և բանակցային ռազմավարության ճշգրտման համար: Հետևաբար, եթե նրանք անում են ինչ-որ բաներ, որ զարմացնում է մեզ, առաջին հարցը, որ պետք է ինքներս մեզ տանք, սա է. «Ի՞նչ ենք մենք անում կամ չենք անում, որ թույլ է տալիս նրանց այդպես վարվել»: Օրինակ՝ մենք շարունակում ենք բանակցությունները, երբ նրանք խախտում են տրված խոստումը…

Տեսանյութեր

Լրահոս