«Ի՞նչ նշանակություն ունի՝ քանի՞ պետության դեմ և ինչո՞ւ է նման որոշում կայացրել».  Լարիսա Ալավերդյանը հակադարձում է Նիկոլ Փաշինյանին

Հարցազրույց «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի հետ

 – Տիկին Ալավերդյան, ի՞նչ կարծիք ունեք Սամվել Մայրապետյանի գործով ՄԻԵԴ-ի կայացրած որոշման մասին։

– Նախ՝ Մայրապետյանի գործով, ի ուրախություն իրավապաշտպանների, մենք ունենք 2 որոշում, ընդ որում՝ դա հատուկ գործընթացով, որը միանշանակ խոսում է այն մասին, որ կան մարդու այնպիսի իրավունքներ, որ պետք է պարտադիր հարգվեն երկրի կողմից, որը Եվրոպայի խորհրդի անդամ է և ՄԻԵԴ-ի լիազորությունների ներքո է։ Երկրորդ՝ տարակուսանք են առաջացնում բավականին պարզ որոշումների շուրջ այս կամ այն մեկնաբանությունները, ընդ որում՝ ուժայինների կողմից։ Ես դրա վրա ուշադրություն եմ դարձրել, որ կարծես ոչ մեկը սա չի ասել, որ, ի վերջո, պետությունն է պատասխանատու, բայց Արդարադատության նախարարությունը չի պատասխանում այս կամ այն դեպքերի վերաբերյալ ՄԻԵԴ-ի կողմից ընդունված որոշումներին։

Զարմանալի է, որ ուժային կառույցներն են անդրադառնում դրան։ Չեմ կարծում, որ դա ողջունելի է։ Երրորդ՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ցավով եմ դա նշում, ՄԻԵԴ որոշումների մեկնաբանությունները կամ կատարումը միշտ էլ ձգձգվել է Հայաստանում այս կամ այն պատճառով։ Տվյալ դեպքում, չեմ կարծում, որ այստեղ մեկնաբանելու կամ երկիմաստության տեղ է թողնված։

Կան պարզ փաստաթղթեր, որտեղ ասվում են, որ առողջական խնդիրները հնարավոր չէ լուծել Հայաստանում, նշանակում է՝ դրանք պետք է լուծվեն այնտեղ, որտեղ կարող են լուծվել, և կա ՄԻԵԴ որոշումը, որում ասվում է, որ երկիրը պարտավոր է ապահովել առողջական իրավունքի ամբողջական իրացումը։ Թե ինչ վերաբերմունք ունենք յուրաքանչյուրս այս կամ այն անձի նկատմամբ, դա տասներորդական նշանակություն էլ չունի։ Գիտեք, ամենահասարակ, պարզ սկզբունքների մեջ, մարդու իրավունքների կոնցեպտի մեջ անընդմեջ նշվում է, որ խոսքը գնում է ընդհանուր առմամբ վերացական մարդու իրավունքների մասին, այլ ոչ թե, կներեք, այս կամ այն մարդկանց կարծիքով՝ լավ թե վատ մարդու մասին։

Հիմա մենք, ինչպես ասում են, 3 ծառերի մեջ մոլորված ենք։ Ես կհորդորեի, որ օր առաջ կայացված վճիռներն իրականացվեն։ Եթե վախենում են, որ նա փախուստի կարող է դիմել և այլն, սիրելինե՛րս, որտեղ էլ նա լինի, միջազգային պայմանագրերի ներքո նրա վերադարձն այդպիսի մեծ խնդիր չի լինի։ Հիմա աշխարհում հազար ու մի այդպիսի օրինակներ կան։ Այդ արտահայտվող կամ չարտահայտվող կասկածները ես տեղին չեմ համարում։

– Դատախազության արձագանքը ցույց է տալիս, որ գիտեին, որ ՄԻԵԴ-ը կարող է նման որոշում կայացնել։ Այդ դեպքում ինչո՞ւ թույլ տվեցին՝ գործը հասնի դրան, ինչո՞ւ չկանխեցին։

– Կարծում եմ՝ բոլորն էլ գիտեին, որ այդպիսի որոշում կընդունվի։ Պետք չէ շատ հմուտ իրավաբան լինել, դա պարզունակ իրավիճակ է։ Մնացյալը մնում է կասկածների ներքո։ Ցավոք, այդ բոլոր կասկածները լավ չեն բնութագրում Հայաստանի իրավապահ մարմինների այսօրվա վիճակը։ Սա է խնդիրը։ Սա ինձ մի վերագրեք, բայց երբ մարդու իրավունքների այդպիսի կոպիտ ոտնահարումներ են լինում, և հատկապես տվյալ դեպքում, երբ կան ՄԻԵԴ որոշումներ, և այդ փոքրերը չեն կատարվում անմիջապես ու ամբողջապես, ապա մարդիկ ընկնում են այլ դաշտեր՝ միջանձնյա հարաբերությունների և քաղաքական հետապնդումների։ Վերջ։

Շատ քիչ վարկած է այդտեղ մնում։ Եվ ինձ հաճույք չի պատճառում այդ մասին ասելը, որովհետև ես շահագրգռված եմ, որ Հայաստանը վերջապես շարժվի դեպի իրավական պետության կայացում։ Ես կցանկանայի, որ իրավապաշտպաններն այս առումով միանշանակ արտահայտվեն։

