Հարկային ստվե՞ր, չէ՛, չենք լսել…
Երեկ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի 3-րդ օրն էր, սակայն փոխադարձ քննադատությունների և արդարացումների ֆոնին, ցավոք, քաղաքական ուժերի կողմից ծրագրային պայքար դեռևս չի նկատվում: Ելույթներում և հարցազրույցներում գերակշռում են քաղաքական և էմոցիոնալ մեկնաբանությունները, ինչի արդյունքում քաղաքացիներին չի ներկայացվում այն ծրագիրը, հանուն որի իրագործման քաղաքացին պետք է իր ձայնը տա այս կամ այն քաղաքական ուժին:
Քարոզարշավի ընթացքում ծրագրային դրույթների բացը, կարծես, լրացնում է համացանցը, և քաղաքական ուժերը մեկը մյուսի հետևից իրենց կայքերում հրապարակում են ծրագրային փաթեթները, քաղաքականության հիմնական շեշտադրումներն ու մոտեցումները: Առավել հետաքրքրական են ծրագրերի տնտեսական քաղաքականությանն ուղված բաղադրիչները, որոնք ըստ էության պետք է մատնանշեն առաջիկա 5 տարիների տվյալ քաղաքական ուժի տնտեսական զարգացման տեսլականը:
Այս առումով նախընտրական գործընթացում առաջինը ՀՀԿ-ն էր, որը նախքան քարոզարշավի մեկնարկը հրապարակեց իր հայեցակարգը, որտեղ անդրադարձավ արձանագրված հաջողություններին և անելիքներին: Նման ծրագրային փաթեթ ունեն նաև ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն և այլք, սակայն ամենամեծ կարևորությունն այստեղ, անկասկած, հանդիսանում է գործող իշխանության՝ «Իմ քայլի», ծրագիրը՝ հաշվի առնելով նաև հնչող այն կանխատեսումները, որ հենց գործող իշխանությունն ունի հաղթելու ամենամեծ շանսերը: Թե ինչ ծրագրեր ու բարեփոխումներ է նախատեսում իրականացնել «Իմ քայլը» դաշինքն ընտրություններում հաջողելու պարագայում, կանդրադառնանք առանձին, սակայն ծրագրի ընդհանուր ուսումնասիրությունից պարզ դարձավ մի բան, որը, թերևս, չի տեղավորվում գործող կառավարության ելույթների, հայտարարությունների համատեքստում:
Բանն այն է, որ ներկայացված ծրագրային փաթեթի 44 էջերում չկա ոչ մի խոսք ստվերի դեմ պայքարի և հարկային ստվերի կրճատման մասին: Սա՝ այն պարագայում, երբ թեման մշտապես թմբկահարվել է Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի կողմից:
Դեռևս հունիս ամսին, երբ Ն. Փաշինյանը ներկայացնում էր ՊԵԿ նոր նախագահին, իր ելույթի հիմնական շեշտադրումը հետևյալն էր՝ ՊԵԿ-ը պետք է նաև ապահովի ստվերային տնտեսության շարունակական կրճատումը։ Նրա կարծիքով՝ ոլորտում առկա է երկու հիմնական խնդիր, որոնք առաջիկայում պետք էր լուծել: «Առաջինը՝ չխանգարել տնտեսությանը և տնտեսվարողներին, երկրորդը՝ ապահովել ստվերային տնտեսության շարունակական կրճատումը և բյուջեի եկամտային մասի անշեղ իրագործումը, բյուջեի եկամտային մասի մեծացումը»: Երբ սրանից ամիսներ անց հրապարակվեց «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը, և ներկայացվեց հարկեր/ՀՆԱ ցուցանիշի սպասվող դինամիկան, բազմաթիվ տնտեսագետներ, այդ թվում՝ Հրանտ Բագրատյանը, այդ ցուցանիշի սպասվող անկումը բնութագրեցին՝ որպես ստվերի և կոռուպցիայի դեմ պայքարի բացակայություն:
Ավելին, ըստ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի՝ ստվերի վերաբերյալ գնահատականը հանդիսանալու է ՊԵԿ գործողությունների անկյունաքարը: Այդ նպատակով ՊԵԿ-ում ստեղծվել էր աշխատանքային խումբ, որը, ըստ ՊԵԿ նախագահի՝ պետք է իրականացներ ստվերի գնահատում, և դրա հիման վրա մշակվեր գործողությունների ծրագիր այդ ստվերը կրճատելու ուղղությամբ:
Ստվերի կրճատման մասին 2019 թ. «Պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն ԱԺ-ում ներկայացնելիս իր ծրագրային ելույթում խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը՝ նշելով. «Առանց, հարկային մարմինների վարքագծի փոփոխության մենք լուրջ խնդիրներ կունենանք, որովհետև, ըստ էության, մենք ասում ենք՝ պայքար կոռուպցիայի դեմ, պայքար ստվերի դեմ: Իհարկե, կառավարությունը վճռական է այս պայքարն իրականացնելու առումով, բայց, այնուամենայնիվ, ի՞նչ է ստվերը, ստվերը չվճարված հարկ է: Կապ չունի՝ դա 1 դրամ է, 2 դրամ է, 10, թե 1 միլիոն դրամ է»:
Երբ այս և մնացած բոլոր համանման հայտարարությունների ֆոնին դիտարկում ենք ներկայացված ծրագիրը, ստացվում է հետևյալ պատկերը՝ հարկային ստվե՞ր, չէ՛, չե՛նք լսել:
Մայիս ամսից սկսած, արդեն գրեթե 7 ամիս գործող իշխանությունը համարյա բոլոր մակարդակներում խոսում է հարկային ստվերի կրճատումից (դեռ չենք անդրադառնում Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ հնչեցրած մտքերին), սակայն արի ու տես, որ նախընտրական ծրագրի մեջ այս մասին որևէ խոսք չկա: Այս հանգամանքներից ելնելով՝ կարող ենք կատարել առավելագույնը 2 եզրակացություն.
Առաջին: «Իմ քայլը» դաշինքի ծրագրի հեղինակները մոռացել են 44 էջանոց ծրագրում գոնե մեկ տողով նշել ստվերի դեմ պայքարի մասին: Սա, իհարկե, կնշանակի՝ պրոֆեսիոնալիզմի բացակայություն, որովհետև 6 ամիս շարունակ խոսել մի բանի մասին, և ծրագրի մեջ այն չներառել, թերևս, անտրամաբանական է:
Երկրորդ: Այս 6 ամիսների ընթացքում Փաշինյանի թիմը հասկացել է, որ առաջիկա 5 տարիներին այս ուղղությամբ էական հաջողություններ չի կարողանալու արձանագրել, և որոշել է այս դրույթը չներառել ծրագրում՝ այդպիսով իրենց համար ստեղծելով ալիբի՝ չենք խոստացել, ուրեմն մի սպասեք:
Թե այս երկու տարբերակներից ո՞րն է գործել դաշինքի ծրագրի կազմման պարագայում, և որտե՞ղ է անհետացել ստվերի դեմ պայքարը, թերևս, ավելի լավ կլինի ասեն հեղինակները: Իսկ առհասարակ ավելի լավ կլինի փորձեն խմբագրել ամբողջ ծրագիրը, որովհետև սա ընդամենը դրույթներից մեկն է, որ հպանցիկ ուսումնասիրության ընթացքում ի հայտ եկավ: Մնացած բաղադրիչներին դեռևս կանդրադառնանք:
Հայկ Բեջանյան