Պաշտոնական Ստեփանակերտը կոնկրետ գնահատական չի հնչեցնում Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների վերաբերյալ. «Ազատություն»

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարության և դրա ղարաբաղյան արձագանքների շուրջ «Ազատությունը» զրույցել է ԼՂ նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանի հետ:

«Ազատություն» – Պարոն Բաբայան, Ձեր գնահատականն եմ խնդրում Նիկոլ Փաշինյանի՝ երեկ արած բավական կոշտ հայտարարության վերաբերյալ: Փաշինյանը դիմեց Բակո Սահակյանին, որպեսզի նա հորդորի իր կառավարության ներկայացուցիչներին չմեկնաբանել Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումները: Նա նաև անվանական Ձեզ դիմեց՝ ասելով, թե մամուլի խոսնակը օրումեջ մեկնաբանում է իր հայտարարությունները: Ինչպե՞ս եք Դուք գնահատում այս ամենը:

Բաբայան․ – Մենք ընդհանրապես չպետք է շահարկենք Հայաստան – Արցախ հարաբերությունները: Բոլորիս պարտքն է, այդ թվում՝ ամենքս իր տեղում, մեր միասնականությունը ամրապնդելու՝ Հայաստան-Արցախ-Սփյուռք, և կարևորագույն մարտահրավերների մասին չմոռանալը: Դա վտանգներն են, որոնք գալիս են Ադրբեջանի կողմից: Եվ երբևիցե չենք փորձել խարխլել մեր հայկական միասնականությունը: Հետևաբար ես կոչ եմ անում հատկապես լրատվամիջոցներին չշահարկել մեր հայկական միասնականությունը․․․ Մեզ համար գերագույն արժեք է մեր հայոց պետականությունը, մեր միասնականությունը:

«Ազատություն»․ – Այսինքն Դուք չեք ուզում արձագանքել Փաշինյանի այդ հայտարարությանը․․․

Բաբայան․ – Արձագանքում եմ: Ես ասում եմ հետևյալը, որ մեզ համար գերնպատակներ են այս արժեքները:

«Ազատություն»․ – Իսկ Բակո Սահակյանը այս հայտարարության հետ կապված ի՞նչ է ասել, խոսե՞լ է արդեն կառավարության անդամների հետ․․․

Բաբայան․ – Ես կրկնում եմ՝ Արցախի, պաշտոնական Ստեփանակերտի, մեր բոլորիս համար գերնպատակն է որևէ ձևով չխարխլել մեր հայկական միասնականությունը․․․ Ի վերջո, հայոց պետականությունը, նրա անվտանգությունը, մեր միասնականությունը գերագույն արժեքներ են․․․

«Ազատություն»․ – Կարո՞ղ ենք ասել, որ Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաները այլևս չեն մեկնաբանի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները:

Բաբայան․ – Ես էլի եմ ասում՝ մեզ համար միասնականությունը․․․ ես էս եմ պատասխանում:

«Ազատություն»․ – Ձեր կարծիքով, ինչո՞ւ ստեղծվեց այս իրավիճակը:

Բաբայան․ – Իրավիճակը պետք չի շահարկել, բարդեցնել գործընթացները: Ունենք այն, ինչ ունենք: Այսինքն բոլորս էլ աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի մեր միասնականությունը ուժեղանա:

«Ազատություն»․ – Իսկ հնարավո՞ր են պաշտոնանկությունները, որոշակի պաշտոնյաների հրաժարականներ:

Բաբայան․ – Այն բոլոր պաշտոնյաները, ովքեր կխախտեն օրենքը, այն բոլոր պաշտոնյաները, ովքեր իրենց գործունեությամբ խախտում են մեր միասնականությունը և իրենց պրոֆեսիոնալ որակներով չեն համապատասխանի զբաղեցրած պաշտոններին, բնական է, որ նման պաշտոնյաները պիտի դուրս գան, և ուրիշները գան:

«Ազատություն»․ – Դուք խարխլե՞լ եք Ձեր մեկնաբանություններով:

Բաբայան․ – Ո՞նց եք կարծում: Ես խարխլո՞ւմ եմ իմ մեկնաբանություններով, իմ աշխատանքով:

«Ազատություն»․ – Իսկ Հայաստանից որոշակի պաշտոնյաներ այցելե՞լ են Լեռնային Ղարաբաղ՝ այս հարցի շուրջ քննարկումներ կազմակերպելու նպատակով:

Բաբայան․ – Հայաստանի Հանրապետությունից այցելում են պաշտոնյաներ, բայց այլ հարցերի շուրջ: Օրինակ, այստեղ է եղել ոստիկանապետը, մենք սպասում ենք, հիմա կլինի հանդիպում Շավարշ Քոչարյանի հետ և այլ պաշտոնյաների․․․ Բայց այն [այցերը] համագործակցության շուրջ է, այցելում են, ինչպես միշտ, Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ․․․

«Ազատություն»․ – Կարո՞ղ ենք ասել, որ հարթված է արդեն ամեն ինչ այս խնդրի շուրջ, Փաշինյանի բարձրացրած այդ հարցերի, որ նա ասել է, որ Բակո Սահակյանից բացատրություններ եմ պահանջելու:

Բաբայան․ – Բոլոր բաները մի շահարկեք:

«Ազատություն»․ – Ոչ մեկ ոչինչ չի շահարկել: Ընդամենը եղել է Լեռնային Ղարաբաղի պաշտոնյաների կողմից հայտարարություն: Որ ասում եք՝ շահարկում, թյուրիմացություն կարող է ստեղծվել:

Բաբայան․ – Ես չեմ ասում, որ Դուք եք շահարկում: Կան տարբեր ուժեր, որոնք շահարկում են, չէ՞: Ասենք, մեկը դուրս է գալիս, ինչ-որ բաներ է խոսում՝ լինի դա Արցախում, թե այլ տեղից: Էստեղ մարդիկ կան, որ պղտոր ջրում ուզում են ձկներ որսալ: Թույլ չենք տալու:

Տեսանյութեր

Լրահոս