– Ներկայիս իշխանությունները կարծես ավելի «թեթև» են մոտենում հարցին, ասում են՝ այլ ժողովրդավար երկրների դեմ էլ ՄԻԵԴ նման որոշումներ կան։

– Ես զարմանում եմ, ես էլ եմ թեթև վերաբերվում այն առումով, որ երբևիցե կողմնակից չեմ եղել կարծելու, որ, ինչպես ասում են՝ աշխարհի վերջն է։ Բայց այստեղ կա պարզ իրավիճակ՝ կա վճիռ, և այն պետք է կատարվի։ Թե որ պետության հանդեպ է այն եղել, ինչքան է եղել, դա ի՞նչ նշանակություն ունի։ Մարդու իրավունքները շատ կարևոր են այն առումով, որ ամեն անգամ խոսքը գնում է կոնկրետ մարդու, կոնկրետ իրավիճակի, կոնկրետ դեպքի մասին։ Ի՞նչ վիճակագրական հղումներ են անում, ես դա չեմ հասկանում։ Ի՞նչ նշանակություն ունի՝ քանի՞ պետության դեմ և ինչո՞ւ է նման որոշում կայացվել։

– Նույն տրամաբանությամբ՝ նախորդ իշխանությունների ժամանակ էլ՝ ինչպես Հայաստանի դեմ էին որոշումներ լինում, այնպես էլ՝ Ֆրանսիայի կամ այլ ժողովրդավարական պետությունների դեմ էին լինում։

– Այո, ցավոք սրտի, անհասկանալի է, թե ինչ նշանակություն ունի, թե քանի որոշում և ում վերաբերյալ է կայացվել։ Ես ուզում եմ նորից շեշտել՝ մարդու իրավունքների մասին խոսելիս՝ որոշումը կայացվում է կոնկրետ դեպքով, և պետությունը պարտավոր է կատարել այդ վճիռը։ Եթե ուրիշ պետությունները չեն կատարել, դա մեզ հիմք է տալիս հետևե՞լ դրան։

– Ձեր կարծիքով՝ ՄԻԵԴ-ում կա՞ն այլ գործեր, որ նման ճակատագրի կարժանանան։

– Այո, ժամանակին որպես մարդու իրավունքների առաջին պաշտպան՝ ես ցավով էի նշում, որ մեր դատարանները գործադիրի ուղղորդմամբ ընդունում էին որոշումներ սեփականության իրավունքի կոպիտ ոտնահարումների մասին՝ ամբողջությամբ անտեսելով այդ ոտնահարումները։ Այն ժամանակ ես կրկին ասել եմ, որ մարդիկ դիմելու են ՄԻԵԴ և հաղթելու են։ Ինձ պատասխանեցին՝ թող հաղթեն, խնդիրն ինչո՞ւմ է, նույն բացատրություններով, թե՝ ի՞նչ կա որ, ամենազարգացած պետություններում էլ դա տեղի է ունենում, որոշումներ են կայացվում, և երբ կայացվեն, կկատարենք։

Բայց այնուամենայնիվ, այդտեղ կա մի կոպիտ երևույթ՝ չարաշահում են մի քանի սկզբունքներ։ Առաջինը՝ երբ դատավորն ընդունում է որոշում դատարանի անկախության սկզբունքի ներքո, երբևէ ՄԻԵԴ վճիռը որևէ ձևով չէր անդրադառնում ուղղակի և անմիջապես այն դատավորի կամ դատավորների վրա, որոնք ժամանակին ընդունել են այդ վճիռը, որը հետագայում մերժվել է ՄԻԵԴ-ում, և պետությունը պարտվել է։ Դա միշտ էլ իշխանությունների կողմից ընդունվել է շատ թեթև, թե ի՞նչ կա որ, քանի-քանի որոշումներ կան։ Ինձ համար դա զարմանալի է, որովհետև երկրորդ չարաշահումը վերաբերում է նրան, որ, իհարկե, թեթև են տանում, քանի որ հետագայում ՄԻԵԴ որոշումներով փոխհատուցումը քաղաքացուն վճարվում է պետական բյուջեից, այլ ոչ թե որևէ կոնկրետ մարդու բյուջեից։

Կարծում եմ՝ փոխարենը պետք է վերլուծել, Արդարադատության խորհուրդը պետք է վեր հանի այդ օրինաչափությունները, թե որտեղ, ինչպես և ինչն է խանգարում դատական իշխանություններին ընդունել և կայացնել ամբողջովին ՀՀ օրենսդրության, այն է՝ արդար դատավարության նորմերին համապատասխան վճիռ, և հետագայում ձեռնարկել այնպիսի քայլեր, որ ոչ թե՝ դատավորին հանելով կամ պատժելով, այլ ՝ ուրիշ միջոցներով կանխարգելել այդպիսինների կրկնությունը։

Այլապես ստացվում է, որ մենք չենք կարողանում դուրս գալ այս իրավիճակից՝ ամեն անգամ թեթև վերաբերվելով այս կամ այն որոշմանը։ Ոչ ոք չի ասում՝ ողբերգություն սարքեք դրանից, այլ բոլորն ասում են՝ ուղղակի կատարեք այդ որոշումներն ու կանխեք հետագաները։

Տեսանյութեր

Լրահոս