ՀՀ նախագահն ու երկրի տնտեսությունը

Խորհրդարանի արտահերթ ընտրությունները ստվերեցին ամեն ինչ: Տեղեկատվական հոսքերում միայն նախընտրական քարոզարշավ է ու սպորտային լուրեր: Ստուգեք ու ինքներդ կհամոզվեք, որ լրատվամիջոցներում տնտեսական տեղեկատվություն համարյա չկա:

Արդեն մի քանի օր է, դրանք չեն թարմացվում: Միակ տնտեսական լուրն այն է, որ ՀՀ նախագահը Գերմանիայում հանդիպել է տեղի «մի շարք առաջատար ընկերությունների ղեկավարների հետ, որոնք գործունեություն են ծավալում Հայաստանում, կամ հետաքրքրված են Հայաստանի հետ համագործակցությամբ»: ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած այս լուրը բավական լուրջ հեղինակություն ունեցող ընկերությունների ցանկ է հրապարակել, որոնց ղեկավարի հետ հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանը:

Նախագահի արտասահմանյան ուղևորությունների տնտեսական «անհասկանալի» բաղադրիչը ես նկատել էի մի քանի ամիս առաջ: Բոլորս էլ գիտենք, որ նոր օրենսդրությամբ ՀՀ նախագահի պաշտոնն արարողակարգային «երևույթ» է: Բայց երբ սեպտեմբեր ամսին նկատեցի, որ Ֆրանսիա այցելած նախագահը հանդիպել է ՀՀ-ից հեռացած «Օրանժ» ընկերության գլխավոր տնօրենի հետ, որոշեցի առանձնացնել մեր նախագահի արտասահմանյան տնտեսական ոլորտի հանդիպումների տեղեկատվությունը: Դրանք, իհարկե, կարելի է հասկանալ միայն մանրակրկիտ վերլուծության արդյունքում: Որովհետև պաշտոնական հաղորդագրությունները, որպես կանոն, մանրամասներ (եթե խուսափենք «բովանդակություն» բառից) չպարունակող հայտարարություններ են:

Օրինակ, տեսեք՝ մեր երկրից հեռացած ու հեղինակավոր այդ ընկերության ղեկավարի հետ հանդիպման մասին պարզապես նշվում է. «Զրուցակիցները քննարկել են Հայաստանի բիզնես միջավայրին և ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր»:

Ընդունեք, որ իսկապես հետաքրքիր է մեր երկրի ներդրումային հնարավորությունները քննարկել այս ոլորտում բացասական փորձ ունեցող կազմակերպության հետ: Բայց դժվար է հավատալը, որ երկրի նախագահի պաշտոնական այցերի ընթացքում զուտ «տնտեսական» հանդիպումները պարզ մարդկային քմահաճության արդյունք են: Մինչդեռ մեր նախագահի արտասահմանյան հանդիպումներում տնտեսական բաղադրիչն իսկապես նկատելի է: Այս նոյեմբերին ՀՀ նախագահը երեք այց է կատարել:

Նախ` պարոն Սարգսյանն այցելել է Փարիզ (նոյեմբերի 12-13-ը): Այցի մասին նշվում է, որ մասնակցել է ամենամյա մտքերի գագաթաժողովին, ուր «քննարկվում են համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր»: Այնուհետև նախագահը հանդիպել է ռազմաարդյունաբերական ոլորտի հեղինակավոր ձեռնարկությունների, ապա՝ ավիատիեզերական ոլորտի առաջատար մեկ ընկերության ղեկավարների հետ: Չորրորդ հանդիպումն առցանց կրթական հարթակի ղեկավարության հետ է, ապա՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի պաշտոնատարների: Նախագահ Արմեն Սարգսյանի հաջորդ այցն Իտալիա էր (նոյեմբերի 14-17-ը):

Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ նախագահն այստեղ հինգ հանդիպում է ունեցել: Առաջինն այցելել է Իտալիայի ազգային հետազոտությունների խորհրդի նախագահին: Քննարկվել է բարձր տեխնոլոգիաների և բնական գիտությունների ոլորտում հետազոտական փոքր խմբեր ստեղծելու հեռանկարը: Ապա նախագահը մասնակցել է «Թվային աշխարհաքաղաքականության նոր սահմաններ` աճ և ազգային անվտանգություն» գիտտաժողովին: Սա կարելի է համարել տնտեսական հեռանկար ունեցող գիտաժողով, կարելի է չհամարել:

Բայց մեր նախագահի հաջորդ հանդիպումն Իտալիայի կառուցապատողների ազգային ասոցիացիայի ներկայացուցիչների հետ էր: Իսկ մյուսը` ռազմաարդյունաբերության ոլորտում առաջատար ընկերություններից մեկի` «Լեոնարդո» ընկերության գործադիր տնօրենի հետ: Այ, հաջորդ հանդիպումն արդեն զուտ արարողակարգային էր: Հետևաբար՝ համարյա ոչ մի իմաստով հետաքրքրություն չէր ներկայացնում: Մեր նախագահը հանդիպել էր Իտալիայի նախագահի հետ: Իտալիայի նախագահի պաշտոնը շա՜տ արարողակարգային է: Սովորաբար նույնիսկ փորձագետ-քաղաքագետները դժվարությամբ են հիշում (եթե, իհարկե, հիշում են) Իտալիայի նախագահի ազգանունը: Եթե չեմ սխալվում՝ իտալական օրենսդրությամբ այդ երկրի նախագահը ոչ արարողակարգային երկրի քաղաքական կյանքին խառնվելու մեկ գործառույթ ունի` այն պահին, երբ խորհրդարանը չի կարողանում կառավարություն ձևավորել: Երրորդ այցն արդեն Գերմանիա է:

Երկրի բարձրագույն ղեկավարների հետ հանդիպելուց բացի, պարոն Սարգսյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության միջազգային համաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկմանը: Այլ հանդիպումներից զատ, կա ևս մեկը, որ բացառապես տնտեսական կարող է որակվել: Խոսքը գերմանական առաջատար ընկերությունների ղեկավարության հետ վերը հիշատակված հանդիպման մասին է: Այդ հանդիպման կազմակերպմանը մեր դեսպանատան և գերմանական մեկ ընկերության հետ մասնակցել է «Արևելյան Եվրոպա. Մանր ու միջին տնտեսվարողների միությունը»:

Մասնակցող ընկեությունները հարգարժան են` «Սիմենս», «Ցեպլին», ՍԱՊ, «Նոկիա», «Շնայդեր գրուպ», «Էյրբաս գրուպ»: Ասեք, որ մեր նախագահի տնտեսական բնույթի հանդիպումներն իսկապես ինքնատիպ են: Հետևաբար՝ դրանց անդրադառնալը, վերլուծելն ու հասկանալը կարևոր են: Ոչ միայն այն պատճառով, որ երկրի քաղաքական ու տնտեսական ղեկավարությունը դեպքերի բերումով մինչև ականջները խրված են ու դուրս չեն գալիս ներքին` քաղաքական ու քաղաքականամերձ խնդիրների ճահճից:

Եթե սխալվում եմ` ուղղեք:

Տեսանյութեր

Լրահոս