Ի՞նչ ազդակներ ունի Թրամփի ուղերձը Փաշինյանին
ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում ամենահետաքրքիր մոտեցումն այն է, որ Թրամփը նշում է, որ «Միացյալ Նահանգներն աջակցում են բարգավաճ, ժողովրդավարական և հարևանների հետ խաղաղ գոյակցող Հայաստանին»: Նման տեսակետ 168.am-ի հետ զրույցում հայտնեց միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը:
«Շատ հետաքրքիր է, հատկապես, եթե հաշվի առնենք, որ ընդամենն օրեր առաջ կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո Մինսկի խմբի հայտարարությունում նշված էր, որ կողմերը պետք է իրենց ժողովուրդներին նախապատրաստեն խաղաղության:
«ԱՄՆ նախագահի ուղերձը հենց դա է, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որ ՀՀ-ն հարևանների հետ խաղաղ գոյակցող լինի: Բնական է, որ այստեղ խոսքն առաջին հերթին՝ Ադրբեջանի մասին է, ոչ թե Թուրքիայի, հատկապես հաշվի առնելով ՄԽ համանախահների հայտարարությունը»,- ասաց Ս.Սարգսյանը:
Երկրորդ կարևոր ազդակը, ըստ նրա, առևտրատնտեսական կապերի խորացումն է, որը չափազանց կարևոր է, որովհետև Թրամփը բիզնես մտածելակերպ ունեցող մարդ է, և նրա համար առաջնահերթություն է հենց բիզնես կապերի զարգացումն ու տնտեսական համագործակցությունը.
«Թրամփն իր մեսիջով հասկացնում է, որ անհրաժեշտ է զարգացնել տնտեսական ու առևտրային հարաբերությունները, մի բան, ՀՀ-ին երկար տարիներ չեն հաջողվել և, կարծես, իշխանափոխությունից հետո նույնպես չի հաջողվում, որովհետև Հայաստան եկող ամերիկյան ներդրումներ չկան, Հայաստանն առևտրատնտեսական առումով վերջին մի քանի ամիսներին հետընթաց է գրանցել, Հայաստանը դարձել է ԱՄՆ-ի թվով 170-րդ առևտրային գործընկերը:
Համեմատության համար ասեմ, որ Ադրբեջանը 107-րդն է: Եթե հաշվի առնենք, որ աշխարհում կան մոտ 190 պետություններ, դրանցից ոչ բոլորի հետ ԱՄՆ-ը ունի առևտրային կամ դիվանագիտական հարաբերություններ, ակնհայտ է, որ կան պետություններ, որոնց հետ ԱՄՆ-ը ուղիղ առևտուր չի անում, օրինակ՝ Իրանը, Կորեան և այլն, սա նշանակում է, որ Հայաստանն ամենաետին դիրքերում է գտնվում ԱՄՆ-ի հետ առևտրի տեսանկյունից: Վստահ եմ, որ Թրամփի ուղերձը միանշանակորեն ճիշտ է ՀՀ-ի համար, և ՀՀ իշխանությունները պարտավոր են այդ ուղղությամբ զարգացնել հարաբերություններն ԱՄՆ հետ»:
Դիտարկմանը, որ Թրամփը չի խոսում ժողովրդավարության մասին, այլ խոսում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին, արդյո՞ք դա նշանակում է, որ ժողովրդավարությունն արդեն հաստատվել է, մնում է կոռուպցիայի դեմ պայքարը, Ս.Սարգսյանը պատասխանեց.
«Ես չեմ կարող ասել, որ ժողովրդավարությունը հաստատված է ընդունվում Միացյալ Նահանգների կողմից, որովհետև ԱՄՆ-ի նորանշանակ դեսպանն իր համար առաջնահերթություն է հռչակել Հայաստանում ժողովրդավարության հաստատումն ու կոռուպցիայի դեմ պայքարը: Սա նշանակում է, որ միգուցե, այո՛, Հայաստանում որոշակի առաջընթաց կա կոռուպցիայի դեմ պայքարում, միգուցե որոշակի առաջընթաց կա ժողովրդավարության հաստատման տեսանկյունից, բայց ամբողջական չի այդ առաջընթացն այն առումով, որ դեռ ինստիտուցիոնալ տեսանկյունից մենք շատ բան ունենք անելու և, կարծում եմ, Միացյալ Նահանգների նախագահի ուղերձը հստակ դրա մասին է խոսում»:
Անդրադառնալով Թրամփի ուղերձում անվտանգության հիշատակմանը՝ Ս.Սարգսյանը նշեց, որ խոսքը համաշխարհային անվտանգության մասին է, ավելի գլոբալ մոտեցում է սա, որովհետև նախորդ ուղերձներում խոսքը գնացել է ՆԱՏՕ-ի կամ ՄԱԿ-ի հովանու ներքո գործող հայ խաղաղապահների մասին, բայց այստեղ հռետորաբանությունը միանշանակորեն փոխվել է.
«Եթե նախկինում շնորհակալություն էին հայտնում ՆԱՏՕ-ում կամ ՄԱԿ-ում մեր առաքելության ներկայության համար, ապա հիմա ձևակերպումն այլ է: Կարծում եմ՝ դա ուղղակիորեն փոխկապակցված է Սիրիայում մեր ներգրավվածության հետ, որը Միացյալ Նահանգների կողմից միանշանակ չի ընդունվել, և կարծում եմ, որ համաշխարհային անվտանգություն ասելով՝ այս մոտեցումը նկատի ունի Թրամփը»: